Խծաբերդում գերեվարված շիրակցի պահեստազորայինների հարազատներն այս պահին բողոքի ակցիա են անում Գյումրիում ռուսական հյուպատոսարանի շենքի դիմաց՝ ռուսական կողմից պահանջելով ապահովել իրենց հարազատների ազատ արձակումը, քանի որ, ըստ նրանց, տղաները գերեվարվել են ռուսական խաղաղապահ ուժերի հսկողության տակ գտնվող տարածքում ու նրանց թողտվությամբ։
Գերիների հարազատների ձեռքին պաստառներ են՝ « Ո՞ւր էիք, ռուս խաղաղապահներ», «Վերադարձրեք մեր տղաներին»
Factor.am-ը հյուպատոսատարանի աշխատակիցներից մեկի խոսքերն է մեջբերում, ըստ որի՝ հյուպատոսն այս պահին շենքում չէ, գերիների հարազատներին նա առաջարկում երեք հոգանոց խումբ կազմել ու ժամը 14.00-ից հետո գալ և հանդիպել իրեն։ Բողոքողները հայտարարեցին, որ կսպասեն, չեն հեռանա, մինչև հյուպատոսը չգա, իրենց պահանջը չլսի։
Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հադրութի շրջանի Հին Թաղեր-Խծաբերդ հատվածից գերեվարված զինծառայողները, «առհասարակ՝ Ադրբեջանում այսօր պահվող գերիների 90 և ավել տոկոսը գերեվարվել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում»։