Վրացական կողմի ակտիվ շինարարական աշխատանքների ու ջանքերի շնորհիվ քիչ առաջ Լարսում վերականգնվել է երթևեկությունը, ճանապարհը բաց է, երկուշաբթի ուշ երեկոյան Ֆեյսբուքում գրել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղարը:
Լարսը հունիսի 26-ից փակ էր։ Հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով Թերեք գետի վարարման պատճառով վնասվել էր միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը։
Թե երբ կվերակագնվի ճանապարհը՝ պաշտոնապես չէր նշվում․ մամուլում խոսում էին 5-ից 20 օրվա մասին։ Հայաստանում (հատկապես՝ գյուղապրանքների մթերմամբ և արտահանմամբ զբաղվողները) ահազանգում էին, որ եթե խնդիրը ձգձգվի՝ ծիրանը փչանալու է, գյուղացիներն էլ «տակ են տալու»։