Լարսը՝ Հայաստանը Ռուսաստանին կապող միակ հասանելի ճանապարհը, երեկվանից փակ է․ Թերեք գետը դուրս է եկել ափերից և վնասել միջազգային նշանակության մայրուղու շուրջ 80 կիլոմետրանոց հատվածը։
Էկոնոմիկայի նախարարությունից վստահեցնում են, որ ճանապարհի բացման ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում։ Ժամկետներ չեն նշվում։ ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի տեղեկություններով, ճանապարհը կվերակագնվի մեկշաբաթյա ժամկետում։ Ռուսաստանյան և վրաստանյան մամուլը տարբեր թվեր է նշում, խոսվում է 5-20 օրվա մասին․․․
Ռուսական կողմում շուրջ 700, իսկ վրացական կողմում՝ մոտ 300 հայկական բեռնատար է մնացել։ Գյուղատնտեսական սեզոն է, ամենաշատ արտահանվող ապրանքը ծիրանն է, որը սպասման այս ընթացքում կարող է փչանալ։ Տուժելու են և՛ գյուղացիները, և՛ արտահանողները, և՛ բեռնափոխադրողները․․․
«Մթերողները, ֆուռերը, որոնք բերքը Մոսկվա են տանում, ասել են՝ մի հավաքեք էլ։ Արկղեր չեն տալու, այսինքն՝ մեզնից չեն առնելու։ Ասել են՝ մի շաբաթ սպասեք, մինչև երևա», – Epress.am-ի հետ զրույցում նշել է ֆերմեր Աշոտ Կիրակոսյանը։
Ամեն ֆուռը մինչև 20 տոննա ապրանք էր տանում։ Այս տարի բերքը շատ էր՝ գներն առանց այն էլ իջել էին։
«300 դրամով էին առնում։ Խոսքը լավագույն, ամենախոշոր ծիրանի մասին է, որը հիմնականում գնում է արտասահման՝ Ռուսաստան։ Ծիրանը շուտ փչացող ապրանք է։ Եթե չհավաքենք, մի քանի օրում կիսահասածից կհասնի գերհասած վիճակի, որը պիտանի չէ արտահանման։ Սառնարանների մեջ էլ երկար պահել չի ստացվի (մինչև 15 օր)։ Մարդիկ ստիպված են լինելու կոնսերվի գործարան հանձնել, լավագույն դեպքում՝ կիլոն 50 դրամով։
Բայց պահածոների գործարանն էլ քիչ է ընդունում՝ ամբողջը չի ընդունի։ Ներքին շուկան բավարար չէ։ Գներն էլ արդեն իջնում են․․․»։
Եթե ճանապարհի հարցը չլուծվի, գյուղացիները «տակ են տալու»։ Մեծ վնասներ կկրեն նաև արտահանողները։ Անգամ եթե կառավարությունը սուբսիդավորում սահմանի, կորուստներն ամբողջությամբ չեն փոխհատուցվի։
Լարսի ճանապարհը Հայաստանն արտաքին աշխարհին կապող փոքրաթիվ անոթներից մեկն է, ապրանքաշրջանառության տեսանկյունից՝ ամենակարևորը։ Բեռնափոխադրումների մեծ մասը իրականացվում են լեռնային այս նեղ «միջանցքով», որը եղանակային պայմանների և բնական գործոնների բերումով պարբերաբար փակվում է։ Խցանումներն ու հսկայական հերթերը մշտական բնույթ են կրում․ վերջին շրջանում խնդիրը սրվել է նաև ռուս-ուկրաինական պատերազմի, Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով։ Շաբաթներ առաջ խոսվում էր արդեն հազարավոր ֆուռերից բաղկացած հերթերի մասին։ Ճանապարհի վերագործարկումից հետո հերթերը, հավանաբար, էլ ավելի կմեծանան։
«Մեր երկու բեռնատար ավտոմեքենաները, որոնց մեջ ընդհանուր առմամբ կար 30 տոննա ծիրան, Վրաստանում են մնացել: Այս տարի արդեն 100 տոննայից ավել արտահանել էինք։ Այժմ ստիպված ենք կանգնեցրել բերքահավաքը․․․ Կապի մեջ ենք մեր մյուս գործընկերների հետ, և այս խնդիրը համատարած է», – news.am-ին ասել է «Ագրոտորգ» արտահանող ընկերության տնօրեն Վադիմ Գորդիենկոն:
Եթե խնդիրը 3-4 օրում լուծվի, բեռնատարները կարող են սպասել, իսկ եթե ձգձգվի՝ ստիպված կլինեն հետ բերել բերքը և չիր պատրաստել:
«Առհասարակ՝ Լարսը ենթակառուցվածքային շատ խնդիրներ ունի: Վրացական կողմի հետ խնդիրների գրեթե չենք բախվում, իսկ Ռուսաստանի կողմից միշտ տարբեր տեսակի խնդիրներ են լինում:
Այլընտրանքային ճանապարահը պարտադիր է կամ թեկուզ այլ վերջնական լուծում պետք է լինի», – նշել է գործարարը։
Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին Հայաստանը Ռուսաստանին կապող այլընտրանքային ճանապարհները (անցնում են Ադրբեջանի տարածքով) շրջափակվել էին, Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ապաշրջափակմանն ուղղված գործընթաց է մեկնարկել․ նախատեսվում է, որ Հայաստանը կվերաբացի Ադրբեջանը Նախիջևանին և Թուրքիային կապող, իսկ Ադրբեջանը՝ Հայաստանը Ռուսաստանին և Իրանին կապող ճանապարհները։ Հստակ պայմանավորվածություն դեռևս չկա, ժամկետները հայտնի չեն։
թարմացում․ Հունիսի 17-ի ուշ երեկոյան Լարսը բացվել է։