Հադրութի շրջանի Հին Թաղեր-Խծաբերդ հատվածից գերեվարված զինծառայողները, առհասարակ՝ Ադրբեջանում այսօր պահվող գերիների 90 և ավել տոկոսը գերեվարվել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում։
Պատասխանելով գերիներից մեկի քրոջ՝ Լուսինե Միքայելյանի հարցին, այսօրվա ասուլիսին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
2020-ի եռակողմ հայտարարությունից հետո ինչու էին շիրակցի պահեստազորայինները «հայտնվել այդ գյուղերում, եթե դրանք հանձնված էին»․ Փաշինյանը պատասխանել է՝ «այդ տարածքները հանձնված չեն եղել»։
«Այդ տարածքները դե յուրե պիտի լինեին ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի՝ նրանց վերահսկողության ներքո։ Եվ եռակողմ հայտարարության հիման վրա զինվորները, զինված ուժերը մնացել են այն դիրքերում, որոնցում կային։
․․․Այն ժամանակ ես նաև ռուս խաղաղապահների հրամանատարի հետ եմ մի քանի անգամ այս թեման քննարկել, ընդհուպ Ռուսաստանի նախագահի հետ եմ այս թեման մի քանի անգամ քննարկել։ Այդ ժամանակաշրջանում այդ տարածքը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է՛ր։ Հետո, կհիշեք, այդ ժամանակաշրջանում, երբ նրանք քարտեզներ էին հրապարակում, մի քանի անգամ այդ տարածքները ընգրկվեցին, հետո հանվեց, հետո ընգրկվեցին ու էլի հանվեցին [խաղաղապահների պատասխանատվության գոտուց], ինչը անհասկանալի էր», – պարզաբանել է վարչապետը։
Գերիներին չվերդարձնելու՝ Ադրբեջանի քաղաքականույթունը, ըստ նրա, նպատակ ունի վարկաբեկել Լեռնային Ղարաբաղում և Լաչինում խաղաղապահների գործունեությունը։
Ըստ նրա, և՛ հայկական կողմը, և՛ Ռուսաստանն ու միջազգային հանրությունը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրեն՝ ապահովելու գերիների հայրենադարձումը․ քննարկումները շարունակվում են, հարցը բարձրացնում են ոչ միայն աշխատանքային, այլև հրապարակային հարթակներում։
Բրյուսելյան պայմանավորվածությունը․ ինչո՞ւ գերիները չվերադարձան
Փաշինյանը հաստատել է՝ ապրիլի սկզբին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ադրբեջանի ղեկավարը Եվրոպական խորհրդի նախագահի ներկայությամբ խոստացել էր, որ գերիների մի խումբ կվերադառնա Երևան։ Հետագայում պայմանավորվածությունը խախտվել է, ինչը արձանագրվել է Բրյուսելում տեղի ունեցած հաջորդ հանդիպման ընթացքում։
Իլհամ Ալիևը փորձ է արել ինչ-որ խոստում վերագրել նաև Հայաստանի վարչապետին՝ ապաշրջափակվելիք կոմունիկացիների երթուղու կոորդինատների մասով։ Նման խոստում, ըստ Փաշինյանի, չի տվել և չէր էլ կարող տալ, քանի որ ճանապարհների օգտագործման, սահմանների հատման իրավական ընթացակարգերի շուրջ (ինչպես պետք է իրականացվի, օրինակ, անձնագրային, մաքսային հսկողությունը, ինչ հայտարարգրեր պետք է լրացվեն, ինչ վճարներ պետք է վճարվեն և այլն) լիարժեք համաձայնություն դեռ չկա։ Այնուամենայնիվ, գերիների համաձայնեցված վերադարձը տեղի չի ունեցել։
Ըստ պաշտոնապես հաստատված տեղեկությունների, Ադրբեջանում մինչ այժմ 38 գերի է պահվում։
Միջազգային ատյաններում դատական գործեր կան, որոնք վերաբերում են նաև բռնի անհետացածներին՝ մարդկանց, որոնց գերեվարման մասին վկայույթուններ կան, բայց որոնց գերեվարման փաստը առ այսօր չի հաստատվել։
Երբ կվերադառնան գերիները՝ դեռևս հստակ չէ։
«Շատ հաճախ, երբ ես շփվել եմ գերեվարված մեր հայրենակիցների հարազատների հետ և նրանք ակնկալել են, որ ես կոնկրետ ժամկետ ասեմ՝ երբ տեղի կունենա նրանց վերադարձը, ես խուսափել եմ ժամկետներ նշելուց։
Որովհետև մի դեպք եմ ունեցել դրանից առաջ, երբ որ կոնկրետ պայմանավորվածություն կար՝ օրով, ժամով, գործող անձանցով, և ես անզգուշություն ունեցա հարազատների հարցին ի պատասխան ասել, որ այ էսինչ օրը դա տեղի կունենա։ Հետո ինչ-ինչ պատճառներով այն տեղի չունեցավ։ ․․․Միշտ ինչ-որ բան կարող է այնպես չգնալ, և դա հարազատների և մեզ համար կրկնակի ծանր բեռ է դառնում, չնայած առանց այդ էլ բեռը ծանր է», – ասել է Փաշինյանը՝ կրկին հիշեցնելով ապրիլի 6-ի բրյուսելյան պայմանավորվածության մասին, որը այդպես էլ չիրագործվեց։