Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնելու վերաբերյալ։
Հայաստանի տարածքում 300 հազար դրամը գերազանցող օրենքով սահմանված գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով: Ընդ որում՝ առանձին գործարքների, օրինակ՝ կրթաթոշակների, պետական գնումների, բժշկական, կրթական, նոտարական, փաստաբանական, այդ թվում՝ խորհրդատվական ծառայությունների դիմաց կատարվող վճարների մասով, սահմանվել է դրանք ամբողջությամբ անկանխիկ իրականացնելու պահանջ։ Անկանխիկ են լինելու նաև աշխատավարձերը, բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերը և փոխառությունները: Տրամադրված փոխառությունների մարումը, ապահովագրական հատուցումները ևս կատարվելու են անկանխիկ եղանակով:
ԿԲ-ն հայտնում է, որ Հայաստանում աշխատող առևտրային բանկերից երկուսը՝ Ակբան և Ամերիան, իրականացրել են համապատասխան մեծածավալ ներդրումներ և աշխատանքներ՝ շահառուների մոտ ՀԴՄ սարքերի միջոցով անկանխիկ վճարումներ ընդունելու համակարգի ակտիվացման նպատակով։ «Կարող եք դիմել նշված բանկեր համապատասխան ծառայությունները ստանալու համար: Միաժամանակ այն հարկ վճարողները, ովքեր մինչ օրս չեն ունեցել նման հնարավորություն, ևս կարող են օգտվել նշյալ համակարգից՝ հնարավորինս նվազագույն սակագներով»:
Նշյալ տեղեկատվության մասին հարկ վճարողները համապատասխան ծանուցում կստանան նաև Պետական եկամուտների կոմիտեի «Հարկատու-3» տեղեկատվական հարթակի միջոցով: Ընդ որում՝ համապատասխան ծանուցումը ստանալուց և սպասարկող բանկի մասին տեղեկանալուց հետո ՀԴՄ սարքի վրա ծրագրի ակտիվացումը կատարվելու է բանկի կողմից:
Օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել անկանխիկ գործառնությունների համար միջնորդավճարների առավելագույն և նվազագույն սահմանաչափերը, ինչպես նաև դրանց վճարման դեպքերը, կարգը և պայմանները: Այս առումով, Կենտրոնական բանկը պարբերաբար վերլուծելու է ՀՀ բանկերի կողմից գանձվող միջնորդավճարների սահմանաչափերը և աշխատանքներ է իրականացնելու դրանց օպտիմալացման ուղղությամբ: Շրջանառության ծավալների մեծացմանը զուգընթաց սպասվում են սակագների հետագա վերանայումներ՝ նվազման ուղղությամբ: