Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից մեկը՝ Walnort Finance Limited-ը 1 միլիարդ 2 միլիոն դոլարի արբիտրաժային հայց է ներկայացրել Հայաստանի դեմ։ Հայցը վերաբերում է այն գործարքներին, որոնցով պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետեր է դարձել նաև Հայաստանի կառավարությունը: Walnort Finance Limited-ը պնդում է, որ դրանք խախտել են իր իրավունքները։
Սա Հայաստանի դեմ ամենախոշոր արբիտրաժային հայցն է։ Համաշխարհային բանկի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնն այն արդեն գրանցել է:
Walnort Finance Limited-ը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում 12.5 տոկոս բաժնեմաս ունի։ Երբ Պղնձամոլիբդենային կոմբինատի 75 տոկոսի հիմնական բաժնետերը՝ գերմանական Cronimet ընկերությունը վաճառում էր իր բաժնետոմսերը, ըստ Walnort Finance Limited-ի՝ իրենց պիտի տրվեր այդ ակտիվները ձեռք բերելու նախապատվության իրավունք, սակայն իրենք չեն կարողացել այդ իրավունքից օգտվել:
2021 թվականից սկսած կոմբինատի բաժնետոմսերի հիմնական մասը՝ հիշատակված 75 և ևս 12.5 տոկոսը, երկու փուլով գնել են ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի հետ կապված ընկերությունները։ Այս երկու գործարքներից հետո Տրոցենկոն կառավարությանն է «նվիրել» ընդհանուր առմամբ կոմբինատի 21.8 տոկոս բաժնեմասերը: Ինչի՞ դիմաց է մասնավոր ընկերությունը նման շռայլ նվեր անել պետությանը՝ պարզ չէ։
Walnort Finance Limited-ն Հայաստանի կառավարությանն այժմ մեղադրում է իրենց ներդրումային հնարավորությունը խաթարելու մեջ։ Ընկերության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ իրենց իրավունքները խախտվել են «Կառավարության կողմից քաղաքական դրդապատճառներով իրականացված արշավի հետևանքով, որը նպատակ է հետապնդել Զանգեզուրի Կոմբինատում զգալի բաժնեմաս ձեռք բերել»։ Կառավարությունն այս մեղադրանքներին դեռ չի արձագանքել։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» Փակ Բաժնետիրական Ընկերությունում Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերություններ է՝ համար մեկ հարկատուն։
«Սիվիլնեթ»-ի լրագրող Մկրտիչ Կարապետյանը պարզել էր, որ մինչև 2018 թվականը Walnort Finance Limited-ի բաժնեմասերը կապվում էին Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մերձավորների հետ, 2018 -ից հետո դրանք անցնում են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հորեղբոր որդիների հետ կապված ընկերությանը: 2020 թվականի գարնանը բաժնեմասերն անցնում են Վանեցյանների բիզնես գործընկեր Ռուսաստանի առողջապահության նախկին նախարար, Ուկրաինայում Ռուսաստանի նախկին դեսպան Միխայիլ Զուրաբովին: 2023-ին Զուրաբովն իր բաժնեմասերը փոխանցում է շվեյցարական Bell Capital իրավաբանական ընկերությանը, որը մասնագիտացած է հենց արբիտրաժային գործերում։
Հետաքննող լրագրողը դեռ անցած տարի ենթադրել էր, որ կառավարության դեմ արբիտրաժային վարույթ է նախապատրաստվում:
Հայաստանի պետբյուջեն մոտ 8 միլիարդ է կազմում։ Եթե արբիտրաժային դատարանը բավարարի այս հայցը, դա շատ լուրջ տնտեսական հետևանքներ է ունենալու պետության համար։