Հունաստանում տրանսպորտային աշխատողները, բժիշկները, ուսուցիչները և բանվորները միացել են համազգային գործադուլին։ Պահանջում են ավելի լավ կենսապայմաններ և բարձր աշխատավարձ։ Գործադուլի հետևանքով հունական նավահանգիստներում խցանումներ են առաջացել, խաթարվել է երկաթուղիների և տրանսպորտային այլ ենթակառուցվածքների գործունեությունը։
2009-2018 թվականների հունական մեծ տնտեսական ճգնաժամից հետո, որը երկիրը գրեթե դուրս էր մղել եվրագոտուց, Հունաստանի մեծ մասի աշխատավարձերն ու թոշակները կտրուկ կրճատվել էին։ 2018-ից ի վեր երկրի տնտեսությունը վերականգնվում է։ Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի աջ ցենտրիստական կուսակցության ձևավորած կառավարությանը հաջողվել է չորս անգամ բարձրացնել նվազագույն աշխատավարձը, որն այժմ 830 եվրո է կազմում՝ հարկերը ներառյալ։ Իշխանությունները խոստացել են մինչև 2027 թվականը այդ թիվը հասցնել 950-ի։
Քաղաքացիները, սակայն, պնդում են, որ աշխատավարձերը միևնույն է չեն հերիքում, քանի որ էլեկտրաէներգիան, սննունդն ու կենցաղային անհրաժեշտության մյուս ապրանքներն ավելի արագ են թանկանում։
Գործադուլը կազմակերպվել էր կառավարության կողմից 2025 թվականի բյուջեի հաստատմանն ընդառաջ։ Այսօր քննարկման է ներկայացվել վերջնական տարբերակը։ 300 պատգամավորանոց խորհրդարանը բյուջեն հաստատելու է մյուս ամիս։
2.5 միլիոն անդամ ունեցող GSEE-ն՝ Հունաստանի ամենախոշոր մասնավոր սեկտորի աշխատողների արհմիությունը, կառավարությանը կոչ է արել գործողություններ ձեռնարկել օլիգոպոլիաների դեմ, որոնք փոխադարձ համաձայնությամբ պարբերաբար բարձրացնում են գները։
Նոյեմբերի 18-ին վարչապետ Միցոտակիսը խոստովանել էր, որ աշխատավարձերի և մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հետ կապված բարելավման տեղ կա։ Նա ևս մեկ անգամ Եվրամիությանը կոչ է արել վերանայել էլեկտրաէներգիայի գների անհամապատասխանությունները։ Այս պահին հույները հոսանքի համար վճարում են անհամեմատ ավելի շատ, քան դաշինքի անդամ մյուս երկրները։