Home / Շուկա / Բանվորները ոտքի են հանում ղազախստանցիներին. ձերբակալվածներին ազատել են

Բանվորները ոտքի են հանում ղազախստանցիներին. ձերբակալվածներին ազատել են

Ժանաոզենից Աստանա եկած նավթագործների ձերբակալությունից հետո հազարավոր մարդիկ բողոքի ցույցերի են դուրս եկել նաև Մանղստաու մարզում։ Ղազախստանի արևմուտքում գտնվող նավթային քաղաքում պարբերաբար պրոտեստներ են․ ամենահարուստ ռեգիոնի բնակիչները բողոքում են աղքատությունից և աճող գործազրկությունից։

Աշխատանքից զրկված նավթագործները մայրաքաղաքում նստացույց էին անում։ Տասնյակ մարդիկ գիշերել են Էներգետիկայի նախարարության առաջ։ Ապրիլի 11-ին ոստիկանության հատուկ ջոկատայինները 126 հոգու բերման են ենթարկել, ինչից հետո հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել նաև Ժանաոզենում և Ակտաուում․․․

ցույցեր արևմուտքում

Ապրիլի 12-ի գիշերը Մանղստաուում անհանգիստ էր։ «Ազատտիկը» գրում է, որ հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց՝ աջակցելու հայրենակիցներին, որոնց ապրիլի 11-ին բռնի ուժի կիրառմամբ ձերբակալել էր մայրաքաղաքի սպեցնազը։ Նրանք պահանջում էին ազատ արձակել Ժանաոզենի նավթագործներին, որոնք մայրաքաղաք էին գնացել՝ էներգետիկ ոլորտի պաշտոնյաների հետ բանակցելու։

— Բաց թողեք մեր եղբայրներին, – վանկարկում էին Ժանաոզենի հրապարակում հավաքված մարդիկ։

Մայրուղին փակած ցուցարարներն առավոտյան բերման են ենթարկվել։ Նրանք տարել են ոստիկանություն, կարճ ժամանակ անց՝ ազատ արձակել։

Ցույցերի ժամանակ քաղաքում խափանվել է ինտերնետ կապը։ Որոշ տեղերում նաև լույս չկար։

առանց սոցփաթեթ

Երեկ երեկոյան Աստանայի ոստիկանության հատուկ ջոկատայինները ուժի կիրառմամբ բերման են ենթարկել էներգետիկայի նախարարության մոտ նստացույց անող տասնյակ բանվորներին՝ «ԲերԱլի Մանղստաու Քոմփանի» նավթասերվիսային ընկերության նախկին աշխատակիցներին։ Մինչ այդ նրանք գիշերել են նախարարության մոտ՝ հանդիպում պահանջելով ոլորտի պատասխանատուների հետ։ Ապրիլի 10-ին նրանց ընդունել հրաժարվել են, նախարարության աշխատակիցներից ոչ ոք ցուցարարների հետ հանդիպման չի իջել։

Նավթագործները ապրիլի 1-ից գործազուրկ են։ Մասնավոր ընկերությունը, որում նրանք աշխատում էին, զրկվել է թենդերից և կրճատումներ արել։ Նրանք սկսել են հավաքվել Ժանաոզենի աքիմաթի մոտ։

Արդեն ապրիլի 11-ին աշխատավորների ներկայացուցիչներին հրավիրել են բանակցությունների, որոնք անարդյունք են անցել։ 

01000000-0aff-0242-b0e9-08db3a7361c3_w1023_s

«ՂազՄունայԳազ» ազգային ընկերությունից, որի դուրս «Օզենմունայգազը» Մանղստաուում է գործում, հաղորդել են, որ նավթագործներին առաջարկվել է ժամանակավոր աշխատանքի անցնել այլ մասնավոր ընկերություններում։ Ժանաոզենցիները հրաժարվել են։ Նրանք մշտական աշխատանք են պահանջում։

Մարդիկ պնդում են, որ ազգային «Օզենմունայգազում» նույնանման աշխատանքի համար ավելի շատ են վճարում, քան կապալառու մասնավոր ընկերություններում, որոնց աշխատողները պաշտպանված չեն կրճատումներից և նույնիսկ սոցփաթեթ չեն ստանում։

«փողոցում գիշերելը մարդկանց ընտրությունն է»

Ղազախստանի էներգետիկայի նախարար Ալմասադամ Սաթկալիևը ժանաոզենցիների գործողությունները գնահատել է որպես իշխանությունների կողմից չարտոնված «կազմակերպված» պիկետ։

— Ըստ իս, այս ակցիան կազմակերպվել է ուշադրություն գրավելու, աժիոտաժ ստեղծելու, միգուցե՝ պետական գերատեսչության գործունեությունը խաթարելու համար, – ապրիլի 11-ի կառավարության նիստից հետո հայտարարել է Սաթկալիևը։

01000000-0aff-0242-481f-08db3a6e64c9_w1023_s

Ինչո՞ւ չինովնիկներից ոչ մեկը դուրս չի եկել նավթագործների մոտ, որոնք ստիպված են եղել գիշերել նախարարության դիմաց։ Լրագրողների հարցին նախարարն այսպես է արձագանքել․

— Փողոցում գիշերելը մարդկանց ընտրությունն է։ Երեկ նրանք խոսում էին «Օզենմունայգազում» աշխատանքի անցնելու մասին, այսօր՝ մրցույթը չեղարկելու․․․ Ի՞նչ են ասելու վաղը։

Նույն օրը երկրի փոխվարչապետ Ալտայ Կուլգինովը հայտարարել է, թե նավթագործների պրոտեստը և նրանց պահանջները «կոռեկտ չեն»։

Քիչ հետո սկսել է գործել արդեն ոստիկանությունը։ Հատուկ ջոկատայինները ուժի կիրառմամբ աշխատավորներին մտցրել են ոստիկանական մեքենաներ և տարել բաժիններ։ Բերման են ենթարկվել նաև լրագրողները։

01000000-0aff-0242-abd6-08db3a9e79ad_w1023_s

01000000-0aff-0242-807b-08db3a9e79bc_w1023_s

գիշերը՝ ոստիկանություն, առավոտը՝ կայարան

Ձերբակալվածներին տարեն են Աստանայի տարբեր ոստիկանական բաժանմունքներ։

«Ազատտիկի» թղթակիցը գրում է, որ մինչև առավոտվա 4-ը ոստիկանական բաժանմունքի մոտ է եղել, նավթագործներից ոչ մեկին ազատ չեն արձակել։ Չհաստատված տեղեկություններով, ոստիկանությունում բանակցություններ էին, որոնք վարում էին «ՂազՄունայԳազ»-ի ներկայացուցիչները։

Մինչ այդ Ժանաոզենի աքիմը և Մաղստաուի աքիմը տեսաուղերձ են հրապարակել, որով կոչ են արել հայրենակիցներին «հանդուրժողականություն ցուցաբերել» և սադրանքների չտրվել։ Նաև հավաստիացրել են, որ ցուցարարների հետ բանակցություններ կտարվեն։

Այսօր առավոտյան համացանցում տեսանյութ է հայտնվել Աստանայի կայարանից, որում երևում են ժանաոզենցի նավթագործները։ Տեսախցիկի առաջ նրանք հայտարարում են, որ վերադառնում են Մանղստաու և որ իրենց խոստացել են, որ վեճը կկարգավորվի։

01000000-0aff-0242-66a8-08db39d0e427_w1023_s

«Ազատտիկի» թղթակիցը քաղաքի հին կայարանից փոխանցել է, որ ժամը 08։57-ին Ակտաու մեկնող գնացքին երեք լրացուցիչ վագոն են կցել։ Գնացքը հսկել են ոստիկանության ծառայողները։

«ՂազՄունայԳազն» առավոտյան հաղորդել է, որ ազգային ընկերության կոնտակտային խմբի և «ԲերԱլի Մանղստաու Քոմփանիի» ներկայացուցիչների միջև պայմանավորվածության համաձայն աշխատանքային խումբ կձևավորվի, որը կդիտարկի ընկերության նախկին աշխատակիցների պահանջները՝ դրանց իրավական լուծում տալու համար։

Գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ բերման ենթարկվածները՝ 126 հոգի, ազատ են արձակվել։

Ժանաոզենը՝ խորհրդանիշ

Անցյալ շաբաթ Ժանաոզենում տասնյակ կանայք բողոքի ցույց էին անում՝ պահանջելով աշխատանք իրենց տղաների և ամուսինների համար։

Նավթագործական մոնոքաղաքը արդեն վաղուց ղազախստանյան պրոտեստների խորհրդանիշն է համարվում։

2011 թվականին նավթագործների բազմահազարանոց գործադուլին իշխանությունները արձագանքել էին սպանդով․ ցուցարարների վրա կրակ էին բացել, առնվազն 16 մարդ սպանվել էր։

Անցյալ տարվա զանգվածային բողոքի ցույցերը և՛ս սկսվել էին Ժանաոզենում։ Հաշված օրերի ընթացքում դրանք տարածվել էին երկրով մեկ՝ խոշոր քաղաքներում վերածվելով բախումների։

տե՛ս Ղազախստանի խոշորագույն քաղաքը հանձնվել էր ավազակներին․ ինչո՞ւ

Իշխանությունը բանակ էր հանել։ 2022 թվականի հունվարի իրադարձությունների ընթացքում առնվազն 238 մարդ է սպանվել։

տե՛ս Ղազախստանի ղեկավարը գիտի՝ ում է պետք սպանել

«Ժանաոզենը զուտ նավթագործական քաղաք չէ։ Ժանաոզենը արդեն վաղուց արժանապատիվ կյանքի համար ղազախստանցիների պայքարի խորհրդանիշն է։ Նախագահականում այդ մասին գիտեն», – նախկին աշխատավորների ձերբակալությունից հետո գրել է քաղաքագետ Շալկար Նուրսեիթովը։

տե՛ս Ղազախստանը ցավով պոկվում է նազարբաևներից

Քաղաքագետ Դոսիմ Սատպաևը հիշեցրել է՝ նավթագործների պրոտեստը արմատներն անցյալում են, երբ իշխանությունները տասնամյակների շարունակ ոչնչացնում էին անկախ արհմիությունները, տնտեսության ղեկը հանձնելով օլիգարխներին, ազգային ընկերություններին, կվազիպետական կառույցներին և բոլոր նրանց, ովքեր հարազատ են իշխանությանը։

«Իշխանությունը, ուստի, չպետք է զարմանա, որ խնդիրները բարձրաձայնելու միայն մեկ միջոց է մնացել՝ դուրս գալ հրապարակ։ Այդպես է եղել 2011-ին։ Այդպես է հիմա։ Այդպես է լինելու հետագայում»։