Ղազախստանի անկախությանը 20-ամյակին նվիրված տոնակատարությունները վերաճել են զանգվածային անկարգությունների: Ժանաոզեն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև: Այս շրջանում անջատված է բջջային կապն ու ինտերնետը: Դատախազությունը հայտնել է տասը զոհերի մասին: Ղազախստանի գլխավոր դատախազը տեղի ունեցածը խաղաղ քաղաքացիների վրա հարձակումգործած խուլիգանների գործողություններ է որակել, իսկ իրավապաշտպանները խոսում են սադրանքների մասին:
Զանգվածային անկարգությունները բռնկվել են երկրի հարավ-արևմտյան հատվածում` Ժանաոզեն քաղաքի հրապարակում: Այնտեղ արդեն մի քանի ամիս է ցույցեր են անցկացնում «Օզենմունայգազ» նավթային ընկերության աշխատակիցները: Աշխատավարձները բարձրացնելուց հրաժարվող մենեջերների հետ նրանց տարաձայնությունները սկսվել են դեռևս հունվարին: Մայիսից աշխատակիցները մասնակցում են ցույցերին:
Ինչպես վստահեցնում են ղազախստանյան իշխանությունների ներկայացուցիչները, երեկ նավթահանները, զինվելով փայտերով և գործի դնելով վառելանյութով շշերը, ցրել են տոնական երթը և շարժվել քաղաքային վարչության շենքի ուղղությամբ: Արդյունքում հրդեհվել է քաղաքապետարանի շենքը, կրակի մեջ են հայտնվել նաև հյուրանոցներն ու «Օզենմունայգազ» ընկերության շենքը:
Անկարգությունների վայր ժամանած իրավապա մարմինների աշխատակիցները փորձել են չեզոքացնել ցուցարարներին:
К+ ղազախստանյան ալիքի կողմից նկարահանված տեսանյութում, ինչպես գրում է gazeta.ru-ն, երևում է, որ ցուցարարներն իրենց այնքան էլ ագրեսիվ չեն պահում. նրանք պարզապես իրենցից հեռացնելու համար հրում են ուժայիններին: Այնուհետև հրապարակում լսվում են ոստիկանական ազդանշանները, որից հետո իրավապահ մարմինների աշխատակիցներից մեկը կրակում է օդ և շարժվում ցուցարարների ուղղությամբ:
Այս պահին ոչ ոք չի կարող նշել ձերբակալվածների հստակ թիվը: Տեղում աշխատող իրավապաշտպաններն ու ականատեսները չեն համաձայնում դատախազության թվերի հետ` հայտնելով 70 զոհվածների և մի քանի հարյուր վիրավորների մասին, որոնց թվում կան նաև ոստիկաններ:
Անկարգությունների ժամանակ հրապարակում գտնվող իրավապաշտպան Ալեքսանդր Մուխան «Газете.Ru»-ին պատմել է, որ պատկերը մի փոքր այլ է, քան ներկայացնում են պաշտոնյաները. «Ոչ պաշտոնական աղբյուրների հավաստամամբ` կոչ էր արվել այդ օրը գալ և աջակցել նավթահաններին: Այդ նորությունը եղել է նաև ընդդիմադիր կայքերում, այն տարածվում էր նաև փոստով: Չգիտեմ ով և որքանով էր արձագանքել, բայց հրապարակում այնքան էլ շատ մարդ չկար. 100-ից մի փոքր ավելի նավթահաններ և մի քանի տասնյակ ոստիկաններ», – պատմել է Մուխան: Նրա խոսքով` ինչ-որ պահի ինչ-որ մեկը ժողովրդի ուղղությամբ պայթուցիկ փաթեթ է նետել, որից հետո էլ սկսվել են անկարգությունները:
Իրավապաշտպանը չի բացառում, որ դա կարող էր կազմակերպված լինել տեղական իշխանությունների կողմից` ցուցարարներին հակաիրավական գործողությունների դրդելու, իսկ այնուհետև նրանց ձերբակալելու համար:
Gazeta.ru-ն նշում է, որ իրավապաշտպանի խոսքերը հնարավոր սադրանքների մասին անհիմն չեն: Խնդիրը նրանում է, որ նավթահանները նախկինում էլ բողոքում են, որ իրենց բջջայինների վրա սպառնալիքներ պարունակող հաղորդսագրություններ են գալիս, իսկ օգոստոսին Ժանաոզենում միանգամից երկու սպանություններ են տեղի ունեցել: Օգոստոսի 2-ին սպանվել է արհմիութենական ակտիվիստ Ժասիլիկ Տուրբաևը, իսկ երեք շաբաթ անց քաղաքի ծայրամասում հայտնաբերվել է ցուցարարների գործողություններին սատարող «Օզենմունայգազ» ընկերության աշխատակիցների կոմիտեի նախագահի 18-ամյա դստեր մարմինը:
Ղազախստանի իշխանություններն արդեն հայտնել են, որ պատրաստվում են խստորեն պատժել մեղավորներին: