«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցներն ու անհատ ձեռներեցները այսօր առավոտյան բողոքի ակցիա էին անում Կառավարության շենքի դիմաց։ Առևտրականները պահանջում են երկկողմանի բացել Քրիստափորի փողոցը, որը միակողմանի փակ է «Սուրմալու» տոնավաճառի պայթյունից հետո։
«Փեթակի» աշխատակիցները արդեն 3 օր է գործադուլ են անում, ասում են, որ փողոցի միակողմանի փակ լինելուց իրենց առևտուրը բարդանում է․ առաքիչները ուշացնում կամ չեն բերում ապրանքը, հաճախորդները չեն կարողանում գալ։ Ակցիայի մասնակիցները հանդիպում էին պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որ խնդիրը անձամբ ներկայացնեն։
«Ամսից ավելի է, որ մեծ բետոնի կտորները թափել են փողոցի մեջտեղն ու գնացել են: Յանդեքսով ցույց է տալիս, որ Քրիստափորի փողոցը փակ է մինչև դեկտեմբերի 31-ը: Եթե այդքան փակ է լինելու, մենք այնտեղ անելու բան չունենք», – ասում է «Փեթակի» առևտրականներից մեկը:
Ակցիայի մասնակիցներից երկու հոգու Կառավարության ներկայացուցիչը հրավիրեց ներս։ Դուրս գալուց հետո նրանք հայտնեցին, որ գրավոր ներկայացրել են իրենց պահանջը վարչապետին։ Ընդունարանում ասել են, որ այսօր կպատասխանեն։ Առևտրականները, այնուամենայնիվ, չեն դադարեցնելու գործադուլը։