Home / Հայաստան / Ռուսաստանցու հետապնդումը Երևանում «ընկերուհին էր բեմադրել»

Ռուսաստանցու հետապնդումը Երևանում «ընկերուհին էր բեմադրել»

Ռուսաստանցի սթենդափ կոմիկ Տատյանա Շչուկինան խոստովանել է՝ Հայաստանում քաղաքական հետապնդման իրականում չի ենթարկվել, ամենայն հավանականությամբ՝ Երևանում տեղի ունեցածը բեմադրել է իր իսկ ընկերուհին։

Հունիսին Երևանում բերման էին ենթարկել ռուսաստանցի սթենդափեր Տատյան Շչուկինայի ըկներոջն ու ընկերուհուն՝ Սվետլանա Բոգաչևային։ Շչուկինան հայտարարել էր, թե երևանյան ոստիկանությունը «Ռուսաստանի հրամանով» ձերբակալել է իր ընկերներին, որոնց միջոցով փորձում է հասնել անձամբ իրեն։ «Եթե ինձ Ռուսաստան վերադարձնեն, ինձ բանտ կամ մահ է սպասվում՝ Պուտինի մասին կատակների, հակապատերազմական դիրքորոշման և Ալեքսեյ Նավալնու հետ համագործակցության համար», – գրել էր կոմիկը և քաղաքական ապաստան հայցել (երրորդ երկրներից)։

Նույն օրը նրա ընկերոջն ու Սվետլանա Բոգաչևային ազատ էին արձակել, ավելի ուշ հայտի էր դարձել, որ նրանք միասին տեղափոխվել են Ստամբուլ։

Չնայած գործի հետ առնչված իրավապաշտպանները հակված էին մտածելու, որ Երևանում տեղի ունեցածը քաղաքական ենթատեքստ չուներ, Շչուկինան մինչ այժմ պնդում էր, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում՝ հունիսյան դեպքերը մեկնաբանելով որպես դրա մի մաս։

Արդեն այսօր՝ դեպքից 3 ամիս անց, Տատյանա Շչուկինան հայտարարել է, որ խարդախության զոհ է դարձել․ հայաստանյան ոստիկանների գործողությունները, ըստ նրա, «ամենայն հավանականությամբ» հենց իր ընկերուհու՝ հունիսին բերման ենթարկված Սվետլանա Բոգաչևայի կեղծ «մատնության» հետևանքն էին։ Ռուսաստանում իր նկատմամբ «քաղաքական հետապնդումը» ևս Բոգաչևան է բեմադրել։

«Այն, ինչ տեղի ունեցավ Երևանում, ամենայն հավանականությամբ, ցնորք էր։ Ամենայն հավանականությամբ, հենց նա [Սվետլանա Բոգաչևան] էր մեր վրա մատնություն գրել։ Ինչը, իհարկե, չի ժխտում այն փաստը, որ ոստիկաններն իրոք առևանգել էին Միշային [Տատյանա Շչուկինայի ընկերոջը] և սպառնում էին նրան։ Ակնհայտ է, որ որևէ քաղաքական ենթատեքստ այստեղ չկա։ Կներեք ինձ», – թվիթերի իր էջում գրել է կոմիկը՝ հավելելով․ «Այն ամենը, ինչ կապված էր իմ կյանքի հետ, պարզվեց՝ կեղծիք է։ Ես լքել եմ երկիրը [Ռուսաստանը]՝ վստահելով այս կնոջը։ Ես ապրում էի բացարձակ ստի մեջ»։

Ըստ Շչուկինայի, պարզվել է, որ Սվետլանա Բոգաչևան, որի հետ նա մի քանի տարի ընկերություն է անում և բնակարան կիսում, կեղծել և բեմադրել է ոչ միայն նրա քաղաքական հետապնդման պատմությունը (և Ռուսաստանում, և Հայաստանում), այլ նաև սեփական քաղցկեղը և մի շարք այլ միջադեպեր։

https://twitter.com/tanchaizer/status/1568850167033380864

Բոգաչևան, ըստ այս վարկածի, ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի անունից «շփվել է» Շչուկինայի հետ, կեղծ նամակագրություններ է վարել նաև իր բուժող բժշկի և մի քանի այլ հորինված մարդկանց անունից։ Տարիներ շարունակ նա գումար է ստացել Շչուկինայից, նրա ընկերներից և հարազատներից՝ իբր բուժվելու, մարդկանց օգնելու համար կամ այլ պատրվակներով։ Տատյանան ավելի ուշ հավելել է՝ իրականում նա բոլոր այս պատմությունները կեղծելու վրա ավելի շատ գումար է ծախսել, քան ստացել է որպես օգնություն։ Շչուկինայի խոսքով՝ տարիներ տևած խաբեությունը Բոգաչևան բացատրել է նրանով, որ տառապում է շիզոֆրենիայով։

Շչուկինայի հրապարակած փաստաթղթերի համաձայն, Սվետլանա Բոգաչևան Ռուսաստանում բժիշկ է աշխատել։