Home / Ոստիկանություն / Երևանում ռուսաստանցիների են բերման ենթարկել․ շարժառիթը պարզ չէ (թարմացվող)

Երևանում ռուսաստանցիների են բերման ենթարկել․ շարժառիթը պարզ չէ (թարմացվող)

17։56 — Դեռևս չկան բավարար հիմքեր մտածելու, որ ռուսաստանցի սթենդափ կոմիկ Տատյանա Շչուկինան և նրա ընկերը՝ Միխայիլ Բոդրովն ու Սվետլանա Բոգաչևան, քաղաքական հետապնդման են ենթարկվում։

Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Դաավր Դորջինը․ գործընկերների հետ միասին նա Էրեբունի ոստիկանական բաժանմունքի մոտ է, զրուցել է ինչպես Շչուկինայի, այնպես էլ Ոստիկանության ու Քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ։ Նրա խոսքերը հաստատել է նաև Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

Դորջինի խոսքով՝ երիտասարդները անցնում են բռնության հետ կապված մի քրեական գործով։ Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ նրանք չունեն։ Միխայիլը Քննչական կոմիտեում է, Սվետլանան՝ ոստիկանությունում։ Երեք ժամը լրանալուն պես նրանք պիտի որ ազատ արձակվեն։

Ոստիկանությունից պաշտոնական պարզաբանում դեռևս չկա։

Ավելի վաղ սթենդափեր Տատյանա Շչուկինան հայտարարել էր, թե երևանյան ոստիկանույթունը «Ռուսաստանի հրամանով» բերման է ենթարկել իր ընկերոջն ու ընկերուհուն։

https://twitter.com/tanchaizer/status/1537371338846916609

Շչուկինան  քաղաքական ապաստան է խնդրել․ «Եթե ինձ Ռուսաստան վերադարձնեն, ինձ բանտ կամ մահ է սպասվում՝ Պուտինի մասին կատակների, հակապատերազմական դիրքորոշման և Ալեքսեյ Նավալնու հետ համագործակցության և միտինգների համար»։

Ավելի ուշ նա հայտարարել է, թե ոստիկանությունն իրեն փնտրում է որպես ծեծի վկա, մինչդեռ ինքը որևէ ծեծի ականատես չի եղել, ավելին՝ իր հետ ապրող մարդկանց ապօրինի կերպով առևանգել և ձերբակալել են․․․

https://twitter.com/tanchaizer/status/1537388954512568321

Քիչ առաջ նա գրել է, որ ոստիկանությունը «վստահ է», որ ինքը «ինչ-որ հայի մարմնական վնասվածք է պատճառել գլխի շրջանում» և բաժին է կանչում արդեն որպես մեղադրյալի։

https://twitter.com/tanchaizer/status/1537425125800153090

թարմացում․ – 18։33 Միխայիլ Բոդրովն ու Սվետլանա Բոգաչևան մինչ այժմ ազատ չեն արձակվել։

թարմացում – 19։24  «Այսքան ժամանակ անց ես վտահ եմ, որ գործը քաղաքական է։ Անմեղ մարդկանց ապօրինի պահելը դա միշտ Ռուսաստանի ձեռագիրն է։ Ինձ փնտրում էին ռադիոյում, իսկ հետո ստում, թե իմ մասին առհասարակ չեն հարցրել։ Մենք որևէ ծեծկռտուքի չենք մասնակցել։ Ես պահանջում եմ ազատ արձակել իմ մտերիմներին, և մենք կլքենք երկիրը», – գրել է Շչուկինան։

Սթենդափերը պնդում է, որ Բոդրովին և Բոգաչևային բերման են ենթարկել ավելի քան 9 ժամ առաջ։ Չնայած ասում էին, որ ազատ կարձակեն, մինչ այժմ դա չի արվել։

Ոստիկանությունից որևէ մեկնաբանություն չեն տալիս՝ պատճառաբանելով, որ գործով Քննչական կոմիտեն է զբաղվում։ Քննչական կոմիտեից զանգերին չեն պատասխանում։

թարմացում – 19։53 Սվետլանա Բոգաչևային ազատ է արձակել։

թարմացում – 19։53 Ազատ են արձակել նաև Միխայիլ Բոդրովին։

Շչուկինան էլ հայտարարել է, թե գնում է ոստիկանություն՝ «հանձնվելու»։ Նա պնդում է, որ ապօրինի ոչինչ չի արել։

https://twitter.com/tanchaizer/status/1537462889619021824

թարմացում – 20։30 Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել․

— ․․․2022թ. մայիսի 11-ին՝ ժամը 22:05-ին, Երևանի բնակիչը «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: ․․․ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով,  որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

․․․Նախնական տվյալներով, տուժողը նշված վնասվածքները ստացել է 2022թ. մայիսի 10-ին` անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության  ընթացքում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, հանրորեն վտանգավոր արարք կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Ռուսաստանի Դաշնության մեկ քաղաքացի, իսկ ՌԴ ևս մեկ քաղաքացի ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության  էրեբունու բաժին, ովքեր հարցաքննվել են դեպքի հանգամանքների շուրջ:

․․․Նկատի ունենալով հիշյալ քաղաքացիների վերաբերյալ համացանցում ողջ օրվա ընթացքում տարածվող տեղեկություններն ու մեկնաբանությունները՝ նախաքննական մարմինը տեղեկացնում է, որ նշված երկու անձանցից մեկը բերման է ենթարկվել, իսկ մյուսն ինքնակամ ներկայացել է՝ բացառապես ՀՀ քրեական օրենգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի շրջանակներում: