Home / Դատարան / «Սուրմալուի» պայթյունի գործով ձերբակալվել է 4 անձ

«Սուրմալուի» պայթյունի գործով ձերբակալվել է 4 անձ

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել է 4 անձ, հայտնում է Քննչական կոմիտեն։

Մեղադրյալներից երկուսը ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք), մյուս երկուսը՝ 165-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը)։

Քննչական կոմիտեն չի հայտնում՝ ովքեր են ձերբակալվածները։

Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազի խոսնակը օգոստոսի 17-ին հայտարարություն էր տարածել, որ «Սուրմալուի պայթյունի գործով մեղադրյալներ չկան»։

Օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 16 մարդ է մահացել, 1 հոգի համարվում է անհետ կորած, 60-ից ավել մարդ տուժել է, հարյուրավոր մարդիկ՝ ունեզրկվել։ Որոնողական աշխատանքները դադարեցվել են։