Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում գործադուլը շարունակվում է։ Epress.am-ը Քաջարանում է, այստեղ արդեն երրորդ օրն է՝ կանգնած են բոլոր հանքերը, քարի մանր և խոշոր ջարդման գործարանները։ Այսօր գործադուլավորները կանխել են նաև պատրաստի խտանյութի տեղափոխումը Երևան՝ փակելով բեռնված մեքենաների ելքը։ Քաջարանցիների խոսքով՝ սա առաջին իրոք մեծ գործադուլն է վերջին 70 տարիների ընթացքում։
Կոմբինատնը աշխատում է 24 ժամ՝ 4 սմեն, կանգնում է միայն մի քանի րոպեյով՝ վթարների դեպքում։
Գործադուլին միացած բանվորները պահանջում են բարձրացնել աշխատավարձերը, ընդ որում՝ պրոգրեսիվ սանդղակով։ Մինչև 300 հազար դրամ ստացողների վարձատրությունը, ըստ նրանց, պետք է բարձրանա 40 տոկոսով, 300-ից 500 հազար ստացողներինը՝ 30 տոկոսով, 500-ից 1միլիոն ստացողներինը՝ 20 տոկոսով։ «Միլիոնից ավել ստացող երևանցիներինը ուզում են՝ թող բարձրացնեն, չեն ուզում` թող չբարձրացնեն», – Epress-ին ասել է շինարար Ռուդիկը։
Այսօր կեսօրին նրանք սկսել են ստորագրահավաք անել, քանի որ «ղեկավարությունից» երեկ ասել են, իբր գործադուլը անօրինական է և դրան այդքան էլ շատ մարդ չի մասնակցում։ Սպասվում է, որ ստորագրահավաքին կմիանան 4700 աշխատողների կեսից ավելին։
Որպեսզի գործադուլը օրինական համարվի, այն պետք է հայտարարվի արհմիության միջոցով։ Բայց ԶՊՄԿ արհմիությունը տնօրինության կողմից է, աշխատողներն ասում են՝ նրանք չեն համաձայնել նույնիսկ ներկայացնել իրենց պահանջները։
Աշխատողները վիրավորվել են նաև նրանից, որ ղեկավարությունից և թոփ-մենեջերներից ոչ ոք իրենց հետ ուղիղ խոսնելու չի իջել։
«Հազար հոգի կանգնած էինք կոմբինատի մոտ, մեկը չիջավ։ Մենք էնքան չկանք, իրանք չեն էլ ներկայանա մեր պահանջը լսելու։ Սուրհանդակ են ուղարկում՝ չերեզներով։ Իրանք էնքան չեն ուզում իրանց բանվորին լսեն, որ ասում են՝ դուք չլինեք, տաջիկ ա կգա, հնդիկ կբերենք։ Մեր համար շատ տհաճ է դա։ Մենք իրանց միլիոնանոց աշխատավարձերի մասին չենք խոսում, բայց իրանք սենց բաներ են անում։ Մեր քաղաքում ո՞նց կարա մեր փոխարեն ուրիշ մարդ գա աշխատի», – ասել է 17 տարի կոմբինատում աշխատող շինարարը։
Դիսպեչերների խոսքով՝ վերջին տարիներին Կոմբինատում կրկնակի շատացել է գործը, բայց աշխատավարձը մնացել է նույնը։ «Առաջ ես ստուգում էի հինգ ավտոյի մուտք-ելքը, հիմա՝ 20, բայց ստանում են նույն 300 հազարը», – ասել է նրանցից մեկը։
Վերջին տարիներին ընկերությունը նաև շատացրել է մենեջմենտալ անձնակազմը, հարյուրավոր մարդիկ են ընդունվել օֆիսային գործի, որոնք գալիս-գնում են Երևանից, հանք չեն էլ մտնում, բայց ստանում են բարձր՝ 800 հազարից սկսվող աշխատավարձ։ Իսկ բանվորները, որոնք կոմբինատում իրենց աղոջությունն են սպառում, 200-ից 400 հազար են ստանում։
«Եթե մենք չաշխատենք, էս գործարանը տեղնուտեղը կփակվի։ Առանց մեզ իրանք կարա՞ն էտ փողը արտադրեն», – ասել է մեր մեկ այլ զրուցակիցը։
Որոշ ֆունկցիաներ վերջին տարիներին տրվել են աութսորս ընկերությունների՝ հողի վերնաշերտի մաքրումը հիմա «Ան-Նառ» ընկերությանն է կազմակերպում, բեռնափոխադրումը՝ «Աժդանակ» ՍՊԸ-ն, սննդի սպասարկումը «Արտլանչին» էին տվել, հիմա էլ «Երևեմյաններին»։
— Մարդիկ են գալիս գնում, որոնց տեսած չկանք։ Երևանից 18 տարեկանները գալիս են, ակլադները նայում ես՝ միլիոններ։ Ինչի՞ պիտի իրանք ստանան շատ, իսկ մենք, որ 20 տարի ստեղ աշխատում ենք, որ մեր առողջությունը վտանգում ենք, պիտի ստանանք շատ չէ։
— Կոմենտարիա են գրում, որ 400 հազարը բարձր աշխատավարձ է։ Սյունքի գները Երևանի գներին պես չեն։ Սաղ դվայնոյ գումար է։ Սնունդից սկսած՝ ավտոյի զապչաստով վերջացրած։
— Էն ժամանակ իմացանք՝ կոմբինատի 20 տոկոսը պետականացրել են, ուրախացանք, ասինք՝ պետբյուջե կգնա։ Բայց ի՞նչ եղավ։ Ոչ մի բան դրանից չի փոխվել։
— Ասում են՝ Քաջարանի պղնձամոլիբդենային, մեր մեծ հսկա։ Պահել ենք էս մեծ հսկային, չի քանդվել մնացած հսկաների պես։ Հայաստանում կար 800 մեծ հսկա։ Հիմա շատերը չեն աշխատում։ Նաիրիտ, հաստոցաշինականների, ավտոռեմոնտնին։ Բայց մենք սա պահել ենք։ Դաժան օրեր ենք անցնել, ցածր աշխատավարձով էլ ենք աշխատել։ Հիմա, երբ պղնձի ու մոլիբդենի գինը բարձրացել է, իսկ աշխարհի մոլիբդենի 7 տոկոսը տալիս է Քաջարանի կոմբինատը, ինչի՞ պիտի բանվորը ստանա 300 հազար աշխատավարձ։
— Մեր աշխատավարձը մեզ իրոք չի հերիքում։ Ստեղ շատ ստացող մարդ չկա։ Բանվոր կա՝ գործից հետո տաքսի ա քշում։ Սաղս վարկերի տակ ենք։
— Սա էնպիսի գործ ա, որ երկար տարիներ աշխատել չես կարող։ Մեր առողջությունն ենք էս կոմբինատում թողնում։ Եթե մեզ թույնում են, պետք ա գոնե դրա համար վճարեն։