Home / Խմբագրի ընտրություն / Գործատուից բողոքելը վտանգավոր է և անիմաստ, ստուգումները՝ ձևական

Գործատուից բողոքելը վտանգավոր է և անիմաստ, ստուգումները՝ ձևական

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը աշխատանքային խախտումները ֆիքսելու և կասեցնելու գործուն մեխանիզմներ չունի։ Դիմումների հիման վրա տեսուչները կարող են ստուգայցեր կազմակերպել, բայց պարտավոր են այդ մասին նախօրոք (առնվազն երեք օր շուտ) տեղեկացնել գործատուին։ Սա ինքնին զրոյացնում է ստուգայցերի արդյունավետությունը։

«[Վերջին տարիներին] Տեսչական մարմնին տվել են ստուգումներ անելու լիազորություններ։ Բայց հսկողության իրավունք տեսուչները չունեն։ Հսկողություն նշանակում է ցանկացած ժամանակ կարողանալ գալ, տեղում ստուգել, ինչպես է կազմակերպված աշխատանքային պրոցեսը։

Տեսչական մարմինը ստորգումներ կազմակերպելու երկու տարբերակ ունի։ Առաջինը՝ նախօրոք կազմված պլանի, ցուցակի համաձայն ստուգումներ են անում ռիսկային կազմակերպություններում։ Երկրորդը՝ դիմում-բողոքների հիման վրա վարույթ են հարուցում։ Երկու դեպքում էլ այցերի մասին պարտավոր են նախօրոք զգուշացնել գործատուին», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Պետհիմնարկների և ՏԻՄ-երի ճյուղային արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը։

Դիմում-բողոքները, ըստ նրա, պետք է շատ կոնկրետ ֆորմա ունենան, սպեցիֆիկ տեղեկություններ պարունակեն։ Դիմումատուն պետք է ներառի իր անձնական տվյալները, ներկայացնի աշխատանքային իրավունքի խախտումներ թույլ տված ընկերության իրավաբանական անունը և հարկային կոդը՝ ՀՎՀՀ-ն։ Պարզ է՝ եթե օտար մարդն է աշխատանքային շահագործման դեպք նկատում և որոշում ազդարարել վերահսկող կառույցին, այս ձևաչափով դա անել չի ստացվի։

«Վերջերս տեսել էինք, որ շինարարությունում մեծաթիվ արտասահմանցիներ են աշխատում, նամակ էինք գրել և խնդրել ստուգել՝ արդյոք այդ մարդիկ գրանցված են, արդյոք նրանց աշխատանքային իրավունքները պահպանվում են։ Երկու ամիս շարունակ Տեսչական մարմինը մեզ հետ գրագրություն էր վարում։

Պահանջում էին ստորագրել նամակը, ներկայացնել տվյալ ընկերության ՀՎՀՀ-ն։ ՀՎՀՀ-ն չգիտես՝ շատ հավանական է, որ բողոքին ընթացք չի տրվի։

Դուրս է գալիս, որ մենակ աշխատողն է կարողանում ազդարարել։ Աշխատողի անունն էլ ստուգման ակտում գրվում է, ղեկավարին ներկայացվում է, որ էս-էս մարդն է քո վրա բողոքել։

Այստեղ արդեն բոլորովին ուրիշ խնդիրներ են սկսվում», – նշել է Ասատրյանը։

Եթե Տեսչականը նախօրոք զգուշացնում է գործատուին, որ ստուգման է գալու, ուրեմն հնարավորություն է տալիս մաքրել հետքերը, ժամանակավոր վերացնել խախտումների առնվազն մի մասը․

«Պարզ է, որ եթե երեք օր առաջ տեղյակ ես պահում, ղեկավարը մարդկանց, որոնց ապօրինի է շահագործում, ուղարկում է տուն, ասում է՝ «գնացեք նստեք սպասեք մինչև կանչեմ»։ Գալիս են, խախտումներ բնականաբար չեն հայտնաբերում ու գնում են։ Ծանրակշիռ ապացույցների դեպքում էլ հնարավորություն է ստեղծվում գործարքի գնալ՝ կֆիքսենք միայն այն, ինչ նախօրոք ապացուցվել է, մնացածը կմնա չբացահայտված»։

Մենակ աշխատանքի տեսչական մարմինը չէ, որ այդպես է ստուգումներ անում։ Նույնն է նաև մյուս տեսչական մարմինների դեպքում։ Ստուգում կարող են անել միայն նախնական պլանի կամ անվանական դիմում-բողոքի հիման վրա, կամ վարչապետի հանձնարարականով՝ նախօրոք զգուշացնելով գործատուին։ Սա չի կանխում խախտումները և չի դառնում կանխարգելման էֆեկտիվ գործիք։

Արհմիութենական գործիչը թարմ օրինակ է բերում․ «Վերջերս Աշխատանքի տեսչական մարմինը հրապարակում էր արել, որ իր ղեկավարն ու տեղակալը գնացել են «Արմենիա» հիվանդանոց։ Չնայած այդ հիվանդանոցը մեր արհմիության մեջ չի մտնում, ես ինքս էլ այնտեղից աշխատանքային իրավունքների խախտման վերաբերյալ բողոքներ եմ ստացել։ Օրինակ՝ այնտեղ ընդամենը մեկ տարով է աշխատանքային պայմանագիր կնքվում, այնինչ մեկ տարով պայմանագիր կնքելու իրավունք իրենք չունեն։ Տեսչականի ղեկավարությունը գնում, տնօրենության հետ շրջայց է կատարում հիվանդանոցում՝ որպես հյուր, ոչ թե ստուգող, բուժառուներին են հարցուփորձ անում՝ ո՞նց են պայմանները, գո՞հ եք բժիշկներից, գործատուի հետ նստում, հիվանդանոցի զարգացման պլաններն են քննարկում։ Սա ի՞նչ կապ ունի Աշխատանքի տեսչական մարմնի, իրենց լիազորությունների հետ։ Ամոթ էլ է՝ ֆեյսբուքում մի հատ էլ այս մասին հաղորդագրություն են դնում։ Իրենց լիազորությունը լրիվ ուրիշ է։ Իրենք պարտավոր են ստուգումներ անել աշխատողների առողջության տեսանկյունից և նրանց աշխատանքային իրավունքների պահպանման տեսանկյունից, ոչ թե նստեն, բարեկամանան ղեկավարության հետ»։

2021 թվականին Տեսչական մարմինը գլուխ էր գովում՝ աշխատանքային իրավունքների խախտման վերաբերյալ դիմումները շատացել են, իրազեկվածությունը աճում է։ Ասուլիսին պատմում էին օրենսդրական բարեփոխումներ նախաձեռնելու մասին՝ աշխատողներին անանուն դիմումներ ներկայացնելու հնարավորություն կտան, employeeprotect.am միասնական հարթակ կստեղծեն, որի միջոցով աշխատողները կկարողանան ազդարարել խախտված իրավունքների մասին։ Երեք տարի անց ո՛չ բարեփոխումն է կյանքի կոչվել, ո՛չ էլ էլեկտրոնային հարթակն է գործարկվել։

Ամեն տարի տեսչական մարմինը հաղորդագրություններ է ուղարկում, որ պատմի իր կատարած մեծածավալ աշխատանքի մասին։ «2020-ին եղել է 149 վարույթ, 2021-ին՝ 540, 2022-ին՝ 1393, այսինքն՝ 2020-ի համեմատ այդ թիվը մոտ 10 անգամ աճել է», – անցած տարվա ամփոփիչ ասուլիսին պատմում էր կառույցի ղեկավարի ժ/պ Սլավիկ Սարգսյանը։

Բայց նրա ներկայացրած վարույթների մեծ մասը վերաբերում են աշխատավարձը չվճարելուն, վերջնահաշվարկ չկատարելուն, անօրինական գործից ազատելուն: Դիմում են հիմնականում նրանք, ովքեր արդեն կորցրել են աշխատանքը։ Տեսչականը ձևական կառույց է մնում, եթե խոսքը չգրանցված աշխատանքի և գերշահագործման մասին է։ Այս խնդիրները, ըստ պետհիմնարկների արհմիության ղեկավարի, վերջին տարիներին սրվել են աշխատանքային միգրացիայի աճին զուգահեռ․ քաղաքում ամենուրեք կարելի է հանդիպել օտարերկրացիների, որոնք սև աշխատանք են անում՝ շուկայականից ցածր գներով, աշխատանքային իրավունքի խախտմամբ։

ի սկզբանե ձևականություն

Աշխատանքային օրենսգիրքը կարգավորում է գործատու-աշխատող փոխհարաբերությունները։ Բայց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը այդ փոխհարաբերությունները վերահսկելու որևէ լիազորություն չունի։

Քովիդի ժամանակ մարդիկ բողոքում էին՝ գործատուն ապօրինի ազատել է աշխատանքից, գործատուն ստիպում է աշխատել նույնիսկ հիվանդներին, գործատուն չի վճարում հարկադիր պարապուրդի համար և այլն։ Սոցապը գցում էր Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի վրա, Տեսչական մարմինն արդարանում էր՝ աշխատանքային իրավունքների մասով լիազորություններ չունի։

Նախապատմությունն այսպիսին է․

Խորհրդային Միության փլուզումից հետո 13 տարի շարունակ Հայաստանի Հանրապետությունը Աշխատանքային օրենսգիրք առհասարակ չուներ, շուկայական տնտեսություն կառուցող Հայաստանում մինչև 2004 թվականը գործում էր Սովետական Աշխատանքային օրենսգիրքը, որը շուկայական հարաբերություններ առհասարակ չէր ենթադրում։

Չկար նաև Աշխատանքի նախարարություն։

Սոցապը պաշտոնապես անվանափոխվել և դարձել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն միայն 2000-ականների կեսերին՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության ֆորմալ չափանիշները բավարարելու և ԱՄԿ-ին միանալու համար։

Օլիգարխիկ տնտեսության ձևավորմանը զուգահեռ Հայաստանում մինչև 2012-2013 թվականները գործում էր Աշխատանքի պետական տեսչությունը, որն ուներ աշխատավայրերում ստուգումներ անելու լիազորություն, բայց չուներ քաղաքական կամք։ Իրականությունը փաստաթղթերին մոտեցնելու մղումով 2013 թվականին տեսչական մարմինն ի վերջո լուծարվեց, նախկին տեսչության փոխարեն ստեղծվեց նորը՝ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը։ Նոր մարմնի նոր կանոնադրությունից ստուգումներ անելու լիազորությունները ջնջեցին։ Պարզ ասած՝ եթե մինչ այդ տեսչական մարմինն ուներ պետության անունից աշխատանքային ապօրինությունները կասեցնելու ֆորմալ լիազորություն, իրավասու էր կարգավորել աշխատանքային ոլորտը և վերահսկել օրենդրական նորմերի կիրառումը, 2013-ին աշխատանքային իրավունքների պաշտպանության պատասխանատվությունը օրենքի ուժով հանվեց կառավարության ուսերից և ամբողջապես դրվեց աշխատողների ուսերին․ «Եթե կարող եք, դիմեք դատարան»։

Քովիդի ժամանակ իրական ճգնաժամ ձևավորվեց։ Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումներ նախաձեռնած կառավարությունը խոստացավ ընդլայնել Տեսչական մարմնի լիազորությունները։ Ստուգայցերը վերականգնվեց այն տեսքով, որով գործում են հիմա։