47-ամյա տղամարդը տարեց մոր հետ 5 տարուց ավել աշխատել է անասնաֆերմայում, «Ազատության» հետ զրույցում պատմել է՝ 5 տարվա ընթացքում ստացել է ընդամենը 25 հազար դրամ, պարբերաբար ծեծի է ենթարկվել ֆերմայի տիրոջ կողմից։ Նույն կերպ շահագործել են մորը, թքել են երեսին։
Դեպքի քննությամբ զբաղվել է Քննչական կոմիտեի թրաֆիքինգի հանցագործությունների վարչությունը։ Նախաքննությունն արդեն ավարտվել է։ Տարիներով աշխատանքային շահագործման ենթարկված ընտանիքին ռադիոկայանի լրագրողները գտել են Արարատի մարզի գյուղերից մեկում, տղամարդը պատմել է՝ 2018-ին երևանցի Բագրատ Մարտիրոսյանն իրեն առաջարկել է զբաղվել անասնապահությամբ, ինքն էլ ընդունել է առաջարկը։
Հայանիստում Մարտիրոսյանը նրանց համար տուն է գտել ու խոզեր գնել:
«Նախապես ասաց՝ 80 հազար ա լինելու աշխատավարձը, եթե մայրերը շատանան, կդարձնեմ 150 հազար: Նորմալ, ջան-ջիգյար, հետո խոզը սկսեց հիվանդանալ և այլն, բժշկին կանչում էր, նայում էր, բայց սատկում էին», – պատմել է տղամարդը:
4 սատկած խոզն է, ըստ նրա, ճակատագրական դարձել։ Ֆերմայի տերը պահանջել է կա՛մ երկու միլիոն տալ, կա՛մ ձրի աշխատել։ Ստիպել է նաև թուղթ ստորագրել. «Գրեցի, հետո կնոջս նույն բաները գրել տվեց ու ստիպեց, որ նշի՝ ոչ մի ոստիկանություն չխառնվի»:
Կնոջն ու երկու տարեկան երեխային նա տուն է ուղարկել, մոր հետ տեղափոխվել հիմա էլ Նոր Գեղիում անասուն պահելու: Ապրել են գոմին կից տարածքում, որը գոմից առանձնապես չէր տարբերվում։ Փողի երես չեն տեսել, ֆերմայի տերը մենակ ուտելիք է բերել:
Նոր Գեղիում աշխատելու տարիներին 4 սատկած խոզի գումարը ոչ մի կերպ չի մարվել, հակառակը՝ պարտքը ավելացել է ու մոտ 15 միլիոն դրամ դարձել։ Շահագործմանը զուգահեռ մայրն ու որդին անընդհատ բռնության են ենթարկվել։
«Եթե իրան չենթարկվեի, ինչ-որ բան հրամայում ա, միանգամից հարձակվում, հայհոյում ու հարվածում ա, ասում ա, իմ մեջքը պինդ ա, ով ուզում ա գա, քեզ չի փրկի, ես լավ տղա եմ: Իրանց տունն էլ եղել ա, որ ավտոմատը ցույց ա տվել՝ ես պատրաստ եմ, ով ուզում ա գա», – պատմել է տղամարդը:
Ասում է՝ մի քանի անգամ փորձել է ջրանցքը նետվել, մայրն է պահել։ Փախուստ են ծրագրել, բայց վախեցել են: 75-ամյա կինը պնդում է՝ աշխատավարձ, պարզ է, չի ստացել, բայց թոշակի երես էլ չի տեսել, Բագրատ Մարտիրոսյանն ասել է՝ հաշվի ծերանոցում ես:
Մարտիրոսյանը, որը թրաֆիքինգի գործով միակ մեղադրյալն է, հերքում է մոր և որդու բոլոր մեղադրանքները։ Ասում է՝ տատիկի թոշակից ինչ-որ ծախսեր, այո, արել է, բայց ամբողջ գումարը չի վերցրել։ Հաստատում է՝ 5 տարվա ընթացքում աշխատավարձ չի տվել, բայցև համոզում է, իբր թե դա աշխատողների ցանկությունն է եղել՝ «միայն ուտելիք»։ Նա և նրա կինը լրագրողներին հավաստիացրել են, թե նորմալ սնունդ են տվել աշխատողներին՝ մեղրը ներառյալ, նույնիսկ ճաշ են կիսել նրանց հետ, «ի՜նչ թրաֆիքինգ, ի՜նչ ստրկացում»։
Քրեական այս պատմության մեջ մեկ այլ քրեական պատմություն էլ կա։ «Ազատության» տեղեկություններով, Մարտիրոսյանի աշխատողներից մեկն էլ դաշտում խոտ հավաքելիս անհետացել է, չկա այդ մարդը։
Ֆերմայի տերն ասում է՝ այս գործով տուժող համարվող տղամարդու հետ է եղել անհետացած աշխատողը․ «Որ Վարդանը կորել ա, ասել եմ՝ Համո, մարդ ա կորել, ասել ա՝ ինչ անեմ, ես իրա պահակը չեմ։ Բայց իրա կողքից ա կորել»: Անուղղակի հաստատել է, որ ծեծել է Համոյին։
Չի հերքում նաև, որ հայհոյանքներ եղել են։ Արդարացել է՝ որովհետև մայրն ու որդին անասնապահությունից բան չեն հասկանում։ Հերքել է, որ թքել է տարեց կնոջ դեմքին։
Քրեական այս գործը մեկ շաբաթ առաջ դատարան է ուղարկվել։
Այս տարվա առաջին վեց ամիսներին մարդկանց շահագործման հոդվածով 16 քրեական գործ է հարուցվել։ Դատախազության տվյալով՝ նախորդ տարի 27 դեպք է եղել։ Եվրոպայի խորհրդի ու պետդեպարտամենտի փորձագետները Հայաստանում թրաֆիքինգի վերաբերյալ իրենց զեկույցներում գրում են՝ թրաֆիքինգ իրականացնողները պետք է համարժեք պատիժ ստանան՝ ազատազրկվեն, ոչ թե պատիժը փորձաշրջանով փոխարինվի։ Թրաֆիքինգի ենթարկված խոցելի մարդկանց աջակցության ծրագրերը նույնպես լիարժեք չեն։ Նրանք այդպես էլ փոխհատուցում չեն ստանում իրենց շահագործած մարդկանցից։
5 տարի անփող աշխատած տղամարդն այժմ օրավարձով մի գործ է գտել շինարարությունում։