Home / Հայաստան / Մասնակցել ուրիշի պատերազմին կամ «եթե արժանապատիվ աշխատանք ունենայի»

Մասնակցել ուրիշի պատերազմին կամ «եթե արժանապատիվ աշխատանք ունենայի»

Թուրքիան մասնավոր ընկերությունների միջոցով վարձկաններ է հավաքագրում Սիրիայում և ուղարկում Աֆրիկա։ BBC-ի արաբական ծառայության զրուցակիցները պնդում են, որ թուրքերի կողմից հավաքագրված սիրիացիները կռվում են Նիգերում՝ այդ թվում նաև ռուսական ռազմական հրամանատարությամբ։

եթե զոհվեմ, ընտանիքիս 50 հազար դոլար կտան

Արդեն մոտ 10 տարի է՝ Աբու Մոհամադն (անունը փոխվել է) ընտանիքի հետ ապրում է Սիրիայի հյուսիսում։ Երկարամյա պատերազմի ժամանակ նա, միլիոնավոր այլ սիրիացիաների պես, ստիպված է եղել փախչել իր տնից։ Պատերազմի ավարտից հետո վերադառնալու տեղ այլևս չկար։ 33-ամյա տղամարդը, նրա կինն ու 4 մանկահասակ երեխաները արդեն երկար տարիներ է՝ ապրում է վրանի մեջ։ Վրանում ջուր չկա, զուգարան չկա։ Արևային պանելն օգտագործում են հեռախոսները լիցքավորելու համար։ Ամառները շոգ է, ձմեռները՝ ցուրտ, անձրևների ժամանակ վրանը ջուր է թողնում։

c7248e70-42aa-11ef-b74c-bb483a802c97.jpg
Գրեթե 7 միլիոն սիրիացիներ բռնի տեղահանվել են պատերազմի ընթացքում, նրանք ապրում են ժամանակավոր ճամբարներում․ լուսանկարում Իդլիբի ճամբարներից մեկն է / GETTY IMAGES

Սիրիայում զանգվածային սով է և աղքատություն։ Աշխատանքը գտնելը հեշտ չէ։ Աբու Մոհամադը, ինչպես հարյուրավոր այլ սիրիացիներ, որոշել է գնալ Աֆրիկա․ Թուրքիան վարձկաններ է հավաքագրում Նիգեր ուղարկելու համար։

Տղամարդն անդամակցում է Սիրիայի ընդդիմադիր ուժերին, որոնք Թուրքիայի ռազմաֆինանսական աջակցությամբ արդեն ավելի քան 9 տարի պայքարում են նախագահ Բաշար Ասադի դեմ։ Խմբակցությունը, որի համար Աբու Մոհամադն աշխատում է, ամսական ընդամենը 50 դոլար է վճարում։ Թուրքիայից եկած հավաքագրողները Նիգեր գնալու դիմաց ամսական 1500 դոլար են առաջարկում։ Աբու Մոհամադն այս առաջարկը գնահատում է որպես գումար վաստակելու լավ հնարավորություն։

Նա պնդում է, որ սիրիական կուսակցությունների առաջնորդները վարձկանների ապագա աշխատավարձից ֆիքսված տոկոսների դիմաց օգնում են թուրքերին մարդ հավաքագրել։ Տոկոսներ են ստանում և՛ հավաքագրողները, և՛ նրանց տեղում օժանդակողները։ Տակը մնացած գումարը միևնույնն է անհամեմատ ավելին է, քան այն, ինչ հնարավոր է վաստակել Սիրիայում։

«Եթե զոհվեմ մարտի դաշտում [Նիգերում], ընտանիքս 50 հազար դոլարի փոխհատուցում կստանա», – հավելում է Աբու Մոհամադը։

Աֆրիկայի արևմտյան՝ Սահելի շրջանում հակամարտությունները վերջին տարիներին սրվել են։ Ամենաշատը տուժել են Նիգերը, Մալին և Բուրկինա Ֆասոն։ Վերջին մի քանի տարիների ընթացքում ռազմական հեղաշրջումներ են եղել բոլոր երեք երկրներում։

Աբու Մոհամադը, ըստ արաբական BBC-ի, միակը չէ, որ ուզում է գնալ Նիգեր։ Ալին (անունը փոփոխված է), որն ապրում է Իդլիբի գյուղերից մեկում՝ վրանի մեջ, միացել է սիրիական ընդդիմությանը մոտ 10 տարի առաջ, երբ 15 տարեկան էր։ Նա էլ է ամսական 50 դոլար ստանում։ Գումարը 5 օրում պրծնում է։ Ընտանիքին պահելու համար Ալին վարկեր է վերցրել։ Մտածում է, որ Նիգերը պարտքերը փակելու միակ հնարավորությունն է։ Նա երազում է թողնել զինվորական ծառայությունը և սեփական բիզնեսը հիմնել։

22-ամյա Ռայեդը (անունը փոխվել է)՝ ընդդիմության ևս մեկ մարտիկ, երազում է ամուսնության և ընտանիք հիմնելու մասին։ Ասում է՝ Նիգեր գնալը փող կուտակելու միակ տարբերակն է։

Բրիտանիայում գործող՝ SOHR սիրիական իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, 2023-ի դեկտեմբերից ի վեր Թուրքիայով Նիգեր են մեկնել հազարից ավել սիրիացի զինվորներ։ Սովորաբար նրանք 6-ամսյա պայմանագիր են կնքում, որոշները այն երկարաձգում են ևս կես տարով։

ոչ թե թուրքական, այլ ռուսական հրամանատարության ներքո

Պաշտոնական վարկածի համաձայն, սիրիացիները Նիգեր են ուղարկվում թուրքական պրոյեկտներն ու կոմերցիոն շահերը պաշտպանելու համար։

Թուրքիան ընդլայնում է իր քաղաքական և գործարար ազդեցությունը Աֆրիկայում, օրինակ՝ միլիտանտ ջիհադիստական խմբավորումների դեմ պայքարի համար Նիգերին անօդաչու թռչող սարքեր և այլ ռազմատեխնիկա վաճառելով։ Թուրքական ընկերությունները ներգրավված են նաև Նիգերի հանքարդյունաբերական ոլորտում, զբաղվում են այդ թվում նաև ոսկու, ուրանի և երկաթի արդյունահանմամբ։

Բայց իրականությունը, ըստ BBC-ի, միշտ չէ համընկնում պաշտոնական վարկածի հետ։

SOHR-ի աշխատակիցները և Նիգերից վերադարձած վարձկաններից որոշները պատմում են, որ Նիգերի, Մալիի և Բուրկինա Ֆասոյի սահմանային եռանկյունում տեղակայված սիրիացիները կռվել են ջիհադիստների դեմ ոչ թե թուրքական, այլ ռուսական հրամանատարության ներքո։

Նիգերի նախագահ Մոհամեդ Բազումը գահընկեց է արվել մոտ մեկ տարի առաջ։ Երկրում հաստատված ռազմական խունտան խզել է բոլոր կապերը արևմտյան երկրների, այդ թվում՝ [Նիգերը կոլոնիզացրած] Ֆրանսիայի հետ։

Արևմտյան լրատվամիջոցները պնդում են, որ հեղաշրջումից հետո Նիգերը սկսել է նոր դաշնակիցներ փնտրել և գտել է Ռուսաստանին։ «Ռուսական զենքը ավելի էժան է, քան արևմտյանը։ Ռուսաստանը նաև ռազմական ռեսուրսներ, կրթություն է առաջարկում և պատրաստ է հարմարվել տեղացիների պահանջներին, ի տարբերություն արևմտյան կոլեգաների՝ դաժան նախապայմաններ առաջ չի քաշում», – BBC-ին ասել է Oxford Analytica-ի հետազոտողներից Նատանիել Փաուէլը։

Ընդդիմադիր (թուրքամետ) սիրիացիների համար ռուսական հրամանատարության տակ պատերազմելու հեռանկարը բարդ քաղաքական երկընտրանք է․ հայրենիքում նրանք պայքարում են Բաշար Ասադի դեմ, որը վայելում է Ռուսաստանի դաշնակցային հովանավորությունը։

«Մենք վարձկան ենք՝ և այստեղ, և այնտեղ, բայց ես Նիգեր եմ գնացել թուրքական առաքելության շրջանակներում և չեմ պատրաստվում կատարել ռուսների հրամանները», – ասում է Աբու Մոհամադը։ Տեղում ընտրության հնարավորություն որպես կանոն չի տրվում։ «Ես ատում եմ իրենց [ռուսական ուժերին], բայց տնտեսական պատճառներով ստիպված եմ գնալ այնտեղ», — ասում է Ռայեդը։

035d5690-3282-11ee-9edf-f5e2f1f9bf2a.jpg
Ռազմական հեղաշրջումից հետո Նիգերում նոր իշխանության կողմնակիցները աջակցեցին երկրում ռուսական ռազմական ներկայությանը

Ռայեդը, Աբու Մոհամադը և շատ այլ սիրիացիներ հիմա սպասում են պայմանագրի կնքմանը։ Որպես կանոն, այն ստորագրվում է ճանապարհ ընկնելուց առաջ կամ հենց ընթացքում։

BBC-ի զրուցակիցները պնդում են, որ հավաքագրմանն առնչվող տեղեկությունները գաղտնի են պահվում։ Ռայեդի ծանոթներից մեկը հիմա սիրիական ընդդիմության բանտում է, քանի որ հանրայնացրել է աֆրիկական օպերացիայի որոշ մանրամասներն և հավաքագրման մեխանիզմները։

Նորակոչիկների խոսքով, սիրիական կուսակցությունների առաջնորդները զգուշացրել են իրենց, որ պայմանագրի ստորագրումից հետո իրենցով զբաղվելու է թուրքական SADAT ընկերությունը, որը պատասխանատու է նաև լոգիստիկ հարցերի համար։ Մոտ 5 տարի առաջ Աբու Մոհամադը, որպես վարձկան, նաև Լիբիայում է եղել՝ կես տարի։ Նա պնդում է, որ նախորդ ճամփորդությունն էլ է SADAT-ը կազմակերպել։

BBC-ի հետ զրույցում ընկերության ներկայացուցիչները կտրականապես հերքել են, որ մասնակցում են սիրիացի վարձկանների հավաքագրմանը և զբաղվում նրանց՝ Նիգեր տեղափոխելով։ Նրանք պնդել են, որ Լիբիայում որևէ գործունեություն չեն ծավալել՝ բացառությամբ մի նախագծի, որ կապված էր «ռազմական սպորտի» հետ։ Այդ նախագիծը, ըստ SADAT-ի, 10-ի ավել տարի է տևել։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով, այն փակվել է երկրում ներքաղաքական ճգնաժամի պատճառով։

SADAT-ը հավաստիացնում է, որ արտապետական կառույցների հետ գործ չունի, բայց «Թուրքիայի կոմերցիոն կոդեքսի համաձայն՝ խորհրդատվական, կրթական և լոգիստիկ ծառայություններ է մատուցում զինված ուժերին, պաշտպանական գերատեսչություններին և անվտանգության ուժերին»։ SOHR իրավապաշտպան կազմակերպությունը, ամեն դեպքում, պնդում է, որ Թուրքիայի իշխանությունները օգտագործում են մասնավոր ընկերությունները վարձկաններ հավաքագրելու և Նիգեր ուղարկելու համար։

Կազմակերպության ղեկավար Ռամի Աբդուլ Ռահմանը մեղադրում է Թուրքիային սիրիացիաներին չնչին գումարի դիմաց շահագործելու և մեծ տնտեսական հեռանկարներով խաբելու մեջ։ BBC-ին այս մեղադրանքներն ուղղել է Թուրքիայի արտգործնախարարությանը, բայց որևէ պատասխան չի ստացել։

Թուրքիան, թերևս, առաջին անգամ չի մեղադրվում Սիրիայում վարձկաններ հավաքագրելու և թեժ գոտիներ գործուղելու մեջ։

Խոշոր գերատեսչությունների, այդ թվում ԱՄՆ պաշտպանության նախարարության զեկույցներում նշվում է, որ հստակ փաստեր և ապացույցներ կան՝ Լիբիայի պատերազմում սիրիացի վարձկանները մասնակցել են թուրքական աջակցությամբ։ Թուրքիան հաստատել է սիրիացի վարձկանների ներկայությունը Լիբիայում, բայց հերքել է, որ կապ ունի նրանց հավաքագրման հետ։

Անկարան հերքել է նաև Ղարաբաղյան երկրորդ պատերազմի համար վարձկաններ հավաքագրելու փաստը։ Հայաստանը և արևմտյան խոշոր պետությունները 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ պնդում էին՝ ծանրակշիռ ապացույցներ կան, Թուրքիան սիրիացի զինվորականների է ուղարկել Ղարաբաղ՝ Ադրբեջանի կողմից պատերազմելու համար։

մենք վարձկան ենք և այստեղ, և այնտեղ

Նիգերում հայտնված սիրիացի վարձկանները ընտանիքների հետ կապի դուրս գալ չեն կարող։ Հեռախոսները առգրավվում են։ Աբու Մոհամադի խոսքով՝ երկու շաբաթը մեկ իրենք ընտանիքի հետ միջնորդավորված կապ հաստատելու հնարավորություն են ունենում։ Կապը ապահովում են Նիգերում գործող համակարգողները, որոնք փոխանցում են հարազատներին, որ «իրենց հետ ամեն ինչ կարգին է»։

8259b850-42b0-11ef-b74c-bb483a802c97.jpg
Ջիհադիստական խմբավորումները դիվերսիաներ են անում հիմնականում Նիգերի հարավ-արևմուտքում, 2022-ին, օրինակ, ոչնչացվել է բջջային կապի կայմը / GETTY IMAGES

Ալիի ընկերները, որոնք Նիգեր են գնացել և վերադարձել, պատմել են, որ «գործուղման» մեծ մասն անցկացրել են ռազմական բազայում՝ սպասելով մարտական հրամանների։ Ոչ բոլորն են վերադարձել։ SOHR-ի տվյալներով, 2023-ի դեկտեմբերից Նիգերում առնվազն 9 սիրիացի վարձկան է զոհվել, նրանցից 4-ի մարմինը վերադարձվել է Իդլիբ, բայց դեռևս չի նույնականացվել։

Ռայեդի և Ալիի ընտանիքները դեմ են, որ իրենք գնան օտար երկիր՝ ուրիշի պատերազմին մասնակցելու։ Տղաներն ասում են՝ գուցե ստիպված լինեն խաբել, որ գնում են ոչ թե Աֆրիկա, այլ Թուրքիա՝ վարժական պարապմունքների։ Աբու Մոհամադի ընտանիքն էլ գոհ չէ, բայց այլընտրանք չի տեսնում։ «Եթե ես արժանապատիվ կյանքի հնարավորություն ունենայի, նման գործ չէի անի նույնիսկ եթե ինձ միլիոն դոլար առաջարկեին», – ասում է տղամարդը։