Թուրքական խմբավորումների և Թուրքիայում բնակվող սիրիացի փախստականների միջև լարվածությունն այս շաբաթ հասել է եռման կետի՝ ստիպելով Թուրքիային փակել իր հիմնական սահմանային անցակետը դեպի հյուսիս-արևմտյան Սիրիա:
Ավելի քան 3 միլիոն մարդու համար հիմնական առևտրային և մարդատար Բաբ ալ-Հավա սահմանային անցակետը փակ է։ Փակվել են նաև Բաբ ալ-Սալամը և այլ փոքր ուղիները։ Երբ կբացվի՝ դեռ պարզ չէ։
Հունիսի 30-ից առնվազն 474 մարդ է ձերբակալվել թուրքական ոստիկանության կողմից՝ սիրիացիներին պատկանող մեքենաներն ու գույքը վնասելու մեղադրանքներով: Ըստ Reuters-ի, բախումների արդյունքում առնվազն յոթ մարդ է զոհվել։ Սիրիացի փախստականների դեմ հարձակումները սկսվել են կիրակի օրը Կայսերի քաղաքում։ Մինչ այդ համացանցում տեղեկություններ էին շրջանառվում, որ սիրիացի տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել անչափահաս աղջկա նկատմամբ: Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիկայան հայտարարել է, որ միջադեպը հետաքննվում է։
Սահմանի փակումն ուժի մեջ է մտել հուլիսի 2-ին։ Թուրքական տարբեր քաղաքներում՝ սիրիացիների նկատմամբ բռնությունների ֆոնին, Սիրիայի հյուսիսի սահմանամերձ հատվածներում բախումներ են սկսվել սիրիացիների և թուրք զինվորների միջև։ Խռովություններ, բողոքի ակցիաներ և վանդալիզմի ակտեր տեղի են ունեցել թուրքական Հաթայ, Գազիանթեփ, Կոնիա և Բուրսա նահանգներում։
«Մենք ոչ մի տեղ չենք հասնի հասարակության մեջ փախստականների նկատմամբ քսենոֆոբիա և ատելություն սերմանելով», – ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ քաղաքապետերին: Նա նաև մեղադրել է ընդդիմադիր ուժերին բռնություն հրահրելու և հարևան երկրների միջև երկկողմ լարվածությունը սրելու մեջ։
«Թուրքերի ու սիրիացիների հարաբերությունները գնալով վատթարանում են։ Փախստականներն ապրում են վախի ու անորոշության մեջ», – պատմում է Ատլանտյան խորհրդի Մերձավոր Արևելքի Սիրիա ծրագրի ոչ ռեզիդենտ անդամ Օմեր Օզկիզիլջիկը։
2011 թվականին սկսված սիրիական քաղաքացիական պատերազմի հետևանքով ավելի քան 3.6 միլիոն սիրիացի փախստական մշտական բնակություն է հաստատել Թուրքիայում։ Այն ժամանակ թուրքական իշխանություններն ընդունում էին սիրիական ռազմականացված ռեժիմից փախչողներին և նույնիսկ քաղաքացիական ապաստան տրամադրում Բաշար ալ-Ասադի ընդդիմախոսներին։
Թուրքիան ներկայումս ռազմական ներկայություն ունի Սիրիայի հյուսիսային սահմանի երկայնքով, որտեղ թուրք զինվորներն ու սիրիացի ապստամբները այսպես կոչված անվտանգ գոտիներ են ստեղծել Սիրիա հայրենադարձվել ցանկացող փախստականների համար: Քչերն են ինտեգրվել Թուրքիայի առօրյա կյանքին: Սա, իր հերթին, առաջացրել է որոշ թուրքերի դժգոհությունը, ովքեր ստիպված են եղել դիմակայել ինֆլյացիայի աճող տեմպերին 2018 թվականին սկսված տնտեսական ճգնաժամից հետո:
«Եվրամիության հետ փախստականների գործով համաձայնագրից հետո, Թուրքիայում հասարակությունը բացասաբար է տրամադրվում սիրիացի փախստականների նկատմամբ։ Շատ թուրքեր իրենց բեռնված են զգում փախստականներին ընդունելու հարցում և Թուրքիան համարում են Եվրոպայի փախստականների աղբավայրը», – ասում է Օզկիզիլչիկը։ Նրա խոսքով, թուրքական ըննդիմադիր «Ժողովրդի հանրապետական կուսակցությունը» մարդկանց հավաստիացնում է, որ սիրիացիներն իրականում ուզում են վերադառնալ Սիրիա, բայց Էրդողանը թույլ չի տալիս։ «Այդպիսի խոսակցությունների պատճառով, տեղացիներից շատերը հավատում են, որ սիրիացիների մեծամասնության Թուրքիայում մնալը ընտրության հարց է, ոչ թե կարիքի։ Մոլեգնող գնաճի պատճառով փախստականների մեծ հոսքը բեռ է թվում հասարակության համար»։