Փետրվարի 20-ի երեկոյան Թուրքիայի հարավում երկու նոր՝ 6,4 և 5,8 մագնիտուդներով երկրաշարժեր են գրանցվել։ Զոհվել է առնվազն 6 մարդ, շուրջ 294 հոգի՝ վիրավորվել, հաղորդում է Թուրքիայի առողջապահության նախարարը։
Տուժածներից 18-ի վիրավորումները ծանր են, նրանք տեղափոխվել են Ադանա և Դորթյոլ քաղաքների հիվանդանոցներ, նշում է նախարարը, հավելելով, որ առաջին երկու երկրաշարժերին դիմակայած որոշ հիվանդանոցներից ստիպված են եղել տեղափոխել մարդկանց, քանի որ շինություններում ճաքեր են հայտնաբերվել։
Նոր երկրաշարժերի պատճառած ավերածությունների ծավալը դեռևս հայտնի չէ։ Մասնավորապես, մի շարք ավերածություններ են եղել Հաթայ մարզի Անթաքիա քաղաքում, որտեղ քաղաքապետը հայտարարել է փլատակների տակ մնացած մարդկանց մասին։
Երկրաշարժերը զգացել են նաև հարևան երկրներում, այդ թվում՝ Սիրիայում, Եգիպտոսում և Լիբանանում։ Սիրիայում նույնպես հաղորդում են զոհերի մասին, սակայն տվյալները դեռևս հակասական են։ Այնտեղ աշխատող փրկարարների «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպությունը ավելի վաղ հաղորդել էր ավերված շինությունների և ավելի քան 130 վիրավորների մասին։
Թուրքիայի Արտակարգ իրավիճակների ծառայության հաղորդմամբ առաջին երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 20:04-ին, դրանից փոքր-ինչ հետո գրանցվել է երկրորդը։
ԱԻՆ-ը Թվիթերում կոչ էր արել ծովի մակարդակի բարձրացման վտանգի հետ կապված չմոտենալ ափամերձ տարածություններին, սակայն ավելի ուշ հրապարակումը ջնջվել է։
Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ու ցնցումների զոհերի թիվը, վերջին տվյալներով, անցել է 44 հազարը, ավելի քան 100 հազար մարդ վիրավոր են։ Հարևան Սիրիայում զոհերի թիվը հասել է մոտ 5,8 հազարի։
Անցալ շաբաթ Թուրքիայի իշխանությունները առնվազն 113 հոգու ձերբակալելու լիազորագրեր են տվել, որոնց պատասխանատու էին համարում երկրաշարժի ավերածությունների ծավալի և մարդկանց մահվան մեջ։ Ավելի ուշ երկրի արդարադատության նախարարը հայտարարել է որ 134 «մեղավորների» նկատմամբ միջոցներ են ձեռնարկվել։