ՊՆ նախկին շենքի բնակիչները արդեն 4 օր է գիշերում են դրսում՝ շենքի դարպասների դիմաց։ Վրան են խփել, որի մեջ 20 հոգի է տեղավորվում, մնացածը մնում են դրսում։ Երկրորդ վրանը ոստիկանները չեն թողնում դնել։
Սոցապից ասում են, որ չեն կարող մեկնաբանել ժամանակավոր տրամադրվող կացարանների վատ պայմանները։ Վարձավճարի փոխհատուցման ծրագիր են նախապատրաստում, որը նույնպես լինելու է ժամանակավոր։
«Էստեղ ոնց որ զոհ լինենք, պալատկի մեջ ա ժողովուրդը, երկրորդ պալատկեն Ոստիկանությունը չի թողնում դնենք։ Հողի տերն էլ ա գալիս, համաձայն ա, որ իր հողատարածքի վրա ինչ ուզում են անեն, իրանք էլի չեն թողնում դնենք։ Իրավունք չունեք՝ ասում են», – Epress.am-ի հետ հեռախոսազրույցում պատմում է բնակիչներից Գոհարը։
10 հոգու համար նախատեսված վրանում բնակիչները տեղավորվել են 20 հոգով, մնացածը գիշերում են դրսում։
«Դեռ վիճակը լարված ա։ Մեզ մի հատ վրան հատկացրեցին, որ մենք մնանք ոչ թե փողոցում, այլ վրանի մեջ։ Ինչ-որ մի հատ դեպուտատ եկավ, ազգանունը չեմ հիշում, դաշնակցական էր, օգնեց մեզ երկու վրանի հարցը լուծեցին, բայց մի հատը դրվեց։ Էսօր էլ փորձեցինք մյուս վրանը դնել, ոստիկանները չթողեցին», – Epress.am-ի հետ հեռախոսազրույցում պատմում է բնակիչներից Ռուզանը։
Սոցապ նախարարությունը Երևան քաղաքի տարբեր կացարաններում ժամանակավոր կեցություն է առաջարկում բնակիչներին մինչև վարձավճարների փոխհատուցում տրամադրելը։
«Ոչ սոցապից են գալիս, ոչ հետաքրքրվում են, ոչ էլ։ Անգամ էսօր փորձեցի սոցապ զանգեմ տան վարձերի համար, ոչ մեկ չի պատասխանում թեժ գծից, որ ես իմանամ ումից պիտի ստանամ էդ գումարը։
Իրենց առաջարկած կացարանները եղել ա, որ շատ փոքր ա եղել, խոնավ տեղ ա եղել, հոսանքները լրիվ փռթած թափած։ 13 քառակուսու մեջ, ըստ ձեզ, ես 4 հոգանոց ընտանիքով կարա՞մ մնամ։ Վեշերս դնեմ, էլ տեղ չի լինի կանգնեմ անգամ, ուր մնաց քնեմ։
Դրա համար ես դեռ էստեղ եմ, որ գոնե մի քիչ խելամիտ առաջարկ անեն։ Կարելի ա չէ՞ էսքան մարդկանց մի հողակտոր տրամադրել, մի սեփականություն, որ ասենք 3 ամսվա վարձավճարով մարդկանց էստեղից չտանեն ու վերջ։ Էդ հարցի լուծում չի։ Համենայնդեպս, ես ահագին գումար էի ծախսել, մեջի սարքած վիճակը, որ տեսնեիք, ասենք էդ ամենը փող ա էլի», – ասում է Գոհարը։
Սոցապ նախարարության մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Epress.am-ի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել կացարանների պայմանները՝ պատճառաբանելով, որ դրանք Պետգույքի հանրակացարանային սենյակներն են։
Հարցին, թե ինչու չի փաստաթղթավորվում բնակիչների կեցությունը հանրակացարաններում, Մանուչարյանը պատասխանեց․
«Դա ոչ թե որպես հիմնական կեցության վայր ա նրանց տրամադրվում, այլ որպես գիշերակացի տարբերակ ա առաջարկվում։ Որովհետև նախարարության լիազորությունների շրջանակում նախագիծ է մշակվում, որը վարձավճարի փոխհատուցմանն ա ուղղված լինելու։ Այսինքն քաղաքացիները էնտեղ տեղափոխվում են ոչ թե մշտական կեցության, որ որևէ ընթացակարգով կամ փաստաթղթերով ամրագրվի, որ իրենց մշտական կեցության վայրն ա, այլ ժամանակավոր՝ մինչև ծրագրի մեկնարկը»։
Մամուլի քարտուղարի խոսքերով՝ ծրագիրը քննարկման փուլում է, չի կարող շատ մանրամասներ ներկայացնել։
«Ինչ-որ սահմանված գումարի չափով քաղաքացիներին փոխհատուցում կտրվի, որի շրջանակում կկարողանան տուն վարձակալել։ Ինչ-որ ժամկետ բնականաբար ֆիքսվելու է ծրագրի համար», – ասաց նա։
Հիշեցնենք՝ փետրվարի 16-ի վաղ առավոտյան հարյուրավոր ոստիկաններ ներխուժել են ՊՆ լքված շենքում ապրող մարդկանց տները, ջարդել դռները, շենքից դուրս հանել ծերերին, երեխաներին ու կանանց, իսկ տղամարդկանցից 22 հոգու ձերբակալել: Բնակիչները պնդում են, որ լքված շենքում հարյուրից ավել ընտանիք էր ապրում։
Տես նաև՝
Պետությունն ընդդեմ օջախների․ խոսում են ՊՆ նախկին շենքի բնակիչները
ՊՆ նախկին շենքում հակամարդկային օպերացիա է, լրագրողներին ներս չեն թողնում