Home / Վերլուծություն / Երկրաշարժից հետո Թուրքիայում գտել են մեղավորներին

Երկրաշարժից հետո Թուրքիայում գտել են մեղավորներին

Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 33 հազարը։ Թուրքիայի իշխանությունները սկսել են փլուզված բարձրահարկ շենքերի շինարարների հանդեպ քրեական հետապնդումները, հայտարարել են սեյսմիկ ակտիվ գոտում շինարարության ընթացքում 130 կասկածելի խախտումների մասին։

Տուժած 10 նահանգում 170 հազար շենքեր ստուգելուց հետո Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ 25 հազար տուն ամբողջությամբ ավերվել կամ շատ մեծ վնաս է կրել: Դատախազությունը կալանքի 113 լիազորագիր է ներկայացրել, կիրակի առավոտյան ձերբակալվել է 12 մարդ։

Ընդդիմությունը կալանքները համարում է իշխանությունների կողմից մեղքը շինարարների ու կառուցապատողների վրա բարդելու և զայրացած բնակչության ուշադրությունը պետական ​​կառավարման ձախողումներից շեղելու փորձ:

Ընդդիմության կարծիքով՝ նախագահ Էրդողանի կառավարման 20 տարիների ընթացքում իշխանությունները աչք են փակել շինարարական կանոնների խախտումների վրա և ոչ նպատակային են ծախսել գումարները, որոնք հավաքվել են շենքերի սեյսմակայունության բարձրացման հատուկ հարկի տեսքով:

BBC-ն, իր հերթին, ստուգել է մի շարք տվյալներ կապված Թուրքայում վերջերս կառուցված շենքերի հետ, որոնք երկրաշարժի ժամանակ ավերակների են վերածվել։ Երկրում գործում են խստացված շինարարական անվտանգության նորմեր, սակայն դրանք պարբերաբար, անպատիժ կերպով, խախտվում են՝ գրում է լրատվամիջոցը։

Փորձագետների խոսքերով՝ չնայած տեղի ունեցած երկրաշարժերի ուժգնությանը, շենքերը, որոնք կառուցվել էին բոլոր կանոնների պահպանմամբ, պետք է դիմակայեին։ 

Ինչքան էլ ավերիչ էր երկրաշարժերի ցնցման առավելագույն ուժգնությունը, չի կարելի միանշանակ պնդել, որ այն բավարար էր ճիշտ կառուցված շենքերը փլուզելու համար, ընդգծել է այդ ուղղվածությամբ մասնագիտացած Լոնդոնի համալսարանական քոլեջի պրոֆեսորներից մեկը։ Պրոֆեսորը հավելել է՝ քանի որ մեծամասամբ ցնցումների մագնիտուդը ավելի ցածր է եղել առավելագույնից, կարելի է եզրահանգել, որ շինարարական նորմերը և կաննոնները չեն պահպանվել ու շենքերը չեն կարող ողջամիտ սպասումներին համաձայն դիմակայություն ցուցաբերել երկրաշարժի ժամանակ։

«Բարձրակարգ» շենքեր՝ «բարձրակարգ» շինանյութից

Թուրքիայի Մալաթիա մարզի նորակառույց շենքերից մեկի կառուցումը ավարտվել էր անցյալ տարի և սոցցանցերով տարածվել էր հայտարարություն, որ շենքը, երկրաշարժի դեպքում, համապատասխանում է անվտանգության վերջին չափանիշներին։ Բացի այդ, հայտարարության մեջ ասվում էր, որ օգտագործված բոլոր շինարարական նյութերը ինչպես և կատարված աշխատանքը բարձր մակարդակի են։

Հայտարարությունը այժմ չկա, սակայն որոշները հասցրել են սքրինշոթեր անել և հրապարակել դրանք սոցցանցերում, որտեղ կա նաև շենքի փլուզման տեսանյութը։

Իսկենդերուն նավահանգստային քաղաքում նույն պատմությունն է։ Բազմաբնակարանային շենքը ավերակների է վերածվել, մինչդեռ դրա կառուցումը ավարտվել էր 2019 թվականին։ Համեմատելով ավերված շինության լուսանկարը կառուցապատող կազմակերպության կողմից արված գովազդային նկարի հետ, BBC-ն հաստատել է, որ դրանք համապատասխանում են։ Լրատվամիջոցը փորձել է կապվել կազմակերպության հետ, սակայն պատասխան չի ստացել։ 

Երկրաշարժի ժամանակ շատ է տուժել նաև Անթաքիայի բնակելի համալիրներից մեկը, որի մասին՝ 2019-ին բացման արարողության ժամանակ, շինարարական կազմակերպության տերը հայտարարում էր․ «այս նախագիծը մյուսների համեմատ յուրահատուկ է իր տեղակայման և շինարարության որակի տեսանկյունից»։

Նորմերը խստացվում, բայց չեն պահպանվում

Թուրքիայում անվտանգության խիստ չափանիշներ են մտցվել 1999-ին՝ Իզմիթի երկրաշարժից հետո, երբ շուրջ 17 հազար մարդ էր մահացել։ Ավելի ուշ՝ 2018-ին, դրանք նորից են խստացվել՝ կապված բնական աղետների հետ։

Վերջին կանոնների համաձայն՝ սեյսմավտանգ շրջաններում կառուցապատողները պետք է օգտագործեն բարձրորակ բետոն՝ ամրապնդված պողպատե ձողերով։ Սյուները և հեծանները պետք է այնպես բաշխված լինեն, որ կարողանան արդյունավետորեն կլանել ստորգետնյա ցնցումները։ 

Այնամենայնիվ, այս կանոնները վատ են պահպանվում։

«Խնդիրը մասամբ կայանում է նրանում, որ գոյություն ունեցող շենքերի մոդերնիզացիան հազվադեպ է տեղի ունենում, իսկ նոր շենքերի մեջ այդ նորմերը վատ են պահպանվում», – ասել է Լոնդոնի համալսարանական քոլեջի փորձագետը, հավելելով, որ Ճապոնիայում, օրինակ, անվտանգության պահանջները կախված են նրանից, թե ինչքանով է կառուցվող շենքը մոտ սեյսմավտանգ շրջաններին։


Ճապոնիայի սեյսմակայուն շենքերի շինարարությունը կապված է վտանգի մակարդակի հետ։ Նկարը՝ Japan property central-ից։

Շինարարական ներումներ

Թուրքիայի իշխանությունները պարբերաբար բաշխում են, այսպես կոչված, «շինարարական ներումներ»․ շենք կառուցելու համար պահանջվող անվտանգության չափանիշների մասին սերտիֆիկատ չունենալու համար՝ տուգանքների վճարումից օրինական ազատում։ 

Նման ներումներ կան 1960-ական թվականներից, և վերջին անգամ շնորհվել են 2018-ին․ քննադատները վաղուց են նախազգուշացնում, որ նման ներումները ուժեղ երկրաշարժների ժամանակ կարող են աղետի պատճառ դառնալ։

Թուրքիայի հարավում՝ երկրաշարժից տուժած գոտիներում, նման ներումներ են ստացել շուրջ 75 հազար շենքերի կառուցապատողներ՝ պնդում է Ստամբուլի թուրքական ինժեներների և ճարտարապետ-քաղշինարարների պալատի ղեկավարը։ 

Բացի այդ, երկրաշարժից ընդամենը մի քանի օր առաջ թուրքական լրատվամիջոցները գրում էին, որ խորհրդարանը պատրաստվում է կառուցապատողներին ավելի շատ արտոնություններ շնորհելու մասին նոր օրինագիծ ընդունել։

Իզմիրի երկրաշարժից հետո՝ տարիներ անց, BBC թուրքական ծառայության թղթակիցները պարզել էին, որ մարզում 672 հազար շինություններ շինարարական ներումներ են ստացել։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի շրջակա միջավայրի և ուրբանիզացիայի նախարարը հայտարարել էր, որ երկրում գոյություն ունեցող շենքերի շուրջ կեսը՝ մոտ 13 միլիոն շենք, կառուցվել են կանոնների խախտմամբ։ 

Ըստ Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչության, վերջին տվյալներով, երկրաշարժի հետևանքով մահացել է ավելի քան 29 հազար մարդ, առնվազն 80 հազար հոգի վիրավոր է։ Սիրիայում զոհերի թիվը անցել է 4500-ը, ավելի քան 14 հազար մարդ վիրավոր է։