Երևանի «Տեցի կռուգ» կոչվող տարածքում սեռական ծառայություններ մատուցած Աննան (անունը փոխված է) պնդում է, որ թրաֆիքինգի է ենթարկել: Ոմն Գոռ Վարդանյանը շուրջ 2 տարի շարունակ, ստիպելով Աննային վարձակալել իր մեքենան, ծեծել ու խլել է նրանից աշխատած գումարները։ Վարդանյանի գործն այժմ դատարանում է, նա մեղադրվում է Աննային և Տեցի կռուգում սեռական ծառայություններ մատուցող 3 այլ կանանց թրաֆիքինգի ենթարկելու մեջ: Factor TV-ն զրուցել է Աննայի, այս և նմանատիպ քրեական գործերով զբաղվող քննիչի ու Վարդանյանի փաստաբանի հետ։
Աննան Տեցի կռուգում հայտնվել է իր կամքով՝ 2020 թվականի հունիսին՝ հարևանների միջոցով, ովքեր նույնպես աշխատել են նույն տարածքում։ Վերջիններս նրան ծանոթացրել են Գոռ Վարդանյանի ու տարածքի չգրված կանոնի հետ․ եթե մեքենա չունես, այն պետք է վարձակալես այդպիսի ծառայություններ տրամադրող Գոռ Վարդանյանից և ոչ այլ մեկից։
2021 թվականի հունվարին Աննան Վարդանյանից վարձակալած մեքենայով վթարի է ենթարկվել, Վարդանյանը պահանջել է 1 ժամվա ընթացքում փոխհատուցել մեքենային հասցված 700 հազար դրամ վնասը: Աննան չի կարողացել վերադարձնել գումարը: Վարդանյանն ասել է, որ մեքենան վերանորոգելու համար ոսկի է գրավադրել, և կնոջից պահանջել ոսկու գինը (150 գրամ ոսկի՝ 1 գրամը 70-90 դոլարով)։ Անցել է 10 օր, Վարդանյանն այս անգամ կնոջն ասել է, որ քրեական գործ կա վթարի հետ կապված, և որ ինքը կփակի այդ գործը, բայց դա կնոջ վրա նստելու է ևս 150 գրամ ոսկու չափ գումար։ Այս գումարները Վարդանյանը ծեծելով է պահանջել կնոջից։
«Էդ ամբողջ գումարները իրար միացրել ա ու ասելա, որ ես միշտ իրան պետք ա սաղ կյանքս փողը փակեմ։ Ես մարմնավաճառություն էի անում իրա ասած օբյեկտներում ու գումարը ամբողջովին տալիս իրան», – ասել է Աննան Factor TV-ի հետ զրույցում։
Աննան փորձել է ընդդիմանալ Վարդանյանին, բայց չի ստացվել։
«Փորձել եմ չգնալ, ինքը եկել ա տուն, ծեծել ա ինձ, ասել ա՝ ինչի չես գնում, պիտի գնաս, էդ փողերը տաս ինձ․․․ Ուղղակի վախեցել եմ միշտ դիմեմ [իրավապահ մարմիններին], հետո նենց ստացվեց, որ էլ էդ ծեծերին դիմանալը անհնարին էր։ 2021 թվականին որոշեցի դիմել, սեպտեմբեր ամսին բողոքեցի Քննչական կոմիտեում, որ ինքը եկավ իմ տուն, անչափահաս երեխու մոտ հարձակում գործեց իմ վրա, դրանից հետո գնացի բողոքեցի», – պատմում է Աննան։
Տեցի կռուգում կանանց շահագործման ենթարկելու վերաբերյալ տվյալներ են ստացել նաև իրավապահները։ Քննչական կոմիտեում մինչ այդ քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել էր, որ տարբեր անձինք, օգտվելով այդ տարածքում սեռական բնույթի ծառայություններ մատուցող կանանց խոցելիությունից, նրանց ֆինանսական կախվածության մեջ դնելու նպատակով, շուկայականից բարձր գնով ավտոմեքենաներ ու ոսկի են տրամադրել։
Հարուցվել է նոր քրեական գործ, ըստ որի՝ 2020-21 թվականների ընթացքում, կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված սեռական ծառայություններ մատուցողները հաճախորդների թվի կտրուկ նվազում են ունեցել, ըստ այդմ՝ փորձել են գումար հայթայթել իրենց ոչ ձեռնտու պայմաններով։ Շահագործողները գրավադրելու համար տրամադրել են նրանց ոսկե զարդեր, որոնց մեկ գրամն այդ ժամանակ արժեր 25-30 դոլար, սակայն կանայք պարտավորվել են վերադարձնել դրա եռակին։
Շահագործողները տեղյակ են եղել այդ տարածքից, ծանոթ են եղել այդտեղ աշխատող կանանց հետ, նախկինում հիմնականում տաքսի ծառայություններ են մատուցել նրանց՝ Factor TV-ի հետ զրույցում ասել է քննիչ Էդուարդ Թումաղայանը։ Քննիչի խոսքերով՝ եղել են դեպքեր, երբ կանայք չեն ցանկացել տարածքում աշխատել, բայց հարկադրաբար, ծեծի ենթարկվելով, աշխատել են՝ պարտատերերի գումարը տալու համար։
Գոռ Վարդանյանի գործն ուղարկվել է դատարան, նա կալանավորված է և մեղադրվում է Աննային և Տեցի կռուգում սեռական ծառայություններ մատուցող 3 այլ կանանց թրաֆիքինգի ենթարկելու մեջ: Նրա փաստաբան Կարեն Քալանթարյանի խոսքով՝ Վարդանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և եթե անգամ Տեցի կռուգում ավտոմեքենաներ է վարձույթով տվել ու թանկ գնով ոսկի տրամադրել, դա թրաֆիքինգի հետ կապ չունի: