Home / Տեսանյութեր / Ինչու է Հայաստանում անհրաժեշտ ընտանեկան բռնության մասին օրենքը

Ինչու է Հայաստանում անհրաժեշտ ընտանեկան բռնության մասին օրենքը

«Կանանց աջակցման կենտրոնի» նախագահ Մարո Մաթոսյանը «Արդարադատության նախարարություն․ ինչու օրենքը չի պաշտպանում կանանց» հոդվածում ներկայացնում է ընտանեկան բռնության օրենքի անհրաժեշտության հիմքերը, Հայաստանում առկա իրավիճակը, Արդարադատության նախարարության՝ ոլորտը կարգավորելու պատասխանատվությունը։ Հոդվածը ներկայացնում ենք որոշ կրճատումներով․

2012թ-ին Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության 766 դեպք, 2013թ-ին`500։ Մինչդեռ ոչ պաշտոնական, օրինակ, «Ընդդեմ կանանց դեմ բռնության կոալիցիայի» տվյալների համաձայն՝ ստացվել է 2000 ընտանեկան բռնության դեպքի մասին ահազանգ։ Պաշտոնական և ոչ պաշտոնական տվյալների այս մեծ տարբերությունը բացատրվում է նրանով, որ հիմնականում կանայք խուսափում են պետական մարմիններ դիմելուց, և այդ դեպքերը չեն ընդգրկվում պաշտոնական տվյալների մեջ: Սակայն մեկ բան հաստատ է`ավելի ու ավելի շատ կանայք են աջակցություն փնտրում՝ անձնականը դարձնելով հասարակական և այդպիսով կոտրում կարծրատիպերը: Օրինակ, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ն (ԿԱԿ) այս տարի գրանցել է թեժ գծի զանգերի 80% աճ՝ համեմատած 2013 թվականի նույն ժամանակահատվածի հետ։

Ինչևէ նախորդ տարվա համեմատ՝ ավելացել են նաև ընտանեկան բռնության հետևանքով կանանց մահվան դեպքերը, և 2014 թվականը դեռ չի ավարտվել։ ԿԱԿ-ն այս տարի գրանցել է և ավելի դաժան, և ավելի հաճախակի կրկնվող բռնության դեպքեր։ ԿԱԿ-ին դիմած տուժած կանայք նշում են, որ իրենց նկատմամբ բռնությունները կրկնվել են, իրենք ենթարկվել են բռնաբարության՝ ամուսնու կողմից, դաժան բռնության՝ հղիության ընթացքում, որը հանգեցրել է վիժման կամ իրենց և իրենց երեխայի մոտ առողջական խնդիրների: Ընտանեկան բռնության ենթարկված կանանց երեխաներն էլ իրենց հերթին հոգեբանական հարված են ստացել, տառապում են գիշերամիզությամբ, ունեն վախեր և այլ տիպի հոգեբանական խնդիրներ։

Ինչ պետք է անի օրենքը

Ակնհայտ է, որ կառավարությունը չի կատարում իր պարտականություններն ընտանեկան բռնության զոհերի և նրանց երեխաների հանդեպ։ Նրանք պետության կողմից ստանում են մինիմալ աջակցություն, և նույնիսկ դա էլ չի համապատասխանեցվում զոհերի խոցելիության աստիճանին և խնդրի յուրահատկությանը: Գոյություն չունի հատուկ մշակված, գենդերային զգայուն քաղաքականություն ընտանեկան բռնության զոհերի համար, չկան աջակցման մեխանիզմներ և գործիքներ և չկան կառավարության կողմից առաջարկվող ծառայություններ՝ զոհերի և նրանց երեխաների համար: Նույնիսկ ոստիկանության բաժինները չունեն պատրաստվածություն՝ ընտանեկան բռնության դեպքերը քննելու և զոհերի հետ ճիշտ վարվելու։ Սոցիալական ծառայությունների բաժինները ևս չունեն պատրաստված մասնագետներ: Այս խնդիրների հիմնական պատճառը Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան բռնության մասին օրենքի բացակայությունն է։

Իհարկե, միայն օրենքի առկայությունը լուծում չի կարող հանդիսանալ, այն պետք է կիրառվի պատրաստված ոստիկանների, փաստաբանների և դատավորների կողմից, բայց պետք է քայլեր ձեռնարկել և ինչ-որ տեղից սկսել: Օրինակ, ընտանեկան բռնության օրենքը կարող է օգնել պաշտպանել զոհերին և պատժել բռնարարներին։ Օրենքը կօգնի բռնության զոհերին բռնություն պարունակող հարաբերություններից դուրս գալ և օգնության հույս ունենալ, իսկ ընտանեկան բռնության երևույթը կդիտվի որպես հանցանք և կդատապարտվի: Այսպիսով, ընտանեկան բռնությունը չի դիտվի որպես «ներընտանեկան խնդիր», այլ կդիտվի՝ մարդու իրավունքների խախտում:

Հայաստանն ունի գենդերային խտրականության հիման վրա գոյություն ունեցող բռնության դեմ պայքարելու միջազգային պարտավորություններ: Այսօր դեռ կառավարական մարմինները և արդարադատության նախարարությունը չունեն քաղաքական կամք մշակելու համապատասխան օրենքներ՝ ընտանեկան բռնության զոհին պաշտպանելու համար, քանի որ չգիտեն, թէ ինչ է ընտանեկան բռնությունը և ինչպես է այն դրսևորվում։ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը՝ սոցիալական հարցերի նախարարության հետ մեկտեղ, ներկայացրել է ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծ: Սակայն ՀՀ Ազգային Ժողովի հաստատմանն ուղարկելու փոխարեն այն մերժվել է: Այժմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է մի նոր օրենքի նախագիծ, որն ընդունվելու դեպքում նախատեսում է անդրադառնալ բոլոր խոցելի խմբերի խնդիրներին՝ առանց տարանջատելու նրանց հատուկ կարիքները: Ընտանեկան բռնությունը չի կարելի համատեղել հաշմանդամների և այլ խոցելի խմբերի հետ, որովհետև այն կարիք ունի խնդիրների լուծման առանձնահատուկ վերաբերմունքի, հատկապես, երբ վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս խնդիրն ի հայտ է գալիս հարաբերությունների 40%-ում:

Քանի որ այսօր չկան ընտանեկան բռնության մասին օրենք և բռնության դեմ պայքարի և զոհերի պաշտպանության համապատասախան մեխանիզմներ, նույնիսկ եթե կանայք համարձակություն են գտնում ոստիկանություն, սոցիալական ծառայություններին, երեխաների խնամակալության մարմնին դիմելու, նրանք օգնություն չեն ստանում և իրենց չեն զգում պաշտպանված:

Ոստիկանությունը նույնիսկ իրավունք չունի շարունակական բնույթ կրող և կրկնվող բռնության դեպքում բռնարարին մի քանի օրով ձերբակալել: Այն բռնարարին զոհից հեռու մնալու հրաման նույնիսկ չի կարող տալ։ Բռնարարը շարունակում է անպատիժ և ազատ մնալ և շարունակում է բռնություն գործադրել: Նույնիսկ, երբ բռնությունը մարդասպանության ելք է ունենում, բռնարարը կարողանում է կաշառքով ազատ արձակվել` սպանությունն ինքնասպանության կամ պատահականության վերագրելու միջոցով: Երբ զոհը դիմում է ոստիկանությանը, նրան անմիջապես հարցնում են «իսկ ի՞նչ ես արել»՝ ենթադրելով, որ որոշ դեպքերում կարելի է բռնությունն արդարացնել, կամ զոհին ասում են՝ «հետ գնա ամուսնուդ մոտ, սա ձեր ներքին խնդիրն է», և նույնիսկ առաջարկում են զոհին հեռանալ երկրից, որպեսզի բռնությունից զերծ մնա: Այս պատճառով զոհերը դիմում են Կանանց աջակցման կենտրոնին օգնության և պաշտպանության, ինչպես նաև ծառայություններ ստանալու համար, որ իրենք իրենց կարողանան վերականգնել, վերսկսել իրենց կյանքը բռնությունից զերծ, հոգ տանեն իրենց երեխաների մասին իրենց իսկ վաստակած միջոցներով և ապրեն արժանապատիվ կյանք: 

Ի՞նչ կարող է անել Արդարադատության նախարարությունը

Երբ Հայաստանի վարկանիշը մարդկանց թրաֆիքինգի հարցով շատ ցածր էր, ՀՀ Կառավարությունը ձեռնարկեց անհրաժեշտ քայլեր իրավիճակը բարելավելու համար, սակայն դա առաջին հերթին արվեց միջազգային հանրության մոտ լավ պատկեր ստանալու նպատակով: Այսօր ընտանեկան բռնությունը համարվում է ներքին խնդիր, և Կառավարությունը չի գիտակցում այդ խնդիրը լուծելու հրատապությունը։ Բայց չէ՞ որ խոսքը մեր ընտանիքների և ապագա սերունդների մասին է, երեխաների, ովքեր ենթարկվում են հոգեբանական հարվածների և դառնում ապագա բռնարարներ, որովհետև բռնությունը ձեռքբերովի վարքագիծ է:

Եվ վերջապես, արդարադատության նախարարությունը որպես պետական ինստիտուտ, ահռելի պատասխանատվություն ունի զոհին պաշտպանելու, հանցագործին պատժելու և զոհի արժանապատվությունը վերականգնելու: Մինչ այսօր մեր սահամանդրությունն ասում է, որ բոլորը հավասար են օրենքի առջև, իրականում կանայք և աղքատները ավելի քիչ են պաշտպանված։ Երևի թե արդեն ժամանակն է փոխելու այս վերաբերմունքը և ներկայացնելու «Ընտանեկան բռնության մասին» օրենքը Հայաստանում: