Home / Հայաստան / Արդյոք «գենդեր»-ը պետք է ներառել դասագրքերում․ թեժ քննարկում Երևանում

Արդյոք «գենդեր»-ը պետք է ներառել դասագրքերում․ թեժ քննարկում Երևանում

Այսօր [Հայաստանի] հասարակությունում «գենդեր» բառն ասելը հավասարազոր է հայհոյելուն․ դուք ի՞նչ կոնտեքստում եք ներկայացնում այս ծրագիրը։ Այսօր Երևանի «Կոնգրես» հյուրանոցում «Գենդերային բաղադրիչի ներառումը «հասարակագիտություն» առարկայի դասագրքերում» թեմայով քննարկման ժամանակ նման հարց է տվել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչ Լիլիթ Նազարյանը։

Նշված առաջարկությունների փաթեթը պատրաստվել է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի կողմից ու հիմնված է 140 փորձագետների վերլուծությունների և ուսումնասիրությունների վրա։ Փաթեթը երկու տարի տևողություն ունեցող ծրագրի երրորդ փուլն է․ ծրագրի նպատակն էր ուսումնասիրել, վերլուծել և վերանայել «հասարակագիտություն» առարկայի դասագրքերի բովանդակությունն ու դասավանդման մեթոդները գենդերային տեսանկյունից։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թեմաները, որոնք արծարծում են այնպիսի կարևորագույն խնդիրներ, ինչպիսիք են գենդերային հարաբերությունները հասարակության մեջ՝ գենդերային դերեր, գենդերային կարծրատիպեր, գենդերային խտրականություն, գենդերային անհամաչափություն հասարակական և քաղաքական տարբեր ոլորտներում և այլն, ընդգրկված չեն և ոչ մի դասագրքում։ Այնինչ բազամաթիվ վիճակագրական տվյալներ խոսում են հայաստանյան հասարակությունում առկա գենդերային անհավասարության, կանանց և տղամարդկանց սոցիալական դիրքի և կյանքի հնարավորությունների անհամաչափության, ընտանիքում, աշխատաշուկայում և մի շարք այլ ոլորտներում առկա գենդերային խտրականության մասին։

Երևանի «Կոնգրես» հյուրանոցում անցկացված այսօրվա կլոր սեղանի որոշ մասնակիցներ, սակայն, կարծիք են հայտնել, որ նման ծրագիրը ներկայիս քաղաքական մթնոլորտում անիրատեսական է, հատկապես, վերջերս առաջարկված գենդերային հավասարության օրենքի շուրջ բարձրացված աղմուկից հետո։

«Հինգ տարի առաջ այս ծրագիրը կարող էր իմաստ ունենալ։ Բայց հիմա, այսօր՝ 2014 թ․-ի ապրիլի 15-ին, [այս առաջարկությունների փաթեթում] այսօրվա իրավիճակի վերաբերյալ ոչինչ չկա։ Դուք Հայաստանին ընդհանրապես չեք անդրադարձել։ Ի՞նչ հասարակությունում, ի՞նչ երկրում, ի՞նչ համատեքստում եք դուք սա ուսումնասիրում։ Ի՞նչ հույսով եք ներկայացնում այս առաջարկությունները»,- հարցրել է Նազարյանը։

Ի պատասխան՝ «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Աննա Նիկողոսյանն ասել է, որ հասարակագիտությունը դպրոցական կարևոր առարկա է, քանի որ այն ձևավորում է ապագա քաղաքացիներ և հասարակության անդամներ։

Կլոր սեղանի մեկ այլ մասնակից, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ներկայացուցիչը նույնպես չի համաձայնել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ներկայացուցչի հետ՝ ասելով, որ միասին իրենք պետք է հասկանան խնդիրն ու թե ինչպես կարող են անդրադառնալ դրան։ Այն, որ «գենդեր» բառը կարող է նման իրարանցման պատճառ դառնալ, նշանակում է, որ աշխատանքի կարիք կա։ ՄԱԶԾ-ի ներկայացուցչի կարծիքով՝ այս աշխատանքի մեկնարկային կետը կանանց և ընտանիքների որոշումն է՝ իգական սեռի պտղից արհեստական եղանակով ազատվելու վերաբերյալ։ Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը լուրջ խնդիր է Հայաստանում։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Արմենուհի Թանաշյանը կարծիք է հայտնել, որ դպրոցներում գենդերի վերաբերյալ առանձին թեմայի կարիք չկա։ Ըստ նրա՝ այդպիսով «մենք երեխաներին ասում ենք՝ ամեն ինչից առանձին գոյություն ունի գենդեր, որն իր համար ապրում է կղզում»։ Թանաշյանի կարծիքով՝ կարևոր է ուսուցիչներին կրթելը։

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ ծրագիրն առաջարկում է հանրային իրազեկման միջոցառումներ անցկացնել, մասնավորապես, սեմինարներ և կլոր սեղաններ ոչ միայն ուսանողների, այլև ծնողների, համայնքային ներկայացուցիչների և մանկավարժների համար։

Կլոր սեղանն ավարտվել է համեմատաբար խաղաղ մթնոլորոտւմ՝ չնայած այն բանին, որ «Քրիստոնյաներն ընդդեմ համարակալման» ՀԿ-ի նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը փորձել է դրան խանգարել հանդիպման մեկնարկին։

«Ամոթ է, դուք հայ կանայք եք»,- բղավել է նա, երբ կլոր սեղանի կազմակերպիչներն արգելափակել են նրա մուտքը դահլիճ։ Քիչ անց ժամանած անվտանգության ծառայողները նրան հեռացրել են դահլիճից, սակայն Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը միջամտել է ու կազմակերպիչներին կոչ արել նրան ներս թողնել։

«Ես Ստամբոլցյանի հետ համաձայն չեմ, բայց նրա ասածի մեջ որոշ ճշմարտություն կա։ Նա պետք է իր տեսակետներն արտահայտելու իրավունք ունենա։ Մենք պարտավոր ենք լսել նրան, հատկապես, քանի որ այս ծրագիրը հանդուրժողականություն և հավասարություն է քարոզում ու դեմ է խտրականությանը», – ավելի ուշ՝ հարց ու պատասխանի ընթացքում ավելացրել է նա։

Կլոր սեղանի կազմակերպիչները, սակայն, նշել են, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ստամբոլցյանը փորձել է խափանել իրենց միջոցառումները, ու իրենք ուրախ կլինեին նրան թույլ տալ իր տեսակետներն արտահայտել, եթե նա հանգիստ նստեր ու թույլ տար՝ մյուսները խոսեին, այնինչ նա պարզ ասել էր, որ իր նպատակը միջոցառմանը խանգարելն էր։