Պեմզաշեն գյուղում 31-ամյա կնոջ և նրա երկու մանկահասակ երեխաների դաժան սպանության մեջ կասկածվող տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել․ կալանքի միջնորդությունը ներկայացվել է դատարան։
Քննչական կոմիտեից ավելի վաղ հաղորդել էին, որ շաբաթ օրը ձերբակալվել է Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը․ նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Հաջորդ օրը՝ նոյեմբերի 13-ին, ձերբակալվել է նաև Շիրակի մարզի 42-ամյա բնակիչը։ Պեմզաշենի համայնքապետ Աղասի Վարդանյանի խոսքով, սպանությունների մեջ կասկածվողները նույն գյուղից են՝ ազգականներ են։
Ինքնադատաստանի փորձերը կանխելու համար կասկածյալների ընտանիքների անդամներին տարհանել են Պեմզաշենից, գրում է Sputnik Արմենիան։
News.am-ի հետ զրույցում Քննչական կոմիտեից հաստատել են՝ կասկածյալներից մեկը սեռական ոտնձգություն է կատարել 12-ամյա աղջկա նկատմամբ։
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից տեղեկացրել էին, որ նոյեմբերի 9-ի Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում՝ իրենց տան ննջասենյակում, հայտնաբերվել են 1991 թվականին ծնված կնոջ և նրա երկու երեխաների՝ 2010 թվականին ծնված դստեր և 2014-ին ծնված որդու դիերը՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում՝ կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանները դիմել էին հանրությանը՝ երաշխավորելով «կատարվածի բացահայտման առումով արժեքավոր տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը» և խոստանալով «դրամական պարգև»։ Sputnik Արմենիային գյուղացիներից մեկը` Սոկրատ Պետրոսյանը, ասել է, որ «տարածքում տեսախցիկներ են եղել, որոնք օգնել են բացահայտել հանցագործությունը»։
Սպանված կնոջ ամուսինը Ռուսաստանում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։