Ծառայողական ավտոմեքենաների «կացնային» մեթոդով կրճատման տակ են ընկել նաև պետաշխատողների ավտոբուսները․ նախարարությունների և այլ գերատեսչությունների աշխատակիցները գործի գնալու համար ստիպված են օգտվել թանկացած հանրային տրանսպորտից։
Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում հայտարարել էր, որ ծառայողական մեքենաների կրճատումն իրականացնելու է կացնային մոտեցմամբ։
«Ես գերատեսչությունների մեքենաների ցուցակներն ուզում եմ և ուղղակի գրիչով խազեր եմ քաշում այդ մեքենաների վրա», – ասել էր Փաշինյանը։
Հունվարի 30-ին Կառավարության նիստի ընթացքում վարչապետը նշել էր, որ պետական մարմիններից հետ կվերցվի 423 տրանսպորտային միջոց, որոնք կփոխանցվեն Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Վերջինս, դրանք կարող է վաճառել աճուրդով։
Այս որոշման արդյունքում, ըստ Փաշինյանի, ծառայողական մեքենաների թվի «պատմական մինիմում կարձանագրվի», իսկ փոփոխությունը միաժամանակ խթան կհանդիսանա, որ պետծառայողները «ավելի անմիջական շփվեն քաղաքացիների հետ»։
Մինչև հիմա կրճատվել են Պաշտպանության նախարարության, ՆԳՆ-ի, Պետական եկամուտների կոմիտեի ծառայողական ավտոբուսները։
Պաշտպանության նախարարության աշխատակիցներից մեկը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ, հատկապես ՊՆ-ի դեպքում, դա սխալ որոշում է․ նախարարության շենքը գտնվում է քաղաքից դուրս, աշխատակիցների մեծ մասը ստիպված է մի քանի տրանսպորտ փոխել տեղ հասնելու համար, իսկ փետրվարից դա էլ ավելի բարդ և թանկ կլինի։
«Հիմա ամեն գերատեսչություն ինքն է մտածում, թե իր գլխի ճարն ինչպես տեսնի։ Աշխատողները միավորվում են, մինի-վեն են վարձում, փող են քցվում, որ իրենց տանի տուն կամ բերի գործի», – նշել է մեր զրուցակիցը։
Ծառայողական մեքենաների կրճատման պահանջը, սակայն, վերաբերել է բարձրաստիճան պաշտոնյաների թանկարժեք մեքենաներին, վարորդներին և ուղեկցողներին։ Հատկանշանակ է, որ դրանք ամբողջությամբ չեն կրճատվի։
Փաշինյանն ու տիկինը՝ Աննա Հակոբյանը իրենց հաղորդաշարում բացատրել են, որ տրանսպորտով երթևեկելու դեպքում շատ աշխատաժամանակ կկորցնեն և դա ավելի թանկ կնստի պետության վրա։
Պետհիմնարկների աշխատողների ճյուղային արհմիության նախագահ Անահիտ Ասատրյան Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ ավտոբուսներից հրաժարվելը վատթարացնում է աշխատողների սոցիալական-տնտեսական վիճակը, քանի որ աշխատակիցներից շատերը ստիպված են երթևեկել փետրվարից առնվազն երկու անգամ թանկացող և գերբեռնված քաղաքային տրանսպորտով կամ տաքսիով։ Իսկ ոչ-ֆորմալ ավտոբուսային փոխադրումները տապալում են կառավարության կանխիկի և ստվերի կրճատման և Երևանի՝ կենտրոնը բեռնափափելու քաղաքականությամբ։
Արհմիության նախագահը վարչապետի աշխատակազմին հարցում է ուղարկել։ Պատասխանել են, որ իրենց մոտ կրճատումներ եղել են, մյուս գերատեսչություններից իրենք տեղյակ չեն։
«Իբր թե կենտրոնացված չի», – նկատում է Ասատրյանը։
Թե Փաշինյանի նշած 423 տրանսպորտային միջոցներից քանիսն են ծառայողական ավտոբուսներ, այս պահին հայտնի չէ։ Կառավարությունից քանակի և այլ բովանդակային հարցերի չպատասխանեցին։ Նշեցին, որ նախագիծն ու դրա կառավորումը իրականացնում է ՏԿԵ նախարարությունը, նախարարությունից էլ հայտնեցին, որ նախագծի հետ ոչ մի կապ չունեն, դրանով զբաղվում է Պետական գույքի կառավարման կոմիտեն։ Կոմիտեից ուղարկել են մեքենաների ցանկը, թե դրանցից որոնք են ավտոբուսներ, կարող են ասել միայն գրավոր հարցման դեպքում։