Home / Առողջապահություն / Թբիլիսիի դատարանը 3 ամսով երկարաձգեց ադրբեջանցի լրագրողի կալանքը

Թբիլիսիի դատարանը 3 ամսով երկարաձգեց ադրբեջանցի լրագրողի կալանքը

Թբիլիսիի դատարանը ևս 3 ամսով երկարաձգեց 134 օր հացադուլի մեջ գտնվող ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովի կալանքը։ Դատարանը մերժել է մի խումբ վրացի լրագրողների միջնորդությունը՝ գրավի դիմաց փոխել նրա խափանման միջոցը։

Սադիգովի կինը՝ Սևինջ Սադիոգովան «Թուրան» գործակալությանը հայտնել է, որ իր ամուսինն արդեն 134 օր է՝ հացադուլի մեջ է․ «Վերջին շաբաթներին նրան դեղորայքով և վիտամիններով հագեցած հեղուկներ են տվել՝ կանխելու արյան շաքարի անկման և կոմայի վտանգը»։ Աֆղան Սադիոգովի քաշը վերջին ամիսներին 95 կգ-ից հասել է 54-ի։

Անցած շաբաթներին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը պարտավորեցրել է վրացական իշխանություններին Սադիգովին չարտահանձնել Ադրբեջան, քանի դեռ չկա վերջնական վճիռ նրա դեմ հարուցված քրեական գործով: ՄԻԵԴ-ը հաշվի է առել, որ Ադրբեջանում լրագրողի իրավունքները կխախտվեն։

Ադրբեջանական Azel.Tv լրատվական կայքի գլխավոր խմբագիր Աֆղան Սադիգովին Վրաստանում ձերբակալել են օգոստոսի 4-ին։ Լրագրողը Թբիլիսի տեղափոխվել էր 2023 թվականին՝ առողջական պատճառներով։ Հետո փորձել է Ստամբուլ գնալ։ Չեն թողել։ Ասել են, որ Ադրբեջանը արտահանձնման պահանջ է ներկայացրել, Վրաստանից նա կարող է միայն Ադրբեջան գնալ։ Փաստաբանները բողոքարկել են լրագրողի ձերբակալությունը, առաջարկել են գրավի դիմաց ազատ արձակել։ Դատարանն այդ միջնորդությունը մերժել է։ Սադիգովը դիմել է Վրաստանի միգրացիայի հարցերով դեպարտամենտ՝ քաղապաստան հայցելու խնդրանքով։ Սեպտեմբերի 16-ին միգրացիոնը պաշտոնապես մերժել է հայցը։ Վրացական իրավապաշտպաններն ու փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան՝ ընդդեմ միգրացիոն ծառայության։

Աֆղան Սադիգովը 2024-ի սեպտեմբերի 20-ից բանտում հացադուլ է իրականացնում՝ ի նշան իր ազատազրկման և քաղապաստանի հայցի մերժման դեմ բողոքի։ Լրագրողի կինը՝ Սևինջ Սադիգովան, հոկտեմբերի 15-ին ամուսնուն այցելելուց հետո հայտնել է, որ հացադուլի 25-րդ օրը նա արդեն նիհարել էր ավելի քան 20կգ։ Անցյալ շաբաթ լրագրողի ճնշումը ծայրահեղ իջել է։ Վիճակը կայունացնել հաջողվել է միայն դեղերի միջոցով։

Կնոջ հետ վերջին հանդիպման ժամանակ նրան բերել են սայլակով։ Նախկինում թույլ էին տալիս տեսակցել երկար ու առանց բանտապահների։ Այս անգամ տեսակցությունը տևել է ընդհամենը մեկ ժամ, քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ներկայությամբ։

Ամուսնուն տեսակցելուց առաջ Սադիգովան զրուցել է բանտային բժշկի և հոգեբանի հետ. «Բժիշկն ինձ ասաց, որ Աֆղանի վերջին անալիզների պատասխաններն անհանգստացնող են։ Երիկամների լուրջ խնդիրներ ունի, արյան մեջ շաքարի մակարդակը վտանգավոր ցածր է։ Դրա պատճառով ամեն վայրկյան կարող է կոմայի մեջ ընկնել։ Արյան ճնշումը ևս ցածր է, արագ քաշ է կորցնում»։

Բժիշկը Սևինջին խնդրել է համոզել ամուսնուն ընդունել գոնե նվազագույն սննդարար նյութերով սիստեմաներ։ Սադիգովը, սակայն, չի համաձայնել։ Հոգեբանը Սևինջի հարցերին չի պատասխանել դուստրերի ներկայությամբ, ասել է, որ վիճակը վատ է։

«Աֆղանն ասաց, որ շարունակելու է հացադուլը հանուն արդարության վերականգնման, նույնիսկ եթե ստիպված լինի կյանքով վճարել», – ասում է լրագրողի կինը։

Սադիգովը պատմել է, որ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները փորձում են սադրել իրեն։ Լոգասենյակում, որը միակ չտեսանկարահանվող տարածքն է, բանտապահներից մեկը Աֆղանին սենդվիչ է առաջարկել։ Մերժել է։ Հետո աշխատակիցն այդ սենդվիչը աղբամանն է նետել։ Այսինքն, սենյակում տեղադրված տեսախցիկը ֆիքսել է, որ աշխատակիցը մտնում է լոգասենյակ սենդվիչը ձեռքին, դուրս է գալիս դատարկ ձեռքերով։ «Աֆղանը չի հասկանում, թե ինչ են ուզում ցույց տալ հսկիչները այդպիսի գործողություններով։ Մտավախություններ ունի, որ քրեակատարողականի աշխատակիցները փորձում են սադրել իրեն», – ասում է Սևինջ Սադիգովան։