Ղազախստանցի ընդդիմադիր ակտիվիստ և լրագրող Այդոս Սադիկովը, ում նկատմամբ հունիսի կեսերին մահափորձ էին իրականացրել, մահացել է Կիևում, հայտնում է լրագրողի կինը` Նատալյա Սադիկովան։
«Այդոս Սադիկովը մեզնից հեռացավ այսօր, Կիևի ժամանակով 03։00-ին։ Իմ պաշտելի ամուսինը, մեր երեք երեխաների հայրը, ղազախ ժողովրդի մեծն որդին։ Այդոսն իր կյանքը տվեց հանուն Ղազախստանի, ընդունեց տանջալից մահը կիլլերների ձեռքից», – ֆեյսբուքի իր էջում գրել է Սադիկովան։
Հունիսի 18-ին լրագրողի նկատմամբ մահափորձ էին իրականացրել Կիևի Շևչենկովի թաղամասում, որտեղ Սադիկովը կնոջ հետ գտնվում էր մեքենայում։ Անհայտ անձը մի քանի անգամ կրակել է լրագրողի ուղղությամբ։ Սադիկովը «գլխուղեղի ներթափանցող վիրավորում» է ստացել ու հիվանդանոց տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում։ Վերակենդանացման բաժանմունքում անց է կացրել 13 օր։ Ակտիվիստի կինը հարձակման արդյունքում չի տուժել։
Ուկրաինայի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ լրագրողի մահափորձի մեջ կասկածվում են Ղազախստանի երկու քաղաքացիներ, որոնք Կիև են ժամանել Լեհաստանից։ Նրանցից մեկը ինքն է ոստիկանություն ներկայացել։
Սադիկովն ընտանիքի հետ փախստականի կարգավիճակով Կիևում բնակվում էր 2014 թվականից։ Հայրենիքում լրագրողը քրեական հետապնդման էր ենթարկվում` քաղաքական մոտիվներով։
«Բասե» տելեգրամ ալիքում և համանուն Յութուբի էջում լրագրողը հրապարակում էր նյութեր, որոնցում քննադատում էր Ղազախստանի իշխանություններին և մեղադրում «Ռուսաստանի համար աշխատելու մեջ»։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին հոլովակներից մեկում անվանում է «ռուսական ազդեցության ագենտների խամաճիկը»։
Անցյալ տարվա աշնանը Սադիկովի ու նրա կնոջ նկատմամբ Ղազախստանում հետախուզում էր հայտարարվել, մեղադրվում էին թշնամություն հրահրելու մեջ։
Մահափորձից հետո Ղազախստանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ ուժայինները զբաղվում են երկրորդ կասկածյալի որոնմամբ. այդ մասին հանձնարարությունը տվել էր անձամբ երկրի նախագահը։
Սադիկովան ավելի վաղ գրել էր, որ կասկածյալներից մեկը ոստիկանության աշխատակից է։ Ղազախստանի Ներքին գործերի նախարարությունից պարզաբանել էին, որ նշված անձն աշխատանքից ազատվել է դեռևս 2019 թվականի հունվարին։