Home / Հայաստան / Արդեն չոչող, բայց դեռ չքայլող ամենաարագ մարդիկ

Արդեն չոչող, բայց դեռ չքայլող ամենաարագ մարդիկ

Չոչի մրցույթ՝ կանոններ․

— երեխան պետք է լինի 6-ից 14 ամսական՝ արդեն չոչող, բայց դեռ չքայլող

— կարող է ունենալ երկու ուղեկցող մեծահասակ (մեկը ճանապարհում է, մյուսը՝ դիմավորում)

— դիմավորող մեծահասակը երեխային կարող է գայթակղել նրա սիրած իրերով՝ խաղալիքներ, ուտելիքներ, կենցաղային պարագաներ և այլն։

— ․․․

Մրցույթի մասնակցող երեխաներին անվանում են «չոչորդ», ճանապարհը, որով նրանք պետք է անցնեն՝ «չոչուղի»։

Մրցույթը կազմակերպվում է տարին մեկ երևանյան «Երազ» զբոսայգում։ Առաջին անգամ չոչորդները մրցել են 2020-ին։ Մասնակցությունը ավանդապես վճարովի է (յուրաքանչյուր երեխայի համար տաս հազար դրամ), ներկայությունը՝ անվճար։

Չոչորդները ունեն երկու ուղեկցող, մեկը ճանապարհում է նրանց, մյուսը՝ դիմավորում։ Դիմավորողները երեխային գրավելու համար իրեր են բերում։ Այս տարի գայթակղող իրերի շարքում էին կիթառը, մատնաքաշը, Չոքո-փայի տուփը, երեխայի սիրելի բաժակը, մեծ եղբոր խաղալիքները։ Նախորդ տարիներին եղել են ռոբոտ փոշեկուլներ, կախիչներ, միքսերներ, մի անգամ էլ` երեխայի զույգ եղբայրը։

Չոչորդների մեծ մասը ստարտից հետո տեղից չէին շարժվում, ծայրամասային չոչուղիների մարզիկները հիմնականում լացում էին։ Երկրպագուների ստեղծած աղմուկը երեխաների համար մի քիչ վախենալու էր։ Հարազատները շփոթված չոչորդներին փորձում էին ոգևորել պաստառներով և փուչիկներով։ Նրանց համար, ում չոչելու տարիքն արդեն անցել է, մրցույթի հովանավորները (մասնավոր բիզնես-ընկերություններ, որոնք զբաղվում են մանկական իրերի առևտրով կամ մանկավարժական ծառայությունների մատուցմամբ) ժամանցային տաղավարներ էին սարքել՝ նկարչություն, առաջին բուժօգնություն, ճուտիկներ։ Տարածքում էին սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները և բալետի պարուհիներ։

Մրցույթը տեղի է ունեցել հունիսի 30-ին։