Հակակոռուպցիոն դատարանը որոշել է Գագիկ Ծառուկյանի աղջկանից և փեսայից հօգուտ Հայաստանի բռնագանձել ավելի քան 1 միլիարդ 286 միլիոն դրամ, 264 հազար դոլարի պահանջի իրավունք, երկու անշարժ գույք և բաժնեմասեր:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության կողմից ներկայացված հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանում քննվում էր ավելի քան երկու տարի։ Ըստ վճռի՝ Գագիկ Ծառուկյանի փեսա, Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի գույքից պետականացման է ենթակա Կոտայքի մարզում գտնվող մեկ բնակելի տուն և մեկ հողամաս, «ԱԿԲԱ» բանկում և «Էլեկտրոմոնտաժ» ՍՊԸ-ում ունեցած բաժնետոմսեր, 1 մլրդ 638 մլն 557 հազար դրամ և 58 մլն 120 հազար դրամ ապօրինի եկամտի մնացորդ:
Ըստ Դատական իշխանության կայքէջի՝ սա Գուլոյանից գույքի բռնագանձման պահանջով երկրորդ վճիռն է։
Ծառուկյանի փեսան նախորդ տարվա սեպտեմբերից անցնում է նաև քրեական գործով։ 2008-2015 թթ․ պաշտոնավարման ընթացքում Գուլոյանը, տեղյակ լինելով օրենսդրական արգելքի մասին` խախտել է մի շարք իրավական ակտերի պահանջներն ու օտարել օտարման ոչ ենթակա հողատարածքներ՝ համայնքին պատճառելով 537 մլն 802 հազար 150 դրամի գույքային վնաս։ Ըստ Դատախազության՝ 474 մլն 949 հազար 600 դրամը նախաքննության ընթացքում վերականգնվել է:
լուսանկարը Գագիկ Ծառուկյանի պաշտոնական կայքից
տե՛ս Քոչարյանի, Ծառուկյանի և Խաչատրյանի «գողացածը»՝ ըստ դատախազության