Գլխավոր դատախազությունն ապօրինի գույքի բռնագանձման պահանջով 71 հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։ Հայցերից 3-ին խորհրդարանում անդրադարձել է դատախազ Աննա Վարդապետյանը։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված 7 անձից նախատեսվում է բռնագանձել 25 միավոր անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան և արտասահմանյան 16 ընկերություններում, ավելի քան 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ, շուրջ 10 միլիարդ դրամին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, ավելի քան 35 միլիարդ դրամ։
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից ու նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի շուրջ 200 միավոր անշարժ գույքի բռնագանձման պահանջ է դրվել, դրանցից 56-ը, ըստ դատախազի, Երևանի կենտրոնում են:
Ֆինանսների նախկին նախարար Խաչատրյանից պահանջվում է բռնագանձել նաև 13 տրանսպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան ու արտասահմանյան 29 ընկերություններում, ավելի քան 1,4 միլիոն դոլարի ավանդ և արժեթուղթ, ավելի քան 23 միլիոն դոլարին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, ավելի քան 23 միլիարդ դրամ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի կառավարության պահանջով Միացյալ Նահանգներում սկսկվել է Խաչատրյաններին պատկանող լոսանջելեսյան շքեղ դղյակի բռնագանձման պրոցեսը․ դղյակի շուկայական արժեքը 63,5 միլիոն դոլար էր գնահատվում։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանից ու նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, չնույնականացված 8 տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեք 349 միլիոն դրամի չափով, զիջված պահանջի իրավունքի գումար՝ շուրջ 33,5 միլիոն դրամ։
Բացի այդ, դատախազությունը պահանջում է, որ Գագիկ Ծառուկյանից բռնագանձվի 10 անշարժ գույքի շուկայական արժեք, 39 իրավաբանական անձում բաժնեմաս ու բաժնետոմս, ավելի քան 63,3 միլիարդ դրամին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, 12 ֆիզիկական ու իրավաբանական անձանց տրամադրված փոխառությունների գումարի չափ՝ ավելի քան 16,8 միլիարդ դրամին համարժեք, ու ավելի քան 86 միլիարդ 480 միլիոն դրամի բռնագանձման պահանջ։