ԱՄՆ արդարադատության նախարարությունը սկսել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող, Լոս Անջելեսում գտնվող շքեղ առանձնատան բռնագանձման գործընթաց՝ հղվելով ԱՄՆ արդարադատության նախարարությանը, գրել է ՍիվիլՆեթը։
Առանձնատունը, որն ունի գրեթե 2 800 քմ մակերես, գտնվում է Լոս Անջելեսի Հոլմբի հիլս (Holmby Hills) թանկարժեք թաղամասի Սաութ Մափլթոն դրայվ (South Mapleton Drive) փողոցում։ Առանձնատունը գնել էին Խաչատրյանի որդիները՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանները։
ԱՄՆ համապատասխան մարմինները առանձատան հետ կապված գործընթացը սկսել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության և Գլխավոր դատախազության դիմումների հիման վրա։
Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության փոխանցմամբ՝ առանձնատունը ձեռք է բերվել Հայաստանում «կոռուպցիոն սխեմայից ձևավորված եկամուտներով»։ Ըստ հաղորդագրության՝ երկուշաբթի Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դատարանում ԱՄՆ արդարադատության նախարարությունը ներկայացրել է հայց՝ հայտնելով, որ գործարար Սեդրակ Առուստամյանը Խաչատրյանին և նրա ընտանիքին ավելի քան 20 միլիոն դոլար կաշառք է տվել՝ իր բիզնեսի նկատմամբ բարենպաստ հարկային վերաբերմունքի դիմաց:
Ամերիկայն ABC7 հեռուստաընկերության ռեպորտաժը
Քրեական այս գործը Հայաստանում հարուցվել էր 2020-ին։ ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ»-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը, ըստ ԱԱԾ-ի, ավելի քան 22 միլիոն դոլար էր տվել Խաչատրյանին՝ իր առևտրային կազմակերպությունների համար խոչընդոտներ չստեղծելու համար։ Գումարը, ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության, ուղղվել էր Լոս Անջելեսում առանձնատան գնմանը։
Առանձնատունը ներկայում վաճառքի է հանված 63,5 միլիոն դոլարով։
Հաղորդագրության համաձայն՝ առանձնատան հետ կապված գործարքը հետաքննվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) Եվրասիական կազմակերպված հանցավորության դեմ պայքարի խմբի (EOCTF) և ԱՄՆ Մարշալների ծառայության կողմից․ Հայաստանի գլխավոր դատախազությունը և Ազգային անվտանգության ծառայությունը ցուցաբերել են առանցքային օգնություն։
Գործը քննվում է «Գողապետության ակտիվների վերականգնման նախաձեռնության» (Kleptocracy Asset Recovery Initiative) շրջանակում։ Այն հիմնվել է Կոնգրեսի կողմից և նպատակ ունի խթանել ԱՄՆ կառավարության հանձնառությունը՝ պայքարելու օտարերկրյա կառավարությունների կոռուպցիայի դեմ և ծառայելու ԱՄՆ ջանքերին՝ բացահայտելու և վերականգնելու գողացված ակտիվները, բռնագրավելու կոռուպցիայից ստացված եկամուտները, անհրաժեշտության և հնարավորության դեպքում՝ վերադարձնելու գողացված ակտիվները կամ հասույթները կոռուպցիոն գործողություններից տուժած երկրին:
Գագիկ Խաչատրյանի որդիները «Գալաքսի գրուպ»-ի հիմնադիրներն են։ Ընկերությունների խումբը ներառում է հեռահաղորդակցության օպերատոր «Յուքոմ»-ը, Chronograph և Time ժամացույցների խանութների ցանցը, «Մեգա ֆուդ» և «Մեգա սպորտ» ընկերությունները, «Երևան Մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնը։