Home / Շուկա / Մաքսայինի գողական բարքերը․ ինչու են պատժում տնտեսվարողին և հարձակվում լրագրողի վրա

Մաքսայինի գողական բարքերը․ ինչու են պատժում տնտեսվարողին և հարձակվում լրագրողի վրա

Հուլիսի 31-ին Արարատյան մաքսատուն֊վարչությունում պետք է տեղի ունենար ձեռներեց, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի մասնակցությամբ վարչական նիստը։ 

Վարդգես Գասպարիին պատկանող «VAL Automation» կազմակերպության ներմուծման հայտարարագրերում մաքսային ծառայողները հերթական անգամ տեխնիկական անճշտություններ էին գտել, որոնց առթիվ իրավաբանական վարչությունում վարչական վարույթ էր հարուցվել։ 

Ինքը՝ Գասպարին, պնդում է, որ տարիներ շարունակ մաքսային ծառայողները արհեստական խոչընդոտներ են ստեղծում իր տնտեսական գործունեության համար․ թղթաբանական քաշքշուկներն ու բարդացված բյուրոկրատիան «պատժամիջոց» են, որոնցով մաքսայինը պատասխանում է համակարգային կոռուպցիայի մասին նրա ահազանգերին։ 

Բացի այդ՝ հարուցված վարչական վարույթի շրջանակներում, ըստ Գասպարիի, մաքսային ծառայողները փաստաթուղթ են կեղծել։ Հանցագործության մասին նրա հաղորդումները տասը օր շարունակ, սակայն, մնում են անարձագանք․ ծառայողական քննություն մինչ այժմ չի նախաձեռնվել, զրպարտության մասին բողոք չի ներկայացվել, ձեռներեցի պահանջները՝ ներկայացնել տեսախցիկների ձայնագրությունը, որը կապացուցի իր խոսքերը, ևս մնացել են անարձագանք։

Ակնկալվում էր, որ նիստի ընթացքում մաքսատան իրավաբանական վարչությունը բացատրություններ կներկայացնի թե՛ հայտարարագրերում հայտնաբերված անճշտությունների կամ սխալների, թե՛ Գասպարիի մեղադրանքների վերաբերյալ։ Նիստը, սակայն, չկայացավ։

Մաքսատան իրավաբանը որպես նախապայման պահանջեց անջատել տեսախցիկն ու ուղիղ հեռարձակումը, Գասպարին հրաժարվեց՝ շեշտելով, որ միայն տեսաձայնագրությունը կարող է պաշտպանել իրեն մաքսային ծառայողների անհարգալից վերաբերմունքից և հավանական կեղծիքներից, որոնք կարող են արվել նիստի ընթացքում կամ դրանից հետո։ 

Վերադասի հետ ճշտվելուց հետո՝ հղվելով օրենքի դրույթին, մաքսատան իրավաբանը դադարեցրեց նիստը։ Տեսախցիկն անջատելու «օրինական պահանջին» չենթարկվելը իրավական հետևանքներ կունենա, նախազգուշացրեցին նիստի ավարտից հետո։

Մեկ ժամվա ընթացքում, որ Epress.am-ի լրագրողն անցկացրեց Արարատյան մաքսատուն֊վարչությունում, տեսախցիկ ունենալու անհրաժեշտությունը, թերևս, միայն հաստատվեց։ Մաքսատան աշխատակիցները պարբերաբար ռեպլիկներ էին թողնում Գասպարիի հետևից, տեսախցիկը միացնելուն պես՝ դրսևորում ընդգծված հարգալից և օրինապաշտ վարքագիծ։

Հայտարարագրերի սրահում Epress.am-ի լրագրողին և Վարդգես Գասպարիին մոտեցավ անվտանգության աշխատակիցներից մեկը․ հեռախոսով ճշտումներ անելուց հետո՝ հայտարարեց, որ մաքսատան սրահը նկարահանելն արգելվում է։ Ինչո՞ւ է արգելվում հարցին ի պատասխան սկսեց գոռալ, այնուհետև՝ հրել լրագրողին։ Տեսանկարահանելու փորձերը կասեցվում էին հարվածներով․ անվտանգության աշխատակիցը երկու անգամ հարվածեց լրագրողի տեսախցիկին, մեկ անգամ՝ Վարդգես Գասպարիի հեռախոսին։ Ներկայանալ հրաժարվեց։

Կարճ ժամանակ անց նրան մոտեցավ մաքսատան աշխատակիցներից մեկը (առանց համազգեստի, բայց անվանաքարտով, որի բովանդակությունը կարդալ չհաջողվեց), հրամայեց «արագ իջնել ներքև» և «չներկայանալ»։ Անմիջապես հեռացավ։ 

Անվտանգության «բաժնից» պարզաբանել, վերոնշյալ աշխատակցի անուն֊ազգանունն ասել հրաժարվեցին։ Բոլոր հարցերին ի պատասխան հնչում էր «անվտանգությունն ապահովվում է մասնավոր ընկերության կողմից» և «մեր տնօրենը տեղում չէ» բացատրությունը։

Տեղում էր, սակայն, մաքսատան տնօրինությունը։

Տնօրենի մոտ մտնել հաջողվեց քարտուղարի արգելքները շրջանցելով միայն։ Մաքսատան ղեկավար Կարեն Բաբայանը հայտարարեց, որ անվտանգության այդ աշխատակցին չի ճանաչում, նրա գործողությունների համար պատասխանատվություն չի կրում։ 

Պարզել՝ ո՞վ էր մաքսատան այն ծառայողը, որը փախցրեց անվտագության աշխատակցին, նույնպես չհաջողվեց։ Կարճ ժամանակ անց նրան հանդիպեցինք միջանցքում։ Մատնացույց արեցինք։ Կրկին խնդրեցինք ներկայանալ, ինչին ի պատասխան նա հայտարարեց․

― Ես առաջին անգամ եմ տեսնում ձեզ։
― Դուք տասը րոպե առաջ փախցրեցիք մեզ վրա հարձակված անվտանգության աշխատակցին։
― Չէ։
― Տեսաձայնագրությունում երևում է։
― Ես այնտեղ չեմ եղել։
― Ներկայացե՛ք, խնդրում եմ։

Չներկայացավ։

Մաքսատան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը փորձեց մեղմել իրավիճակը, լրագրողին ասաց, որ նրա անուն֊ազգանունը նշել չի կարող․

― Ես ձեզ սենց ասեմ՝ ինքը չի էլ կարա ներկայանա։
― Այսի՞նքն։
― Դե, դուք ըտեղից հասկացեք՝ որտեղ է աշխատում։

Միջադեպի և առհասարակ՝ Վարդգես Գասպարիի բարձրաձայնած խնդիրների վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Արարատյան մաքսատան֊վարչությունից։ Ասացին՝ լրագրողներին մեկնաբանություն տալու իրավասություն չունեն։ Ուղղորդեցին Պետեկամուտների կոմիտեի լրատվական բաժին։ Գնացինք Պետեկամուտների կոմիտե․ զանգերին չէին պատասխանում։ Ասացին՝ լրատվական բաժինը մեկնաբանություն տալու իրավասություն չունի։ Առաջարկեցին զանգել մամուլի խոսնակին։ Մամուլի խոսնակի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց։

 

Նշենք, որ ձեռներեց Վարդգես Գասպարին տարիների շարունակ բարձրաձայնում է մաքսային մարմիններում տիրող կամայականությունների, մաքսային ծառայող-բրոքեր-տնտեսվարող կոռուպցիոն գործարքների, տնտեսվարողների վրա վարչական ճնշումների մասին։ Կաշառքն, ասում է, մասամբ օրինականացվել է և շատացել։ Բրոքերները (մասնավոր կազմակերպություններ) բուֆեր են հանդիսանում տնտեսվարողի և մաքսային ծառայողների միջև․ բոլոր գործարքներն արվում են նրանց միջոցով, մի մասը՝ օրինական ձևակերպված, մի մասն էլ՝ առձեռն:

Հայտարարագրեր լրացնելու տեխնիկական աշխատանքի դիմաց բրոքերները զգալի գումարներ են գանձում (փոքր գործարքների համար՝ 50-100 հազար դրամ), որոնց մի մասը գնում է մաքսային ծառայողներին։ Դա վճար է՝ անխոչընդոտ աշխատելու համար։ Տնտեսվարողները, որոնք նախընտրում են ինքնուրույն հայտարարագրվել և չօգտվել բրոքերների մատուցած ծառայություններից, հայտնվում են բյուրոկրատական ծուղակում․ բրոքերները նույն աշխատանքը (հաճախ ավելի անորակ) անում են անխոչընդոտ, ինքնահայտարարագրվողները՝ անընդհատ բախվում են թղթաբանական նոր պահանջների և այլ տեսակի արգելքների, որոնց հետևանքով նրանց գործարքները օրերով (և նույնիսկ) ամիսներով ձգձգվում են։ Ինքնահայտարարագրման մեխանիզմից (Մեկ պատուհան), որը մեծ շուքով ներդրվեց 2017 թվականին՝ որպես կոռուպցիոն ռիսկերը վերացնող գործիք, նման պայմաններում ոչ ոք չի օգտվում․ բոլորը, այդ թվում նրանք, ովքեր կարող են ինքնուրույն լրացնել հայտարարագրերը, ստիպված դիմում են բրոքերների ծառայություններին։

Վարդգես Գասպարի ղեկավարած կազմակերպությունը վերջին տարիներին հրաժարվել է բրոքերական միջնորդությունից։ Ասում է՝ միակ կազմակերպությունը, որ օգտվում է Մեկ պատուհանից, իրենց կազմակերպությունն է․ աշխատակիցներն անցել են հատուկ դասընթացներ, ինքնուրույն են լրացնում և ներկայացնում հայտարարագրերը։ Գործարքները որոշ դեպքերում ամիսներով ձգձգվում են, տարբերակված մոտեցումը Գասպարին գնահատում է որպես «խաղի կանոններին չենթարկվելու համար պատիժ»։ Ասում է՝ մնացած բոլոր տնտեսվարողները, այդ թվում՝ մարդիկ, ովքեր տասնյակ տարիների փորձ ունեն և կարող են ինքնահայտարարագրվել, նման վերաբերմունքի չարժանանալու համար շարունակում են վճարել։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում

Կից նյութեր՝

Երբ գործարարը փորձում է օրինական ճանապարհով աշխատել մաքսայինի հետ

Մաքսային պետական ծառայության անհատակ հանքը

Կաշառքի դրույքաչափերը ՀՀ ՊԵԿ Մաքսային պետական համակարգում

Ինչու՞ վարչապետը չպատասխանեց Մաքսային համակարգում օրը մեկ միլիոն դոլար կոռուպցիայի հարցին

Գործարարն ընդդեմ կոռուպցիոն համակարգի. Չափագիտության ինստիտուտի մասին

Գործարարն ընդդեմ կոռուպցիոն համակարգի. Մաքսայինի հսկիչ գները

Գործարարն ընդդեմ կոռուպցիոն համակարգի. ինչպես մաքսայինի պատճառով կորցնել արտասահմանցի գործընկերներին