Ոսկու անհատակ հանք՝ այսպես կարելի է բնութագրել Մաքսային պետական ծառայության հատկապես այն գործիքակազմը, որը հիմնված է ՀՀ կառավարության 2009 թ.-ի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման վրա: Այս որոշմամբ պահանջվում է կից ցուցակում նշված զենք, զինամթերքներ ներմուծելիս/արտահանելիս ստանալ հատուկ թույլտվություն… Իսկ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ կոռուպցիաի մեծ ճարտարապետները հմտորեն այդ որոշումը տարածեցին ներկրվող/արտահանվող գրեթե բոլոր ապրանքների վրա, և սկսվեց համարյա համատարած պահանջվել փորձագիտական եզրակացություն՝ առ այն, որ տվյալ ապրանքը, ասենք ապակին, հայելին, ջերմաչափը և…. էլ ինչոր ձեր մտքով անցնի, չունի ռազմական նշանակություն։ Այսպիսով կազմավորվեց փող տպող մեխանիզմը բառի բուն իմաստով։ Սկսվեց Ա4 ֆորմատի թղթի վաճառքը՝ մեկ թերթը սկսած 10,000 դրամից… մինչև 50,000-60,000 և ավելի… Փորձագիտություն կոչվածը՝ փայլուն գունավոր թղթի վրա գրված տեքստն է, որ այո, այսպես, այսպես, այսպես ուսումնասիրված կշեռքը զենք զինամթերք, առավել ևս ռազմական նավ չի հանդիսանում և այն չունի ռազմական նշանակություն… Հենց այսքան պրիմիտիվ գողություն, ինչպես կասեր ԿԿ-ը։
Մյուս կողմից բնական է, որ նույնիսկ իշխանական վերնախավում շատերը կցանկանային մտնել եզրակացություններ տպել/վաճառելու անտակ հանքի բիզնեսի մեջ, սակայն ընդամենը 2 կազմակերպություններ ստացան արտոնություն այս բնագավառում աշխատելու՝ «Էն-Փի-Սի» և «Արմէկսպերտիզա» կազմակերպությունները։ Թե ինչ թելերով են կապվում այս 2 կազմակերպությունները Մաքսային պետական ծառայության կոռուպցիաի ճարտարապետների հետ, դա ինքնին այլ հետաքննության առարկա է:
Որքան էլ անհավատալի թվա, սակայն փաստը նա է, որ վերոհիշյալ փորձագիտական եզրակացություն տվող կազմակերպությունները առ այսօր աշխատում են անհավատալի մեծ ազատության աստիճանի պայմաններում։ Այսինքն՝ Մաքսային պետական մարմինները իբր հարցում են անում այս մասնավոր ընկերություններին, որ այսինչ տնտեսվարողի ներկրած իքս ապրանքի համար մասնագիտական եզրակացություն պետք է, թե՞ ոչ։
Մասնավոր տնտեսվարող կազմակերպությունը ՝ «Էն-Փի-Սին» կամ «Արմէկսպերտիզան» իր հայեցողությամբ որոշում է պատասխանի վճարովի, թե անվճար։ Եթե վերջինս պատասխանում է, որ պետք չի, ապա հարցը փակվում է, իսկ եթե որոշի, որ եզրակացություն է պետք, ապա տնտեսվարողը պետք է գնա, դիմի, վճարի էդ 10-50-60 հազար դրամը, որպեսզի «Էն-Փի-Սին» կամ «Արմէկսպերտիզան» տան մասնագիտական եզրակակացություն, որ, օրինակ, ջերմաչափը՝ այո, զենք/զինամթերք, առավել ևս ռազմական նավ չի հանդիսանում…
Եվ որքան էլ անհավատալի թվա, առանց այս «փորձագիտական եզրակացությունը» ներկրման/արտահանման գործընթացը կարող է հետաձվել անորոշ ժամանակով:
Առանձնապես հետաքրքիր է ՊԵԿ մաքսային մարմինների բացատրությունը ներմուծվող/արտահանվող բազմաթիվ տնտեսվարողների դժգոհության առարկա ռազմական և/կամ երկակի նշանակության եզրակացության անհարկի պահանջի մասին: Ի պատասխան մեր հարցմանը ՊԵԿ-ի ներկայացուցիչները մասնավորապես գրում են.
«Հարկ է նշել, որ հաճախ հայտարարատուն իր նախաձեռնությամբ կամ մաքսային ներկայացուցչի հորդորով կամ պահանջով հայտ է ներկայացնում համապատասխան հավատարմագրված փորձագիտական կազմակերպություններին՝ եզրակացություն ստանալու նպատակով, առանց մաքսային մարմիններից ճշտելու դրա ստանալու նպատակահարմարությունը, ընդ որում, որոշ մաքսային ներկայացուցիչների կողմից փորձագիտական եզրակացության ստանալու անհրաժեշտությունը պատճառաբանվում է մաքսային ծառայության աշխատակցի պահանջով»:
Վերոհիշյալ պատասխանը արժանի է ուշադրության մի քանի նկատառումներով:
ա) Հաճախ հայտարարատուն իր նախաձեռնությամբ կամ մաքսային ներկայացուցչի հորդորով կամ պահանջով հայտ է ներկայացնում համապատասխան հավատարմագրված փորձագիտական կազմակերպություններին՝ եզրակացություն ստանալու նպատակով, առանց մաքսային մարմիններից ճշտելու դրա ստանալու նպատակահարմարությունը:
Հիմա մեծ երևակայություն է պետք պատկերացնելու թե ո՞վ է «մաքսային ներկայացուցչը» և ով «մաքսային մարմինը»։
Համենայն դեպս, մենք դժվարանում ենք դա հասկանալ, և կասկածում ենք, որ դա հասկանալ կարելի է ընդհանրապես:
Դրանից բացի պարզվում է, որ հայտարարատուներից շատերը անհարկի են դիմում համապատասխան հիմնարկներ և անհարկի են ժամանակ վատնում, վճարում և բերում այս կամ այն ապրանքի ռազմական և/կամ երկակի նշանակության մասին եզարակացություն: Ավելին՝ այսպիսի մութ, խճճված իրավահարաբերություններում շատ տրամաբանական է, որ աշխատեն կոռուպցիոն մեխանիզմներ այդպիսի եզրակացությունների ենթադրյալ պահանջը շրջանցելու համար:
բ) Վերոհիշյալից պարզվում է, որ Մաքսային պետական կոմիտեն, հարցում է անում մասնավոր տնտեսական կազմակերպությանը («Արմեկսպերտիզա», «Էն-Փի-Սի») առ այն, որ այս կամ այն ապրանքի համար արդյոք փորձագիտական քննարկում և եզրակացություն պետք է , թէ ոչ:
բ1) Հիմա հարց է առաջանում՝ ի՞նչ իրավակարգավորմամբ է պետական մարմինը աշխատում մասնավոր ընկերության հետ: Արդյո՞ք առկա է պայմանագիր և այլն:
բ2) Մասնավոր ընկերության շահերից է բխում, որ բոլոր դեպքերի համար էլ հաստատի փորձագիտական եզրակացության անհրաժեշտությունը, քանի որ այս դեպքում ինքը տնտեսվարողից կգանձի գումար (ընդ որումб եզրակացությունը 1 օրում տրամադրելու դեպքում 60,000 ՀՀ դրամ)։
Բայց սա դեռ ամենը չէ, քանի որ մաքսային մարմինների և եզրակացություն տրամադրող կազմակերպության փոխհամաձայնությամբ փորձագիտական եզրակացության ենթադրյալ անհրաժեշտությունը պարունակում է իրական կոռուպցիոն ռիսկեր:
Շարունակելի
Վարդգես Գասպարի