ՊԵԿ Մաքսային պետական ծառայության մասին մեր հրապարակման կապակցությամբ հարցեր ենք ստացել՝ տվյալ ոլորտի մասին մեր հետաքննության դրդառիթների վերաբերյալ։
Վերոհիշյալը լուսաբանելու համար անպատեհ չենք համարում ներկայացնել սույն լրագրողական հետաքննության նախապատմությունը:
Ինժեներ-գործարար, «ՎԱԼ Օթոմեյշն» ՍՊԸ-ի տնօրեն Վարդգես Գասպարիի ահազանգի հետքերով այս անգամ փորձեցինք ստուգել ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայությունների ոլորտի խնդիրները, մասնավորապես, կոռուպցիոն հոսքերի հնարավորությունները:
Գասպարին Facebook-ի իր էջում արդեն մի քանի շաբաթ գրում էր, որ ԿԱ ՊԵԿ «Մեկ Պատուհան» համակարգն ունի ոչ կիրառական, ձևական բնույթ, այն պիտանի չէ գործնական նկատառումով: Մասնավորապես Գասպարին վերջին շրջանում փորձել էր ԱՄԵ-ից ներկրած 10 հազար դոլար արժողությամբ ապրանքները մաքսազերծել, օգտվելով կառավարության trade.gov.am «Մեկ Պատուհան» համակարգից, փորձելով լրացնել ԿԱ ՊԵԿ-ի Մաքսային Արժեքի Հայտարագիրը: Սակայն ոչ տվյալ կայքում, ոչ էլ համացանցում չէր գտել բավարար և պիտանի ինֆորմացիա, «Մեկ պատուհան» համակարգի ծառայությունից օգտվելու համար: Ավելին՝ երբ դիմել էր ԿԱ ՊԵԿ քարտուղարությանը՝ ԿԱ ՊԵԿ-ի հեռախոսահամարով (060-54-44-44), տարբեր մարդիկ, տվել էին իրարամերժ ինֆորմացիա: Իսկ երբ մաքսային մարմինների միմյանց հակասող տեղեկատվությունը Գասպարին խնդրել էր ներկայացնել գրավոր, որպեսզի պաշտոնյաններից մեկի պատասխանը ներկայացնի մյուսին և դուրս գա անիմաստ անվերջանալի շրջապտույտից, ԿԱ ՊԵԿ քարտուղարությունից հայտնել էին, որ դրա համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում ԿԱ ՊԵԿ նախագահի անունով, որին կպատասխանեն ըստ սահմանված կարգի՝ 15 օրվա ընթացքում:
Քանի որ ընթացակարգային ամենատարրական հարցերի պարզաբանման համար պահանջվում է գրել դիմում և 15 օր պատասխանի սպասել, Գասպարին կասկած էր հայտնում, որ անտրամաբանական է գնալ այդպիսի ճանապարհով, ուստի առկա է կոոռուպցիոն լուրջ խնդիր: Գործարարը հայտնել էր՝ ինքնահայտարարգրման ուղությամբ ստեղծված այս մեծաքանակ խոչնդոտներն ուղղված են նրան, որ տնտեսվարողները ճարահատյալ դիմեն բրոքերային ծառայություններին։ Վերջիններս իրենց վրա են վերցրել թաքնված կաշառքի տեղաշարժը՝ ապահովելով մաքսային ծառայողների գործից չոր դուրս գալը:
Ըստ Գասպարիի, նույնիսկ ամենաբծախնդիր մոտեցման պարագայում բրոքերային ծառայությունները գանձած գումարը ներկայացնում են որպես բրոքերային ծառայության ծախս, որը որպես մասնավոր սեկտոր ենթակա չէ գնահատման և որոշվում է «փոխհամաձայնությամբ»: Ընդորում, մեկ բրոքերային ծառայության հետ փոխհամաձայնության չգալու դեպքում տվյալ տնտեսվարողին այլևս հրաժարվում են ծառայություն մատուցել մյուս բոլոր բրոքերները: Հենց այսպես են հրաժարվել «ՎԱԼ Օթոմեյշն» ՍՊԸ-ի տնօրեն Վարդգես Գասպարիին ծառայություններ մատուցել 2017-ի դեկտեմբերի 14-ին «Արարատյան մաքսատան» բոլոր բրոքերները՝ պատճառաբանելով, թե ծանրաբեռնված են լինելու առաջիկա «1-2 շաբաթը և առհասարակ»:
Ահազանգի հետքերով մենք գնացինք ՀՀ ԿԱ ՊԵԿ «Արարատյան մաքսային վարչություն»: 6-րդ հարկում գտնվող մաքսային հայտարագրերի ընդունման բաժնի պետի գրասենյակի մոտ իրոք առկա էր մարդկային կուտակում: Նույնիսկ բաժնի պետի գրասենյակի դռան հետևը փոքրիկ սեղանիկին դարսված էին դիմումնատուների մոտ մեկ տասնյակ հայտարարագրերը: Դիմումնաուները հերթով մտնում էին պետի մոտ, հավանաբար, ինչ-որ հարցեր կարգավորում և թղթապանակները ձեռքին հեռանում էին: Մարդկային և փաստաթղթերի կուտակումներն կարող են վկայել այն մասին, որ փաստացիորեն «Մեկ պատուհան» կոչված ծառայությունը, շատ մեղմ ասած, կատարյալ չէր, և հայտարարատուներն ինչ-ինչ խնդիրների կարգավորման համար անձանմբ էին մոտենում մաքսային ծառայության բաժնի պետին:
Ակնհայտ էր, որ եթե որևէ գործընթացի լուծումը ի վերջո կախված է պետական ծառայողի հայեցողական մոտեցումներից, ապա իմաստազրկվում է ընդհանրապես «Մեկ Պատուհան» կոչվածը:
Մենք փորձեցինք Արարատյան մաքսային ծառայությոան 6-րդ հարկում կուտակված հայտարարատուներից պարզաբանումներ ստանալ, թե ինչ խնդրի հետ կապված են իրենք սպասում բաժնի պետի հետ հանդիպմանը, նրանցից ոչ մեկը չցանկացավ խոսել՝ նույնիսկ չտեսագրվելու և չձայնագրվելու պայմանով, ոչ բաժնի պետի գրասենյակ մտնելուց առաջ և ոչ էլ դրանից հետո:
Այնուհետև մոտեցանք Բաժնի պետ Ա. Ղամբարյանին, ով՝ հայտարարատուներն ի՞նչ հարցերի հետ կապված են կուտակված դրսում և ի՞նչ հարցեր է քննարկում ինքը հայտարարտուների հետ հարցերին պատասխանեց, որ ամենատարբեր բնույթի հարցեր են քնարկվում։ Իսկ հետո էլ ավելացրեց, որ ինքն առհասարակ չի կարող մեզ հետ հարցազրույց ունենալ և դրա համար անհրաժեշտ է ՊԵԿ-ի համապատասխան մարմիններից ստանալ թույլտվություն, որից հետո միայն ինքը կարող է պատասխանել տվյալ լրատվամիջոցի հարցերին:
Ինքնահայտարարագրման ինստիտուտը
Գասպարին կասկած էր հայտնել, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ «Մեկ պատուհան» համակարգը եբևէ աշխատել է, մասնավորապես այսպես կոչված ինքնահայտարարագրման հնարավորությունը։ «Արարատյան մաքսատանը» այն ընձեռվել է միայն իր դիմում-բողոքներից հետո։ Այդ հնարավորությունը նախկինում գոյություն չի ունեցել և ստեղծվել է 2018 թվականի ամանօրյա արձակուրդներից հետո միայն:
Մենք այս հարցը պարզաբանելու և ՊԵԿ նախագահի Գասպարիին ուղված պատասխան-նամակում տրված ինֆորմացիան ստուգելու համար (ըստ որի «Արարատյան Մաքսատան» վարչության շենքի առաջին հարկում Արարատ բանկի մասնաճուղի հարակից գրասենիակում տեղադրված են 2 համակարգիչներ) գնացինք մաքսատան առաջին հարկ: Պարզեցինք, որ նշված տարածքը մասնավոր ընկերության գրասենյակ է: Այստեղ «Սեֆվեյ» ՓԲԸ բրոքերային ծառայության գրասենյակի ճակատին առկա էր կպչուն թղթով «Ինքնահայտարարագրում» գրությունը։ Տարակուսանքի տեղիք էր տալիս՝ ի վերջո դա մասնավոր բրոկերային ծառայություն է, թե՞ ՀՀ ԿԱ ՊԵԿ ստորաբաժանում:
Մեր նկարահանող խումբը արձանագրեց, որ իսկապես՝ «Սեֆվեյ» ՓԲԸ բրոքերային ծառայության գրասենյակում առկա 7-8 համակարգիչներից 2-ի վերևում գրված է «ինքնահայտարարագրում»: Հարցին, թե ինչքա՞ն ժամանակ է իրենց գրասենյակում տեղադրված «ինքնահայտարարգրման» այդ երկու համակարգիչները, բրոքերային ծառայության հիմնադիր տնօրեն Հովհաննիսյանը, ով չցանկացավ տեսագրվել և ձայնագրվել, ասաց, որ դրանք այդտեղ են արդեն 7-8 տարի։ Եվ «ինքնահայտարարգրում» գրությունն էլ իրենց գրասենյակի վերևում իբր փակցված է եղել հենց այդ ժամանակներից, պարզապես Գասպարին «չի նկատել և հիմա է դա նկատում»։
Մեր մյուս հարցին, թե ինչպե՞ս է եղել, որ մասնավոր ընկերությունը տարածքը և հնարավորությունները տրամադրել է պետական մարմնին ինքնահայատարարագրման հնարավորություն ընձեռելու համար, տնօրեն Ա. Հովհաննիսյանն ասաց, որ դա պայմանավորված է մարդկային վերաբերմունքով և բարի ցանկություններով:
«ՎԱԼ Օթոմեյշն» ՍՊԸ-ի տնօրեն և քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով, ըստ իրեն, արդեն մոտ մեկ ամիս իր բիզնես շահերը թողած, հետաքննում է ԿԱ ՊԵԿ մաքսային համակարգի կոռուպցիոն մեխանիզմները։ Գասպարին մասնավորապես նշում է, որ հիմա պաչզ չէ՝ «Սայֆվեյ» ՓԲԸ տնօրեն Հովհաննիսյանը որպես մասնավո՞ր անձ է խոսում «ինքնահայտարարագրման» համակարգիչների մասին, թե՞ որպես ԿԱ ՊԵԿ-ի աշխատակից… Օրինակ՝ նա որպես մասնավոր տնտեսվարող կարող է պահանջել չնկարահանել, իսկ որպես պետական ծառայո՞ղ…