Հայաստան֊Վրաստան պետական սահմանի Բագրատաշեն անցակետի մոտ այսօր նորից բողոքի ցույց է անցկացվել։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրիա Զոհրաբյանը։
«Մարդիկ իրենց ընտանիքների հանապազօրյա հացն ապահովելու համար ընդհամենը մի քանի կիլոգրամ բանջարեղեն են փորձում անցկացնել սահմանով, և քանի որ մեր պատկան մարմինները իրենց դրսևորում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ, այնտեղ հիմա բավական լարված իրավիճակ է՝ հենց էս րոպեներին։ Ինձ էնտեղից զանգահարեցին քաղաքացիները։ Դիմում եմ պատկան մարմիններին՝ մի եղեք Հռոմի պապից ավելի կաթոլիկ և մաքսանենգության դեմ պայքարը այլ տեղերում փնտրեք, հենց էս պահին օրենքի շրջանակներում կարգավորեք քաղաքացիների խնդիրը։ Քաղաքացին մեղավոր չի, որ էնպիսի իրավիճակ եք ստեղծել, որ անցնում է Վրաստանի սահման շատ ավելի էժան բանջարեղեն ու միրգ գնելու՝ իր ընտանիքի կարիքների համար։ Մաքսանենգության դեմ պայքարեք էնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը կա, դրանք ձեր քթի տակ են»,֊ ասել է Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ Մաքսային մարմինները արգելել են լոլիկի և վարունգի ներկրումը Վրաստանից Հայաստան՝ պատճառաբանելով, որ Վրաստանից կարող է բերվել ադրբեջանական մթերք։ Հայաստանի հյուսիսային շրջանների մանրածախ առևտրով զբաղվող մարդիկ, սակայն, համոզված են, որ սա արվում է Հայաստանի օլիգարխների ջերմոցային տնտեսությունների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով։