Հայաստանից Ռուսաստան արտահանվող լոլիկի մեկ կիլոգրամի մաքսային գինն այս տարվա ձմեռային ամիսներին եղել է 200 դրամ։ Դա փաստում են պաշտոնական վիճակագրական տվյալները, որոնք վերցված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալների բազայից։
«Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը գրում է․ «Ըստ այդմ, այս տարվա առաջին 3 ամիսներին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել մոտ 8 հազար 300 տոննա լոլիկ, որի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 3 միլիոն 378 հազար դոլար։ Վերջին թիվը բաժանում ենք առաջին թվի վրա և ստանում ենք, որ մեկ կիլոգրամի գինը կազմել է 40 ցենտ, ինչն էլ հենց 200 դրամն է, նույնիսկ մի քիչ պակաս»։
Այդ նույն ամիսներին Հայաստանում լոլիկի մեկ կիլոգրամի մանրածախ գինն այդպես էլ չէր իջնում 1300 դրամից, իսկ մերթ ընդ մերթ հասնում ու անցնում է 1700 դրամը։ 1300-1700 դրամ մանրածախ գին ունեցող լոլիկի մեծածախ գինը չի կարող պակաս լինել 800-900 դրամից։ Այս մեծածախ գինը շատ մոտ պետք է լինի Հայաստանից արտահանվող լոլիկի մաքսային արժեքին։ Ու ստացվում է, որ Հայաստանից արտահանվող լոլիկի գինը մոտ 4 անգամ ավելի ցածր է եղել, քան ներքին շուկայում վաճառվողինը։
Սա, մեղմ ասած, աբսուրդ է։ Գների նման տարբերությունը կարող է ունենալ երկու պատճառ ընդամենը։ Կամ լոլիկի շուկայում գործող խոշոր տնտեսվարողները, օգտվելով նրանից, որ այլ երկրներում և առաջին հերթին Թուրքիայում արտադրված լոլիկի մուտքը Հայաստան փակվել է, և թանկ ու կրակ լոլիկ են «սաղացնում» սպառողների վրա, կամ էլ պաշտոնական վիճակագրական տվյալներն են սխալ։ Երրորդ տարբերակն էլ այն է, որ համ թանկ «սաղացնում են», համ էլ վիճակագրությունն են կեղծում․ այսպես ասած՝ երկուսը՝ մեկում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում