Հայաստանից Ռուսաստան որոշ ապրանքների արտահանումն աճել է հազարավոր անգամներով, ինչը կասկածի տակ է դնում պաշտոնական վիճակագրության հավաստիությունը, «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում գրում է տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանը։
Նա նշում է, որ ՀՀ մաքսային ծառայության հրապարակած պաշտոնական տեղեկանքի համաձայն այս տարվա առաջին կիսամյակում Ռուսաստան է արտահանվել «Ուղեպայուսակ, ճամպրուկ, դրամապանակ, ակնոցի, հեռադիտակի և այլ պայուսակներ, տուփեր» ապրանքախմբում ներառված 30 հազար 704 հատ ապրանք 12 միլիոն դոլար ընդհանուր արժեքով։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ նույն ապրանքախմբի ապրանքներից ՌԴ էր արտահանվել ընդամենը 14 հատ։ Արտահանումը , փաստորեն, աճել է 2193 անգամ։
Գևորգյանը ևս մեկ օրինակ է բերում․ Հայաստանից Ռուսաստան է արտահանվել ավելի քան 30 հազար տոննա լոլիկ, այնինչ անցած տարի նույն ժամանակահատվածում արտահանվել էր 709 տոննա լոլիկ։
Լրագրողն ընդգծում է, որ նման աճ ապահովելու համար այս տարվա ընթացքում պետք է կառուցված լիներ 150 հեկտար ջերմոցը, ինչը տեղի չի ունեցել։
«Խնդրի ամենահավանական տարբերակն այն է, որ թուրքական լոլիկը մտել է Հայաստան, այստեղ համալրվել համապատասխան փաստաթղթերով և վերաարտահանվել որպես Հայաստանում արտահանված ապրանք։
Քանի որ այս տարվա սկզբից ՌԴ-ն պատժամիջոցներ էր մտցրել թուրքական որոշ ապրանքների վրա, ապա այդ ապրանքների մի մասը մուտք էր գործում այլ երկրներ, ձևակերպվում որպես տվյալ երկրի արտադրանք ու վերաարտահանվում ՌԴ։ Հայաստանը թերևս անմասն չի մնացել այդ սխեմաներից։ Պետք է սպասել, որ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման հետևանքով ՀՀ-ից ՌԴ ապրանքների արտահանման ծավալները կարող են զգալիորեն նվազել», – գրում է Գևորգյանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում