Երկարատև գնանկումային փուլից հետո Հայաստանում այս տարվա ապրիլին գնաճ է գրանցվել։ Անցած տարվա ապրիլի համեմատ սպառողական գները աճել են 1․2 տոկոսով։ «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանը գրում է, որ սպառողական գների աճը հիմնականում պայմանավորված է սննդամթերքի թանկացմամբ։
«Մեկ տարվա ընթացքում սննդամթերքը Հայաստանում թանկացել է 5․9 տոկոսով։ Սա աննախադեպ ցուցանիշ է անցած մեկ֊մեկուկես տարիների ընթացքում։ Թե ինչով է պայմանավորված այս գնաճը, ճիշտն ասած, այնքան էլ չի հասկացվում։ Շուկայական կանոններով ապրող երկրներում գները կարող են աճել երկու հիմնական պատճառներով։ Եթե պատկերավոր ներկայացնենք այդ պատճառները, ապա դրանք հետևյալն են։ Ասենք՝ թանկացել են սննդամթերքի միջազգային գները։ Հայաստանը սննդամթերք ներկրող երկիր է և համաշխարհային շուկայում գների փոփոխությունները պետք է անդրադառնան ներքին գների վրա», ֊ նշում է հոդվածագիրը։
Հաջորդ պատճառն, ըստ Գևորգյանի, կարող է լինել բնակչության գնողունակ պահանջարկի կտրուկ աճը․ «Այսինքն՝ մարդիկ հարստանում են և ավելի շատ ապրանքներ կարող են գնել, այդ դեպքում տվյալ ապրանքները ներկրողները կամ արտադրողները իրենց բիզնեսից ավելի մեծ շահույթ ստանալու ակնկալելով փոքր-ինչ բարձրացնում են գները։ Շուկայական կանոնները թույլ չեն տալիս նրանց չափազանց մեծ շահույթներ ակնկալել և գները կայունանում են ինչ֊որ տրամաբանական մակարդակի վրա։ Գնաճի մյուս պատճառն այն է, որ տվյալ ապրանքի քանակը կտրուկ նվազում է։
Հայաստանը օլիգարխիկ տնտեսություն ունեցող, կիսաշուկայական կանոններով ապրող երկիր է։ Եվ եթե արձանագրված գնաճը դիտարկենք մի քանի կոնկրետ օրինակների լույսի ներքո, ամեն ինչ պարզ կդառնա։
Օրինակ, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության արձանագրած տվյալների, այս տարվա ապրիլին, անցած տարվա ապրիլի համեմատ բանջարեղենը թանկացել է 28 տոկոսով։ Սա ահռելի, աննորմալ, անտրամաբանական գնաճ է։ Ինչով է պայմանավորված, դժվար է ասել։ Հայտնի է միայն, որ անցած տարվա աշնանը, օրինակ, կարտոֆիլի բերքը նվազել էր։ Մյուս պատճառը կարող է լինել թուրքական լոլիկի ներմուծման դեմ սահմանված աննախադեպ խիստ միջոցները։ Այլ կերպ ասած, բանջարեղենի դեպքում (ԱՎԾ֊ն նշված ապրանքները դիտարկում է բանջարեղենի ապրանքախմբում) գնաճի պատճառը կարող է լինել դրա ֆիզիկական ծավալների նվազումը։ Սակայն շուկայական կանոններով ապրող երկրում նման խնդիր ծագել չի կարող՝ եթե հարևան երկրներում այդ ապրանքները շատ են ու էժան, ապա դրանք պետք է ներկրվեն»։
Լրագրողը գրում է, որ անտրամաբանական ու սարսափելի գնաճ է արձանագրվել նաև մրգերի պարագայում՝ 22․2 տոկոս․ «Տպավորությունն այն է, որ ներմուծվող մրգերի դեմ որոշակի չհայտարարված, ոչ հրապարակային խոչընդոտներ են ստեղծվել, և մեր արտադրության մրգերի քանակը չի բավարարում պահանջարկը, ինչն էլ հանգեցրել է գնաճի»։
Արտերկրից ներկրվող շաքարավազի թանկացման առումով ամեն ինչ պարզ է, փաստում է Գևորգյանը։ Անցած տարվա ապրիլի համեմատ շաքարավազը Հայաստանում թանկացել է 15․6 տոկոսով։ Սակայն համաշխարհային շուկայում շաքարն անցած տարվա ապրիլին նույն գինն է ունեցել․ «Ահա այստեղ է, որ գործ ունենք կիսաշուկայական ու օլիգարխիկ տնտեսության դրսևորումների հետ։ Շաքարի ներկրումը, որը ներկայացվում է որպես հումքի ներկրում, մոնոպոլիզացված է․․․
Իսկ գուցե գներն աճել են այն պատճառով, որ մարդիկ հարստացել են և գնողունակ ահռելի պահանջարկ են ներկայացնում։ Դա հերքվում է հենց ԱՎԾ-ի ներկայացրած տվյալներով։ Եթե գնաղունակ պահանջարկը աճած լիներ այնքան, որ հանգեցներ գնաճի, ապա պետք է թանկանային նաև, ասենք, հագուստեղենը, կոշկեղենը, տնային գործածության ապրանքները։ Նշված ապրանքախմբերում, սակայն, շոշափելի գնանկում է եղել։
Մի խոսքով, ՀՀ տնտեսության մեջ աննորմալ իրավիճակ է ստեղծվել, և գների այսպիսի տատանումները լուրջ ուսումնասիրության կարիք ունեն», – եզրափակել է Գևորգյանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ օրաթերթի այսօրվա համարում