Վերջին օրերին Թուրքիայից 15 ֆուռ պոմիդոր է ներկրվել, ինչը կայծակնահար է արել Հայաստանում աճեցվող պոմիդորի շուկան։ Պոմիդորի վրա փակցրած թուրքական պիտակները, «Հայկական ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ, Հայաստանում փոխարինվել են կեղծ հայկականով ու փորձել են տեղափոխել ՌԴ։ Վերին Լարսի անցակետում, սակայն, ռուսական կողմը հասկացել է խաբեությունը։
Բացի այդ, թերթի տեղեկություններով, լաբորատոր անալիզի են ենթարկել պոմիդորը և պարզել են, որ այն մեծ քանակությամբ թունաքիմիկատ է պարունակում, ու բեռները հետ են ուղարկել։
Ներկրողները ստիպված են եղել այն իրացնել հայկական շուկայում, ինչը կայծակնահար է արել մեր ջերմոցային տնտեսությունների արտադրանքի իրացումն ու առաջացրել տեղական արտադրողների մեծ դժգոհությունը։ Այդ պոմիդորը վաճառում են 1 կգ 400-500 դրամով, մինչդեռ տեղական ջերմոցային պոմիդորի ինքնարժեքն է այդքան կազմում՝ այն վաճառվում է 600 դրամով։
«Որոշ տեղեկությունների համաձայն, ներկրվող պոմիդորը մաքսազերծված չէ, հակառակ պարագայում միայն մաքսազերծման գինը կարժենար մոտ 500 դրամ, քանի որ մաքսայինում դրա հսկիչ գինը սահմանված է 3,3 դոլար կամ մոտ 1600 դրամ։ 15 կոնտեյներ պոմիդորի մաքսազերծման արժեքը կազմում է մոտ 300.000 դոլար կամ մոտ 14,7 մլն դրամ։ Այսինքն, միայն այս մի ներկրումով պետբյուջե չի վճարվել այդքան մաքսատուրք»,֊ գրում է թերթը՝ ընդգծելով, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն, պոմիդորի ներկրողը գյուղմթերքների ներկրմամբ և արտահանմամբ զբաղվող և հզոր հովանավորություն վայելող խոշորագույն ընկերություններից մեկն է։