Կոտայքի մարզի Զառ գյուղի հացահատիկային բույսերի մշակմամբ զբաղվող հողատերերն այս տարվա առատ բերքը ստիպված մառաններում են կուտակում, քանի որ չեն կարողանում իրացնել։ Հողագործները դա կապում են Ռուսաստանից մատչելի գներով ցորենի ու գարու ներմուծման հետ։ Տնտեսագետ Հայկ Գևորգյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խնդիրը կապել է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը։
Գևորգյանը ստեղծված վիճակը վտանգավոր է համարել ոչ միայն գյուղատնտեսության, այլ նաև Հայաստանի տնտեսության համար։ Պատճառներից մեկը տնտեսագետը կապել է ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկման հետ, որի հետևանքով ՌԴ-ից ներկրված ապրանքն էժան է լինում, հայկական ապրանքներն էլ դառնում են պակաս մրցունակ։
«Ինչո՞ւ այդպես ստացվեց, որովհետև մենք դարձանք ԵՏՄ անդամ, մենք փակեցինք մեր սահմանները երրորդ երկրների համար, դարձանք մի տնտեսական տարածքի մաս, բայց այդ տնտեսական տարածքում չկա միասնական դրամավարկային քաղաքականություն։ Այդ պարագայում տնտեսական տարածքը դառնում է աբսուրդ, և արդյունքում մենք ունենք այն, ինչ ունենք»,- կայքի հետ զրույցում նշել է տնտեսագետը։
Նրա խոսքով՝ ԵՏՄ-ն այն տարածքը չէ, որ կնպաստի հայկական գյուղատնտեսության արդիականացմանը։
«Հայաստանը կարող է արտադրել այնքան գյուղմթերք, որը կկերակրի մի քանի անգամ ավելի շատ բնակչություն ունեցող ևս մի քանի երկրի․․․ Մեր գյուղատնտեսությունը արդյունավետ չէ, մեր գյուղատնտեսությունը պետք է լինի արդյունավետ անկախ նրանից, թե մենք ինչ տնտեսական միության անդամ ենք, կամ ում հետ ինչ պայմանագրեր ունենք: Քանի դեռ մրցունակ չի, չի կարող մրցակցել լիաթոք», – ընդգծել է տնտեսագետը։
«Ազատության»-ը նշում է, որ Սննդամթերքի անվտանգության ծառայությունից հայտնել են, որ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդեն մոտ 36 հազար տոննայով ավելի ցորեն է ներմուծվել։