Եթե որպես ֆիզիկական անձ Եվրասիական միության անդամ չհանդիսացող պետություններից փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային առաքումներով Հայաստան եք ներմուծում ապրանք, որի քաշը գերազանցում է 31 կգ, իսկ գինը՝ 200 եվրո, ապա 2020 թվականից պետք է վճարեք մաքսատուրք և հարկեր գերազանցող մասի համար՝ 15% միասնական դրույքաչափով, սակայն ոչ պակաս, քան 31 կիլոգրամը գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամի համար 2 եվրոյին համարժեք ՀՀ դրամը: Այս մասին դեկտեմբերի 5-ին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։
Իսկ եթե ներմուծվող ապրանքը չի գերազանցում 31 կգ և 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամը, պետք է վճարվեն մաքսատուրք և հարկեր 0% միասնական դրույքաչափով։
Հունվարի 1-ից կվերացվեն նաև առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման ֆիզիկական անձանց կողմից փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային առաքումներով ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների հաճախականության սահմանափակումները:
ՊԵԿ-ը խոստանում է, որ փոփոխությամբ պայմանավորված` մաքսային մարմինները կուժեղացնեն ապրանքների իրական արժեքը պարզելուն ուղղված հսկողությունը: