Ավտոներկրողներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության դիմաց՝ պահանջելով հետ կանգնել ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու ծրագրից:
Ցուցարարները պնդում էին՝ մաքսատան տեղափոխումը Գյումրի լրացուցիչ խնդիրներ և ծախսեր է ստեղծելու ավտոներկրողների համար՝ կապված ճանապարհի, գիշերակացի և ժամանակի անհամեմատ ավելի մեծ վատնման հետ։
«Հիմա կառուցում են մեծ մաքսակետ և քննական բաժանմունք Գյումրիում: Մենք գտնում ենք, որ անհնար է Երևանից և ընդհանրապես՝ հանրապետությունից, քաղաքացիները մեկնեն Գյումրի մաքսազերծում անելու համար։ Մանավանդ, որ մնացել է 3 ամիս [եվրասիական միության նոր կարգավորումների ուժի մեջ մտնելուն], որ մարդիկ մասսայական գործազուրկ դառնան, քանի որ չեն կարողանալու արտերկրից մեքենա բերել, միայն Ռուսաստանից է հնարավոր լինելու ներկրել: Հիմա ի՞նչ կարիք կա ձմռան շեմին բոլորս մեկնենք Գյումրի: ․․․ Հազար խնդիր ունենք, ո՞նց կարելի է բոլորին 130 կիլոմետր ուղղել դեպի Գյումրի և հետադարձ ճանապարհ», – ասաց Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։
Ըստ ցուցարարների, մաքսատան տեղափոխման հետևանքով ճանապարհի հետ կապված խնդիրներից բացի ներկրողները բախվելու են նաև գիշերակացի խնդրին․ հերթերը, որոնք մշտապես գոյանում են Բագրատաշենում և որոնցից դժվար թե հնարավոր լինի խուսափել Գյումրիում, ժամեր են տևում, և դժվար է լինելու մեկ օրվա ընթացքում գնալ Գյումրի, ավարտել մաքսազերծման գործընթացը և հասցնել վերադառնալ Երևան։
«Ինձ հեչ ձեռնտու չէ, որ ես Լեննական հասնեմ։ Ինչո՞ւ ես պետք է ավելորդ ծախս անեմ՝ գնամ հասնեմ Լեննական։ Այնպես չէ, որ գնալու եմ, անմիջապես իմ հարցերը լուծեն, հետ ճամփեն։ Ես այնտեղ հերթ պետք է կանգնեմ, մեկ օրվա մեջ կարող է հերթը ինձ չհասնի, ես այնտեղ պետք է տուն վարձեմ, հյուրանոց․․․Չէ՞ որ այդ ամենը ժամանակի հետ կապված խնդիր է։ Ես ինչո՞ւ պետք է անտեղի մնամ այնտեղ, ավելորդ ծախս անեմ․․․,» – ասաց ցուցարարներից մեկը։
Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նշեց նաև, որ 10 հազար մեքենա կուտակվել է Վրաստանում։ Դա հաջորդ խնդիրն է, որը լուծում է պահանջում։ Հայաստանցիների մեքենաները չեն բեռնաթափում: 10 հազար մարդ չի հասցնի մինչև հունվար, երբ նոր կարգավորումները ուժի մեջ կմտնեն, իր մեքենան հասցնի Հայաստան։ Ըստ Հովհաննիսյանի, ՊԵԿ-ն ու ոստիկանությունը խնդիրը լուծելու փոխարեն ասում են՝ ծախեք վրացիներին։
Ցուցարարները ակնկալում էին հանդիպել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Կառավարությունից մոտ մեկ ժամ որևէ արձագանք չեղավ։