Home / Շուկա / Ձեռներեց․ Նման հարցերով վարչապետին չծանրաբեռնելու նպատակով Ձեզ ենք դիմում

Ձեռներեց․ Նման հարցերով վարչապետին չծանրաբեռնելու նպատակով Ձեզ ենք դիմում

Դիմում

Ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ մեր մի քանի ամիսների աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ պետական մարմինները քիչ թե շատ պահպանում են նախկին բյուրոկրատական իրավահարաբերությունները՝ հավանաբար կոոռուպցիոն նկատառումով: Եվ, քանի որ նոր իշխանության ձևավորմամբ փոխվել են ընդամենը նախարարները, նաև որոշ դեպքերում՝ մի քանի փոխնախարարներ, փաստորեն, այնպես է ստացվում, որ իրավահարաբերությունների կարգավորման բոլոր քայլերը վերադասության կարգով բողոքարկելիս հասնում է հենց վարչապետին: Ուստի նման հարցերով վարչապետին չծանրաբեռնելու նպատակով Ձեզ ենք դիմում խնդրելով օրենսդրության և Ձեր լիազորությունների սահմաններում քննել, գուցե նաև դիմել պատկան մարմիններին և փորձել աջակցել խնդիրների իրավական կարգավորմանը:
Տվյալ դեպքում հարցը վերաբերում է ՀՀ ՊԵԿ-ի մաքսային պետական ծառայությանը:

Այսպես.

Տնտեսվարողների կողմից ՀՀ տարածք ապրանքների ներմուծման և արտահանման ընթացքը մարդկային գործոնի, սուբյեկտիվ-հայեցողական միջամտությունից իբր զերծ պահելու համար ներմուծվել է «հայտարարագրման էլեկտրոնային եղանակ»: Սակայն, ինչպես ցույց է տալիս մեր 1-2 տարվա մանրակրկիտ աշխատանքը և փորձը, այն ուղղակիորեն ներդրվել և օգտագործվել է լրացուցիչ ֆորմալ խոչնդոտներ ստեղծելու համար: Մեր ավելի քան մեկ տարվա ուսումնասիրությունները ապացուցում են, որ վերոհիշյալ հարցերը մինչ այսօր էլ լուծվում են դարձյալ սուբյեկտիվ- հայեցողական եղանակով:

Սակայն, որքան էլ զարմանալի թվա, մաքսային ծառայությունները ընդհուպ մինչև ՊԵԿ նախագահի տեղակալ, մաքսային ծառայության պետը, շարունակում են պնդել անհեթեթ պատճառաբանություններ զուտ ֆորմալ խոչնդոտները պարտադրելու համար՝ չնայած օրենսդրությունը հստակ նշում է դրա ոչ պարտադիր լինելը (մասնավորապես ներմուծում-արտահանման ժամանակ ապրանքների հայտարարագրման ավանդական կամ էլեկտրոնային լինելու մասին):

Հարկ է հիշատակել, որ սույն հարցով ՀՀ վարչապետի կողմից Ֆինանսների նախարարությանը տրվել է հանձնարարական՝ համապատասխան ճշգրտումներ կատարելու և հարցը պարզաբանելու համար: Սակայն այն նույնպես մնացել է օդում:
Առայժմ Ձեզ չծանրաբեռնելու համար ձեռնպահ եմ մնում բոլոր փաստական հանգամանքները ներկայացնել, և կից ուղարկում եմ միայն վերջին գրությունները.
Խնդրում եմ նախ Ձեր կարծիքը վերոհիշյալի մասին, այնուհետև նպատակահարմար համարելու դեպքում հարցադրմամբ դիմել պատկամ մարմիններին պարզաբանումներ ստանալու համար:

Հարգանքով՝ Վ.Լ.Գասպարի

Այս դիմումը «ՎԱԼ Օթոմեյշն» ՍՊԸ տնօրեն Վարդգես Գասպարին ապրիլի չորսին ուղարկել է ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամներ Հայկ Գևորգյանին, Ծովինար Վարդանյանին, Բաբկեն Թունյանին, Վաղարշակ Հակոբյանին, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Վլադիմիր Վարդանյանին, Նիկոլայ Բաղդասարյանին, Սիսակ Գաբրիելյանին, Վահագն Հովակիմյանին, Արուսյակ Ջուլհակյանին, Լիլիթ Մակունցին, Հակոբ Սիմիդյանին, Գայանե Աբրահամյանին, Տաթև Հայրապետյանին, Հայկ Կոնջորյանին, Սիփան Փաշինյանին, Հերիքնազ Տիգրանյանին, Կրիստինա Պողոսյանին, Արփի Դավոյանին։

Մայիսի 1-ին Գասպարին հրապարակել է դիմումը ֆեյսբուքի իր էջում՝ հարցնելով նշված պատգամավորներից՝ արդյոք նրանք ստացել են այն և ինչ կարծիք ունեն հիշատակված խնդրի մասին։  Պատգամավորներից մի քանիսը պատասխանել են, որ չեն ստացել դիմումը։