Home / Դատարան / Քոչարյանին և նրա ընտանիքին պատկանող որոշ գույքեր կբռնագանձվեն

Քոչարյանին և նրա ընտանիքին պատկանող որոշ գույքեր կբռնագանձվեն

Գլխավոր դատախազությունը նախնական կալանք է կիրառել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված յոթ անձի (ընտանիքի անդամներ՝ կին, զավակներ, նրանց ամուսիններ) գույքերի նկատմամբ։

Դատախազության ուսումնասիրության նախնական արդյունքներով ապօրինի են դիտվել և ենթակա են բռնագանձման՝

— 20 միավոր անշարժ գույք՝ առավելապես Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող շենքերում,

— 2 տրանսպորտային միջոց,

— Մասնակցություն՝ հայաստանյան և արտասահմանյան 18 իրավաբանական անձերում,

— Ավելի քան 1.5 միլիոն ԱՄՆ դոլարի ավանդներ և արժեթղթեր,

— Շուրջ 10 միլիարդ դրամի ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված փոխառություններ,

— Շուրջ 22 միլիարդ դրամ, որն իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների և այլ ծախսված միջոցների հանրագումար, որը չի նույնականացվել:

թարմացում․ — «Առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի անդամների գույքի ցուցակը կարդացել եմ Մարտի 1-ի գործում։ Այն գործի նյութերին կցվել էր [այն ժամանակ ԱԱԾ պետ] Արթուր Վանեցյանի կողմից, ինչի համար էլ Սասուն Խաչատրյանի հետ հայտնի համատեղ ասուլիսում նա վստահ հայտարարում էր ընդամենը մի քանիսի մասին։ Այդ 6.5 էջ տեղեկանքը հասցեների ամբողջություն էր… Ամբողջական շենքեր, հարկեր՝ բնակարանների համարներով, շահաբաժիններ տարբեր բիզնեսներում։ Ասենք՝ Հյուսիսային պողոտա, X շենք, բնակարաններ 66,67, 68, 69…… 99, 100, 101, 102, 103..․ Այսպես շարունակ։ <․․․> Չեմ հավատում, որ ապօրինի ծագման գույքի քանակներն ու չափը հայտարարվածն է։ Անգամ այն ժամանակ համոզիչ չէր, որ ողջ հարստությունն այդ 6.5 Էջ հասցեների ցանկն է, որը երեք անգամից կարդացի… Իսկ Հայաստանից դուրս ունեցա՞ծը», – ֆեյսբուքի իր էջում գրել է Հանրային խորհրդի նախագահ Ստոյպա Սաֆարյանը։