Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են Սիվիլնեթի թղթակից և Անալիտիկոն պարբերականի լրագրող Հայկ Ղազարյանի նկատմամբ Ստեփանակերտում կազմակերպված հարձակումը։ Ղարաբաղի դատախազությունից նրանք պահանջում են պատասխանատվության ենթարկել լրագրողին ծեծի ենթարկած անձանց, Ղարաբաղի նախագահից՝ պաշտոնանկ անել ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանին, եթե ապացուցվի նրա առնչությունը այս միջադեպին։
Հուլիսի 11-ին քաղաքացիական հագուստով մի խումբ մարդիկ Ստեփանակերտի կենտրոնում դարանակալել և փորձել են առևանգել լրագրող Հայկ Ղազարյանին, երբ չի հաջողվել՝ ծեծի են ենթարկել նրան։
Լրագրողն այդ մարդկանցից ոմանց ճանաչել է և պնդում է, որ նրանք ԼՂՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի շրջապատից են։
«Մեկի անունը Վրեժ ա։ Էն մեկին էլ գիտեմ։ Երկուսն էլ Կարեն Սարգսյանի աշխատակազմից են։ Պարոն Սարգսյան, փաստորեն լրագրող եք ծեծում, հա՞… Սե՞նց են անում, պարոն նախագահ, Ղարաբաղ ցեղասպանությունից հինգ ա պակաս, իրանք մարդ են վախացնում», – ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է Ղազարյանը։
Հարձակումից երկու օր առաջ ոստիկանները խոչընդոտել են նրա մասնագիտական գործունեությանը։ Հուլիսի 9-ին Ղարաբաղի ԱԱԾ-ի և Դատախազության առջև տեղի ունեցող բողոքի ակցիաները լուսաբանելիս ուժայիններից մեկը խլել է նրա հեռախոսը և հրաժարվել վերադարձնել։
«Դա արել է քաղաքացիական հագուստով քրեական հետախուզության վարչության պետ Արայիկ Գասպարյանը։ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի միջնորդությամբ հեռախոսս վերադարձրել են։ Բայց նկարահանված տեսանյութերս ջնջել են», – նույն օրը գրել է Ղազարյանը։ Ջնջված տեսանյութերը պատկերում էին ոստիկանների և ցուցարար-փաստաբանների միջև դատախազության դիմաց տեղի ունեցած բախումը։
Միջադեպից հետո լրագրողը ֆեյսբուքի ուղիղ եթերով պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից, ներքին գործերի նախարարից։
Երկու օր անց՝ հուլիսի 11-ին, «Սիվիլնեթը» հայտարարություն է տարածել և ահազանգել՝ լրագրողին հրավիրել են Ղարաբաղի ԱԱԾ և ճնշումների ենթարկել․ «Արցախի ԱԱԾ ղեկավար Արարատ Մելքումյանը կոշտ և սպառնալից տոնով է խոսել նրա հետ, պահանջել է ուղիղ եթերով ներողություն խնդրել ներքին գործերի նախարարության և ԱԱԾ ծառայողներից»։
Հայտարարությունից ժամեր անց Ղազարյանին բռնել են Ստեփանակերտի գլխավոր փողոցների մեկում, 2-3 հոգով հարձակվել են նրա վրա, հարվածել, հայհոյել, փորձել խցկել մեքենան։
Ի՞նչն է դարձել լրագրողի նկատմամբ կազմակերպված հարձակման պատճառ
Ըստ Հայկ Ղազարյանի՝ ամեն ինչ սկսվել է հունիսի 7-9-ի ակցիաներից։
Ակցիան նախաձեռնել էին Ղարաբաղում պետական դավաճանության մեջ մեղադրվող Արման Իսրայելյանի փաստաբանները՝ Ռոման Երիցյանն ու Ռաֆայել Ջհանգիրյանը, որոնց չեն թույլատրում տեսակցել իրենց պաշտպանյալին։
Մոտ երկու ամիս առաջ կալանավորված Արման Իսրայելյանը մինչ այդ պահվում էր Ղարաբաղի ԱԱԾ-ում, որը կալանավորների պահման վայր և այդպիսի գործառույթ առհասարակ չունի։ Նրա ծնողները ահազանգում էին՝ հիմնավոր կասկածներ ունեն, որ իրենց որդուն այնտեղ խոշտանգումների են ենթարկում։
Հուլիսի 7-ի ակցիայի ժամանակ փաստաբան Ռոման Երիցյանն նշել էր՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով Իսրայելյանին ԱԱԾ-ից տեղափոխել են հանրապետական հիվանդանոց։ Փաստաբան Ռաֆայել Ջհանգիրյանին չեն թույլատրում տեսակցել նրան:
«Ես որպես պաշտպան այդ իրավունքը ունեմ, ուզում եմ տեսակցել նրան: Ասում են, որ այսօր չի ստացվում, որովհետև ֆիզիկական բռնության հետքեր ունի, վաղն էլ, օրինակ, այդ հետքերը անցնելու են, նրան էլ ստիպելու են, որ չասի ինձ դրա մասին: Իսկ այսօր ես կարող եմ տեսնել, արձանագրել ու դրա վերաբերյալ հաղորդում ներակայացնել», – ՍիվիլՆեթին ասել էր փաստաբանը:
Արման Իսրայելը աշխատել է Ղարաբաղում ականազերծմամբ զբաղվող The Halo Trust կազմակերպությունում և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղի գրասենյակում։ Այժմ նրան մեղադրում են լրտեսության եղանակով պետական դավաճանության մեջ։
«Ոմն ֆեյսբուքյան օգտատեր ներկայացել է Հոլանդիայում բնակվող Ուկրաինայի քաղաքացի: Ասել է՝ Անդրկովկասի վերաբերյալ վերլուծություն ենք անում, ու դա ներկայացնում ենք միջազգային կազմակերպություններին: Կարմիր խաչի վերաբերյալ համացանցում հասանելի տեղեկությունները, թե այն ինչ գործուենություն է ծավալում Արցախում, ուղարկել է այդ մարդուն: Առաջարկ է ստացել համագործակցության, և 100 դոլարով համացանցում հասանելի տեղեկությունները ուղարկում էր այդ մարդուն: Նորից ասեմ՝ համացանցում հասանելի և գաղտնիք չհանդիսացող տեղեկությունները փոխանցում էր այդ մարդկանց: Նրանք կասկածում են, քանի որ այդ մարդը ադրբեջանական IP-ով էր մտնում կայք, ուրեմն թուրք է, ու մերոնք ինֆորմացիա էին տրամադրում նրան: Հասանելի ինֆորմացիա էր տալիս, և ամենակարևորը չգիտեր, թե նա թուրք է: Այդ մարդու էջը զննելիս հնարավոր չէ պատկերացնել, որ թուրք է, Արամ Խաչատրյանի մասին է գրում, ադրբեջանական վանդալիզմն է քննադատում և այլն», – ավելի վաղ պատմել է նրա փաստաբանը։
Իսրայելյանը մեղքը չի ընդունում, նրա փաստաբանները պնդում են, որ մեղադրանքը հիմնազուրկ է։
նեղ քաղաքական, խմբային խնդիրների սպասարկում
Լրագրողի նկատմամբ հարձակումից հետո ղարաբաղյան իշխանությունները անգործության են մատնված։
«․․․Անցած տարվա դեկտեմբերից Ադրբեջանը շրջափակել է Արցախը, որի բնակչությունը հայտնվել է հումանիտար աղետի եզրին, և այս պայմաններում տեղի իշխանությունները պետք է առավել ջանքեր գործադրեն և հանդուրժողականություն ցուցաբերեն հանրային համերաշխություն ձևավորելու համար։ Մինչդեռ, կիրառված բռնությունը վկայում է, որ ընտրվել է միանգամայն այլ՝ նեղ քաղաքական, խմբային խնդիրների սպասարկման ճանապարհ։
Եվ ամենևին էլ պատահական չէ, որ Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է․ «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ եթե «Անալիտիկոն»-ի ու «Սիվիլնեթ»-ի աշխատակից Հայկ Ղազարյանի գլխից մի մազ պակասի, ապա մե՛զ հետ եք գործ ունենալու, ու ոչ միայն մեզ հետ։ Խոսքս Արցախի պատկան մարմիններին է ուղղված։ Այս իրավիճակից փոքրիշատե պատվով դուրս գալու շանս դեռ ունեք»», – ասվում է 11 կազմակերպությունների (Երևանի մամուլի ակումբ, Գորիսի մամուլի ակումբ, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե և այլն) համատեղ հայատարարությունում։