Home / Ազգային ժողով / Կա՛մ Ալեն Սիմոնյանը պատժվելու է, կա՛մ վերադառնալու ենք անցյալ․ Գասպարի

Կա՛մ Ալեն Սիմոնյանը պատժվելու է, կա՛մ վերադառնալու ենք անցյալ․ Գասպարի

Շաբաթներ առաջ Վարդգես Գասպարին նամակով դիմել էր իր ընտրած քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 71 պատգամավորներին՝ պահանջելով գնահատական տալ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի արարքին և հստակ դիրքորոշում հայտնել՝ կո՞ղմ են էթիկայի հանձնաժողով գումարելուն, թե՞ ոչ։ Պատգամավորներից ոչ մեկը նամակին չի պատասխանել։

Ապրիլի սկզբին կանադահայ դաշնակցական Կարեն Մկրչյանը Ալեն Սիմոնյանին «դավաճան» էր անվանել։ Սիմոնյանի թիկնապահները անշարժացրել էին նրան, խորհրդարանի խոսնակը՝ թքել դեմքին։ Պարեկները ոլորել և բերման էին ենթարկել ոչ թե թքող պաշտոնյային, այլ նրան քննադատած դաշնակցականին։ Սիմոնյանը որևէ պատասխանատվության չի ենթարկվել։

Գասպարին համարում է, որ տեղի ունեցածը մոռացության մատնվել չի կարող․ «Եթե սա պատշաճ վերաբերմունք չստանա, մենք շատ սահուն կերպով կվերադառնանք անցյալին, կվերականգնենք նախկինի բոլոր նողկալի երևույթները»։

Նրա պառկած ակցիաները արդեն պարբերական բնույթն են կրում և շարունակելու են այնքան ժամանակ, մինչև Ազգային ժողովի նախագահը պատասխանատվության չենթարկվի․

image_2023-07-15_16-07-25

«Մարդու վրա թքելը արդարացում չունի» պաստառով առաջին անգամ՝ նախագահան նստավայրի, երկրորդ անգամ՝ խորհրդարանի, վերջին անգամ (հուլիսի 13-ին) Կառավարության դիմաց Գասպարին սպասում է իշխող ուժի ներկայացուցիչներին՝ հիշեցնելու համար, որ «ժողովրդավարությունը միայն ընդդիմախոսներին քննադատելը չէ, այլև յուրայիններին քննադատելու հնարավորությունը և այդ քննադատության առկայությունը»։

Նա դատապարտում է նաև ՔՊ աջակիցներին, որոնք «կարելի է ասել՝ կամ ողջունում են, կամ լռելյան համաձայն են պարսավելի այն արարքի հետ, որը կատարել է Ալեն Սիմոնյանը և արդարացրել է Նիկոլ Փաշինայնը»:

Դեպից երեք ամիս անց էլ Ալեն Սիմոնյանի արարքը քաղաքական գնահատականի չի արժանացել։ Սիմոնյանը արդարացել է՝ «երևանցի տղա եմ», օրեր անց ձևական ներողություն է խնդրել և շարունակում է պաշտովարել։ Ո՛չ քրեական գործ են հարուցել, ո՛չ գոնե էթիկայի հանձնաժողով գումարել։ Նիկոլ Փաշինյանը թիմակցի «սխալը» արդարացրել է նրանով, որ Ալեն Սիմոնյանը «մարդ է, այլ ոչ թե աստված»։