Ղազախստանում նոյեմբերի 20-ին անցկացված նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ստանալով ձայների 81,31%-ը։ Նրա մրցակիցները բոլորին անհայտ 5 թեկնածուներ էին։
«Ժողովրդի վստահությունը ամենագլխավոր արժեքն է։ Մենք պետք է արդարացնենք նրանց այդ վստահությունը», – հայտարարել է Տոկաևը, երբ նոյեմբերի 21-ին հրապարակվել են ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ նա հավաքել էր ձայների 82,2-85,5%-ը։
Տոկաևը, ով իշխանության գլխին է 2019 թվականից, երկրում փաստացի ոչնչացրել է ընդդիմությունը։ Ընտրություններին մասնակցող թեկնածուներին գրեթե ոչ ոք չէր ճանաչում։ Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, վերջինիս ամենամոտ մրցակիցը հավաքել էր ընդամենը ձայների 5,2%-ը։ Ընտրազանգվածի ակտիվությունը կազմել է շուրջ 69% էր։
Սկզբում նախագահական ընտրությունները 2024 թվականին էին պլանավորվում, բայց սեպտեմբերին Տոկաևը հայտարարել էր, որ իր կողմից իրականացվող լայնածավալ սահմանադրական և տնտեսական բարեփոխումների շրջանակներում արտահերթ ընտրություններ են անցկացվելու:
Քվեարկությունից առաջ վերլուծաբանները նշում էին, որ ընտրողների մասնակցության ցուցանիշը նույնքան կարևոր է լինելու այս ընտրություններում, որքան հաղթողը. բարձր ցուցանիշը խոսելու է իշխանությունների նկատմամբ ժողովրդի վստահության մասին: Նախագահական ընտրությունները նշանակել էր հենց Տոկաևը. 2022-ի տարեսկզբին Ղազախստանով մեկ բռնկված լայնածավալ ցույցերի և արյունալի բախումներից հետո Նազարբաևին փոխարինած Տոկաևը փորձում է լեգիտիմացնել իր իշխանությունը։
Նախագահի պաշտոնի համար պայքարում էին 6 թեկնածուներ՝ Տոկաևը, մասլիխատի (տեղի օրենսդիր մարմին) պատգամավոր Կարակատ Աբդենը, Համաժողովրդական սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Նուրլան Աուեսբաևը, Ղազախստանի ֆերմերների ասոցիացիայի ղեկավար Ժիգուլի Դայրաբաևը, արհմիությունների կողմից առաջադրված տնտեսագետ-տեսաբան Մեյրամ Կաժիկենը և իրավապաշտպան Սալտանատ Տուրսինբեկովան։
Տոկաևի մրցակիցները մինչ այս չեն երևացել մեծ քաղաքականության մեջ և գրանցվել են ընտրություններից բառացիորեն երկու ամիս առաջ։ Ըստ վերլուծաբանների, Տոկաևը արտահերթ ընտրություններ էր հայտարարել սեփական հաղթանակն՝ իրական մրցակիցների ի հայտ գալուց առաջ հաստատելու համար, կամ՝ քանի դեռ երկրում չի աճել բողոքի ալիքը։
Տոկաևը Ղազախստանի նախագահ էր դարձել 2019 թվականին՝ երկրում գրեթե երեք տասնամյակ ավտորիտար կերպով ղեկավարած Նորսուլթան Նազարբաևի հեռանալուց հետո։ 28 տարի նախագահած Նազարբաևը ընտրությունների ժամանակ աջակցել էր Տոկաևին և փաստացի իշխանությունը փոխանցել իրեն։ Սակայն 2022 թվականի հունվարի ցույցերից հետո, երբ անկարգությունների հետևանքով առնվազն 225 մարդ էր զոհվել, նոր նախագահը սկսեց ակտիվորեն հեռացնել Նազարբաևի բարեկամներին տարբեր գերատեսչություններում, այդ թվում՝ հատուկ ծառայություններում և պետական ընկերություններում զբաղեցրած կարևոր պաշտոններից։
Հունվարին Ղազախստանում լայնամասշտաբ անկարգություններ էին տեղի ունեցել, որոնք սկվսել էին գազի թանկացման դեմ բողոքի ցույցերից։ Դրա հետևանքով երկրով մեկ հարյուրավոր մարդիկ էին զոհվել, հազարավոր ցուցարարներ էին ձերբակալվել։ Նազարբաևի ընտանիքի անդամները և նրա մտերիմ շրջապատի մարդիկ զրկվել էին պաշտոններից և ունեցած ազդեցությունից։ Մարտին Տոկաևը մի շարք սպասվող բարեփոխումներ ազդարարեց, որոնց թվում էր նաև Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելը։ Մասնավորապես, հանրաքվեի արդյունքներով, նախագահի լիազորությունները սահմանափակվեցին մեկ յոթամյա ժամկետով։