Home / Բանակ / Լուկաշենկոն, Պուտինը, Տոկաևը, Ռահմոնն ու ժապարովը լսեցին Փաշինյանի կարծիքը ՀԱՊԿ-ի մասին

Լուկաշենկոն, Պուտինը, Տոկաևը, Ռահմոնն ու ժապարովը լսեցին Փաշինյանի կարծիքը ՀԱՊԿ-ի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնական այցով Մոսկվայում էր՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Այս տարի լրանում է կազմակերպության հիմնադրման 30-ամյակը։ Փաշինյանն իր ելույթում, ի թիվս այլի, անդրադարձել է «ՀԱՊԿ որոշ երկրների» կողմից Ադրբեջանին զենքի մատակարարմանը, ինչպես նաև կազմակերպության արձագանքին՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմին և 2021 թվականին ադրբեջանական զինուժերի՝ Հայաստանի տարածք ներխուժմանը։

«Ինչպես գիտեք, անցած տարի հենց այս օրերին Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, որպեսզի գործադրվեն 2010 թվականի դեկտեմբերի 10-ին հաստատված Ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերով մեխանիզմները: Ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունը արձագանքել է այնպես, ինչպես սպասում էր Հայաստանի Հանրապետությունը: », – ասել է Փաշինյանը։

Հայաստանի ղեկավարը հավելել է, որ տարիներ շարունակ ՀԱՊԿ անդամ որոշ պետությունների կողմից Ադրբեջանին զենք է վաճառվել, որն ի վերջո օգտագործվել է Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։ Սա Փաշինյանը ևս խնդիր է համարում։

«Անկեղծ ասած, ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և պատերազմից հետո այնքան էլ չեն ուրախացրել Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին, բայց ես ուզում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարևորը դերը Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման գործում: Ես ուզում եմ ևս մեկ անգամ հաստատել, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններին», – շարունակել է վարչապետը։

Փաշինյանն իր ելույթում նաև անդրադարձել է կազմակերպության ներքին որոշ խնդիրների․

«Ընդհանրապես, կարելի է ասել, որ ՀԱՊԿ պատմության մեջ շատ է դրականը, որովհետև ՀԱՊԿ-ն եղել է, կա ու կլինի կարևորագույն գործոնը տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում: Բայց, ինչպես տեսնում ենք, այսօրվա հոբելյանական գագաթնաժողովին քննարկում ենք ոչ միայն հոբելյանական հարցեր, որովհետև ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում իրավիճակը բավականին լարված է», – ասել է պաշտոնյան և հավելել, որ կազմակերպության անդամների քվեարկությունները ոչ միշտ են սինխրոն։

«Նկատեմ, որ սա նոր խնդիր չէ, երկար ժամանակ այն ուղեկցում է մեզ: Հայաստանը բազմիցս բարձրացրել է այս հարցը: Մենք աշխատանքային կարգով բազմիցս այդ հարցը քննարկել ենք: Ակնհայտ է, որ այդ հարցը կարիք ունի հետագա քննարկման»,- ընդգծել է վարչապետը։