Home / Հայաստան / Հայ-ադրբեջանական սահմանին զինվոր է զոհվել․ Երևանը խստորեն դատապարտում է

Հայ-ադրբեջանական սահմանին զինվոր է զոհվել․ Երևանը խստորեն դատապարտում է

Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտել է մայիսի 28-ին Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը, որի հետևանքով զոհվել է Հայաստանի զինված ուժերի զինծառայող, շարքային Դավիթ Վարդանյանը:

«Մայիսի 28-ին և նախկինում տեղի ունեցած նմանօրինակ սադրանքներն ու միջադեպերը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները հերթական անգամ հիմնավորում են Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը, ինչի մասին հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է», – մայիսի 29-ին հայտարարել է արտգործնախարարությունը։

Գերատեսչությունը հավելել է՝ միջադեպը պետք է հետաքննության ու գնահատականի արժանանա սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով (երկկողմ) հանձնաժողովի կողմից, որն արդեն սկսել է իր աշխատանքները։

ԱԳՆ-ն կարևորել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, ՀԱՊԿ-ի, Եվրոպական միության և ողջ միջազգային հանրության «պատշաճ ու հասցեական» գնահատականը Ադրբեջանի «սադրիչ գործողություններին ու հայտարարություններին, ագրեսիվ հռետորաբանությանը, որոնք Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը խաթարելու նպատակ ունեն»։ Գերատեսչությունը կոչ է արել Ադրբեջանի ղեկավարությանը զերծ մնալ սադրանքներից և «կատարել եռակողմ հայտարարություններով ու բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ստանձնած՝ տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման հանձնառությունները»։

Հայաստանի պաշպանության նախարարությունն ավելի վաղ հաղորդել էր, որ մայիսի 28-ի առավոտյան ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով հրազենային ծանր վիրավորում էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը:

Զինվորի կյանքը փրկել չի հաջողվել։ Մայիսի 29-ին նա մահացել է։